Մեքսիկայում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել․ առնվազն 11 մարդ զոհվել է
Մեքսիկայի Նայարիտ նահանգի Ամատլան դե Կանյաս մունիցիպալիտետում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 31-ը՝ վիրավորվել, հայտնում է El Universal-ը։
Նահանգի իշխանությունների տրամադրած տեղեկատվության համաձայն, տրանսպորտային միջոցը ժամանել էր Խալիսկոյից, ուստի կապ է հաստատվել այդ նահանգի կառավարության հետ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու գործողությունները համակարգելու համար։
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Ամատլան դե Կանյասից Սան Մարկոս տանող ճանապարհի 7500-րդ կիլոմետրին՝ Պիե դե լա Կուեստա քաղաքում։ Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները դեռևս անհայտ են։
Արտակարգ իրավիճակների հեռախոսահամարով հաղորդումներ ստանալուց հետո տեղական իշխանությունները գործողություն են սկսել, որին մասնակցել են Նայարիտ նահանգի հրշեջ պահպանությունը, նահանգային ոստիկանությունը, մունիցիպալ քաղաքացիական պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը (Condor) և նահանգի գլխավոր դատախազության աշխատակիցները՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։



