Պենտագոնը հաստատել է Գերմանիայից ԱՄՆ-ի 5000 զինծառայողի դուրսբերումը
Պենտագոնն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գերմանիայի ռազմակայաններից դուրս կբերի 5000 զինծառայողի՝ կատարելով այն սպառնալիքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտել էր երկրի առաջնորդի հետ Իրանի պատերազմի շուրջ վիճաբանությունից հետո, հայտնում է Politico-ն։
Սա զորքերի թվակազմի համեմատաբար փոքր կրճատում է, որը սկսվել էր նախագահ Ջո Բայդենի օրոք՝ ի պատասխան Ուկրաինայի պատերազմի։ Գերմանիայում դեռևս կմնա շուրջ 33 000 ամերիկացի զինծառայող։
Թրամփը, որը բազմիցս դժգոհել է, թե ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողացել աջակցել Իրանին հարվածելու հարցում, ամիսներ շարունակ զգուշացնում էր, որ ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Եվրոպայից։
Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Պարնելը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը զորքերի դուրսբերման հրաման է տվել Եվրոպայում ամերիկյան ուժերի ավելացման վերլուծությունից հետո, և դա պատասխան է «ռազմական գործողությունների թատերաբեմի պահանջներին և տեղում առկա պայմաններին»։
«Պաշտպանության նախարարը հրամայել է Գերմանիայից դուրս բերել մոտ 5000 զինծառայողի։ Ակնկալում ենք, որ դուրսբերումը կավարտվի առաջիկա վեցից տասներկու ամսվա ընթացքում»,- նշել է Պարնելը։
Թրամփը Գերմանիայից զորքերի դուրսբերման մասին առաջին անգամ հայտարարել էր չորեքշաբթի օրը՝ ի նշան իր հիասթափության այն բանի, թե ինչպես են ՆԱՏՕ-ն և եվրոպական դաշնակիցներն աջակցում Իրանի պատերազմին։ Այս առաջարկն անակնկալի էր բերել Պենտագոնի պաշտոնյաներին, որոնք չէին լսել զորքերի հնարավոր դուրսբերման մասին մինչև նախագահի սպառնալիքը սոցիալական ցանցերում։
Գերմանիայում տեղակայված է 38 000 ամերիկացի զինծառայող, այստեղ են բազավորված ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը և Աֆրիկյան հրամանատարությունը. սա առ այսօր Եվրոպայում ամերիկյան զորքերի ամենախոշոր տեղակայումն է։
Ավելի վաղ այս տարի Պենտագոնն ավարտել էր ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական ուժի վերանայումը։ Այդ զեկույցում Եվրոպայից զորքերի լայնածավալ դուրսբերման կոչ չկար, սակայն այնտեղ խոստում կար ավելի շատ ռազմական ուժեր և միջոցներ ուղղել Արևմտյան կիսագունդ ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և եվրոպական անվտանգությունն ընձեռել եվրոպական երկրներին։



