
Անտեր վիճակ է, չեն կարողանում որևէ խնդիր լուծել. հայկական բեռնատարները՝ վրացական արգելանքի առաջ

Դեպի Ռուսաստան և Մերձբալթյան երկրներ ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունները մեկ ամսից ավելի է՝ չմեկնաբանվող ու տարօրինակ ստուգումների են ենթարկվում Վրաստանում։ Պատճառները հասկանալի չեն հայաստանյան արտադրող, արտահանող ու բեռնափոխադրող ընկերություններին։
Օրեր առաջ խնդրի մասին հնչած հարցադրումներին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել էր, որ Հայաստանում հանդիպել է վրացական կողմի պաշտոնյաների հետ, ու այս հարցը նույնպես քննարկել են:
Այս քննարկումների անհետևանք լինելը կոնյակ արտադրող ընկերություններին օրեր առաջ բերել էր Հայաստանում Վրաստանի դեսպանության առջև բողոքի ակցիայի։
Բողոքի ակցիա նախաձեռնող կոնյակագործներին հետո միացան նաև արտահանող ու բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ։ Ակցիայից 2 ժամ անց միայն ՀՀ-ում վրացական դեսպանությունը հանդիպման հրավիրեց հավաքի 2 մասնակցի, ապա նրանց միջոցով փոխանցեց՝ վրացական կողմն առաջիկայում հանդես կգա պարզաբանմամբ։ Ոչինչ ավելի։ Ակցիայի մասնակիցները որոշեցին դեռևս սպասել վրացական կողմի պատասխանին։
«Ընդհանրապես, որ Վրաստանը ոչ ֆորմալ, ոչ լեգալ խոչընդոտներ է ստեղծում, դա փաստ է,- 168.am-ի հետ զրույցում իրավիճակին անդրադառնալով՝ նշեց տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը, ապա մանրամասնեց,- ՀՀ-ն միակ ԵԱՏՄ անդամ-պետությունն է, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, և Վրաստանն է այս պարագայում դիտարկվում որպես տարանցիկ երկիր։ Հե
ևաբար՝ Հայաստանից բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են ՌԴ, եթե այդ ապրանքները Վրաստանի համար չեն համարվում վտանգավոր, արգելված, կամ իրենց օրենսդրությամբ խնդրահարույց, օրինակ՝ զենք-զինամթերք, թմրանյութեր, ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող ապրանքներ, Վրաստանը դրանց հետ անելիք չունի։ Որպես տարանցիկ երկիր՝ վրացական կողմն ուղղակի պարտավոր է այդ ապրանքը բաց թողնել, որովհետև վերջնակետը՝ վերջին սպառողը, ԵԱՏՄ մյուս անդամ-երկիրն է՝ Ռուսաստանի Դաշնությունը»։
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա՝ ապրանքները, որոնք մեկ անգամ արդեն հայտարարագրվում, ձևակերպվում են որևէ անդամ պետությունում, արդեն իսկ ունեն ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ․ այդ դեպքում պայմանագրով սահմանվում է, որ պետք է ազատ տեղաշարժի իրավունք ունենան։
«Վերջին շրջանում վրացիները բազմիցս են նման խոչընդոտներ ստեղծում՝ այն հիմնականում կապելով սանկցիոն ապրանքների հետ, թեև Վրաստանը պաշտոնապես չի միացել ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Այս վերջին ամիսներին արդեն իրենք ինտենսիվացրել են խոչընդոտները և բոլոր ապրանքատեսակների հետ կապված»,- նկատեց նա։
Խոսելով հենց կոնկրետ ալկոհոլային խմիչքներ արտադրող-արտահանող ընկերությունների մասին, որոնց Վրաստանում ուղղորդում են լաբորատոր փորձաքննության, Հայկ Ֆարմանյանը շեշտեց, որ փորձաքննությունը բխում է սպառողի շահերից, հետևաբար՝ այն կարող է անել վերջնական սպառողը։
«Երրորդ կողմը՝ տարանցիկ երկիրը, իրավունք չունի նման բան անել։ Մենք գործ ունենք ոչ ֆորմալ ռեկետի հետ․ տվյալ պարագայում մեր պատկան մարմինները պետք է դիվանագիտական ու քաղաքական ջանքեր ներդնեն՝ խնդիրը լուծելու համար։ Մաքսային կցորդ ունենք, որի հետ գործարարները չեն կարողանում կապի դուրս գալ, կա Էկոնոմիկայի նախարարություն, փոխվարչապետ, իրենք պարտավոր են միջամտել հարցին։
2018 թվականից առաջ, օրինակ, նախարարը՝ նախարարի մակարդակով, մաքսատան ղեկավարը՝ մաքսատան ղեկավարի մակարդակով, վարչապետը՝ վարչապետի մակարդակով, փորձում էին խնդրին լուծում տալ։ Այժմ, իմ տպավորությամբ, մեր կառավարությունը մատնված է անգործության․ մարդիկ անհատական մակարդակով, տարբեր սխեմաներով են փորձում իրենց խնդիրները կարգավորել։ Այսինքն՝ ունենք մի անտեր վիճակ, որ պետությունը չի կարողանում խնդիր լուծել»,- հավելեց նա։
Դիտարկմանը, թե նախարար Պապոյանը նշում է, որ քննարկել է հարցը վրացական կողմի հետ, Ֆարմանյանը հակադարձեց՝ այդ դեպքում ինչո՞ւ մինչ այժմ խնդիրը չի լուծվել։
Պատճառների մասին մեր հարցադրումները մասնագետը քաղաքական համատեքստում դիտարկեց։
«Քանի որ ունենք թույլ իշխանություն, վրացիներն օգտվում են առիթից ու փորձում են փող աշխատել,- ասաց նա՝ չբացառելով, որ այս իրավիճակում առկա են նաև կոռուպցիոն ռիսկեր,- Քանի որ հայ գործարարն անտեր վիճակում է, իրենք չարաշահում են մեր կարգավիճակը։ Ի՞նչ է նշանակում լաբորատոր փորձաքննություն, ապօրինի վիճակի հետ գործ ունենք»։
Ի դեպ, քանի որ այս խոչընդոտների ժամանակահատվածը համընկել է Հայաստանի կողմից՝ ԵՄ դեմ գնալու, իսկ Վրաստանի կողմից՝ ԵՄ անդամակցելու գործընթացը հետաձգելու հայտարարությունների հետ, Հայկ Ֆարմանյանը ենթադրում է, որ սա վրացական կողմի պատասխանն է։
Պատժո՞ւմ են վրացիները՝ 168․am-ի հարցադրմանը պատասխանելով՝ տնտեսագետը պարզաբանեց․
«Այո, ես նաև այդ խնդիրն եմ տեսնում, սա էլ կարող է լինել պատճառ, որը չի բարձրաձայնվել»։