Բաժիններ՝

Ժողովո՛ւրդ, որտեղից էլ զանգահարեն, տվյալներ, կոդեր ՄԻ՛ փոխանցեք. Կիբերհանցագործները կատարելագործվում են, քաղաքացիները՝ ահազանգում. ո՞ւմ դաշտում է խնդիրը

Կիբերհանցագործությունները 2024 թվականին, ըստ տարբեր աղբյուրների, համաշխարհային տնտեսությանն արժեցել են շուրջ 16 միլիարդ դոլար։ Տնտեսությանը հասցված այդ վնասը գրեթե մեկ երրորդով ավելի է, քան 2023 թվականին։Այսմտահոգիչ վիճակագրությանը մաս կազմող Հայաստանում քաղաքացիներն ու մասնագետներն ահազանգում են հանցագործության տարբեր ձևաչափերի մասին՝կեղծ հղումներ, զանգեր, գովազդներ, կեղծ էջեր։

Վերջին ամիսներին խնդրի մասին ահազանգում են հատկապես բանկային խարդախության հարյուրավոր զոհերը, որոնց վրա կիբերհանցագործությունների հետևանքով ծանրացել են միլիոնավոր դրամների վարկային պարտավորություններ։

Ի դեպ, ինչպես պատկան կառույցները, այնպես էլ տարբեր մասնագետներ, մեդիափորձագետներ պարբերաբար զգուշացնում են կիբերհանցագործությունների տարածված ձևերի մասին։ Դրանցից մեկը 5G ցանցի թարմացման առաջարկն է կիբերհանցագործների կողմից։ Նկատենք՝ իրականում ցանցի թարմացումն օպերատորի գործառույթն է՝ առանց քաղաքացու մասնակցության։

Հենց տարեսկզբին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել էր․

Կարդացեք նաև

«Զանգում են ձեզ բջջային օպերատորից (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G. Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։

Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել-պակաս տվյալ են ուզում, անում եք հետևյալը՝ անջատում եք զանգը»։

Ի դեպ, մեդիափորձագետը չէր սխալվել իր կանխատեսման մեջ․այսօր էլ խնդիրն արդիական է՝ միայն փոխվել է առաջարկի ձևը։

«Առաջ զանգում-ասում էին՝ միացնելու համար պետք է հղումով մտնել և դիմում գրել, ու գողանում էին բանկային քարտի տվյալը։ Այժմ՝ զանգում են ու առաջարկում են whatsapp-ով զանգահարել, էկրանը շեյր անել (համօգտագործել) ու հետո`հեռախոսի վրա ինչ-որ կոդեր են ուղարկում: Կա ավելի խորացած տարբերակ՝ երբ ծրագիր են ուղարկում, ասում են՝ տեղադրեք հեռախոսի վրա, և այդ դեպքումհեռախոսի բոլոր տվյալները հասանելի են դառնում կիբերհանցագործի համար»,- մեզ հետ զրույցում արդեն ամիսներ անց մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը։

Ո՞ւմ դաշտում է խնդիրը՝ հարցին ի պատասխան՝ մասնագետը նշեց յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության և գրագիտության մասին։

«Կոնկրետ այս՝ 5G-ի դեպքում մարդիկ պետք է հասկանան, որ ամեն զանգողի ասածը չպետք է կատարել, ու ընդհանրապես պետք է հասկանալ, որ որտեղից էլ զանգահարեն, իրավունք չունեն տվյալների հասանելիության պահանջներ դնել։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով եթե նայում ենք, պետությունը պետք է դպրոցից սկսած սովորեցնի այս տիրույթում գրագիտություն»,- պարզաբանեց մեդիափորձագետը։

Անդրադառնալով բանկային զեղծարարությունների հիմնական ձևերին՝ նա նկատեց, որ նորից նույն մեխանիզմն է, սոցիալական ինժեներիայի դաշտում է խնդիրը․

«Բանկի անունից մարդուն խաբում են տարբեր ձևերով՝ դա կարող էլինել զանգ, ֆեյսբուքյան գովազդայինհղում․ամեն դեպքում, մարդուցհավաքում են հնարավորինս շատ տվյալներ, որոնց հիման վրա հասանելիություն են ունենում նրա հաշիվներին և վարկ են ձևակերպում։ Այստեղ, իհարկե, կա նաև բանկերի հարցը․ իրենք պետք է շատ ավելի խիստ սկսեն հետևել պրոցեսներին։

Պետության դերն էլ այստեղկա․ պետությունները պետք է հստակ կարգավորումներ մտցնեն շատ ընդհանրացած, որպեսզի բոլոր բանկերը կատարեն ինչ-որ կոնկրետ պայմաններ։ Հակառակ դեպքում՝ մի բանկը կկատարի, մյուսը՝ չէ։ Այսօր բանկերը գնում են հեշտացման պրոցեսների, որ մարդիկ գան-օգտվեն, բայց ինչքան պրոցեսը հեշտացնում ես, այնքան վտանգները շատանում են»,-նշեց նա։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինչպես ավելի վաղ նշել էր 168.am-ը, ասուլիսում անդրադառնալով բանկային զեղծարարությունների մասին հարցադրումներին, վստահեցրել էր՝ այդ հարցը տրիվիալ հարց չէ, և իրենք հանձնառություն են վերցրել` նայելու ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր էպիզոդները, թեև դա բավականին մեծ ռեսուրս է պահանջում։

«Ամեն քեյս յուրահատուկ է,– ասել էր նա և տեղեկացրել,- Մենք ենք հորդորել բանկերին` գտնել լուծման ճանապարհ, ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար»։

Ի դեպ, ԿԲ նախագահը նաև հավելել էր, թե տուժածների պարտավորությունների չափը վարկային պորտֆելի 0,1 տոկոսն է կազմում։

Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների մի մասի խնդրով զբաղվող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախագահող Մհեր Կարագոզյանն իրականությանը չհամապատասխանող էր որակել Կենտրոնական բանկի նախագահի կողմից իր շահառուներին վերաբերող մի շարք հայտարարությունները․

«Ինքն ասում էր՝ առանձին-առանձին բոլոր քեյսերը պետք է հետազոտենք, չէ՞, բայց ԿԲ-ում վեահսկողական այդ բաժնում կա ընդամենը 30 աշխատակից՝ ինչպես ինքն էր նշում։ Բայց միայն, օրինակ, «ԱյԴի» բանկը 2,5 միլիոն հատ վարկ է տվել։ Մարտին Գալստյանն ասում էր, թե տուժածների պարտավորությունների չափը վարկային պորտֆելի 0,1 տոկոսն է, չէ՞, հետևաբար՝ 2,5 միլիոնի 0,1 տոկոսն անում է 2500, իսկ մենք 3 նման բանկ ունենք՝ դարձա՞ն նույն տրամաբանությամբ՝ 7500, և եթե խոսենք նաև գողացված ավանդների, հաշիվներից գողացված գումարների մասին էլ, 10.000-ն անցնում է։ 10.000 գործ առանձին-առանձին եթե սկսեն հատիկ-հատիկ նայել 30 հոգով, դա անհնարին է, դա իրագործելի չէ»։

Տեսանյութեր

Լրահոս