Բաժիններ՝

ԿԲ նախագահի ասածներն իրականում անհնարին են․ մենք պահանջում ենք չեղարկել ապօրինի վարկերը․ Մհեր Կարագյոզյան

Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիների մի մասի խնդրով զբաղվող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախագահող Մհեր Կարագոզյանն իրականությանը չհամապատասխանող է որակում նախօրեին Կենտրոնական բանկի նախագահի կողմից իր շահառուներին վերաբերող մի շարք հայտարարությունները։ Ավելին՝ նա նշում է․ «Նրա ասածներն իրականում նաև անհնարին են»։

Իսկ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինչպես ավելի վաղ նշել էր 168.am-ը, նախօրեին ասուլիսում անդրադառնալով բանկային զեղծարարությունների մասին հարցադրումներին, վստահեցրել էր՝ այդ հարցը տրիվիալ հարց չէ, և իրենք հանձնառություն են վերցրել` նայելու ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր էպիզոդները, թեև դա բավականին մեծ ռեսուրս է պահանջում։

«Ամեն քեյս յուրահատուկ է,- ասել էր նա և տեղեկացրել,- Մենք ենք հորդորել բանկերին` գտնել լուծման ճանապարհ, ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար»։

Ի դեպ, ԿԲ նախագահը նաև հավելել էր, թե տուժածների պարտավորությունների չափը վարկային պորտֆելի 0,1 տոկոսն է կազմում։

Կարդացեք նաև

Մհեր Կարագյոզյանը պարզաբանում է․ «Ինքն ասում էր՝ առանձին-առանձին բոլոր քեյսերը պետք է հետազոտենք, չէ՞, բայց ԿԲ-ում վեահսկողական այդ բաժնում կա ընդամենը 30 աշխատակից՝ ինչպես ինքն էր նշում։ Բայց միայն, օրինակ, «ԱյԴի» բանկը, 2,5 միլիոն հատ վարկ է տվել։ Մարտին Գալստյանն ասում էր, թե տուժածների պարտավորությունների չափը վարկային պորտֆելի 0,1 տոկոսն է, չէ՞, հետևաբար՝ 2,5 միլիոնի 0,1 տոկոսն անում է 2500, իսկ մենք 3 նման բանկ ունենք՝ դարձա՞ն նույն տրամաբանությամբ՝ 7500, և եթե խոսենք նաև գողացված ավանդների, հաշիվներից գողացված գումարների մասին էլ, 10.000-ն անցնում է։ 10.000 գործ առանձին-առանձին եթե սկսեն հատիկ-հատիկ նայել 30 հոգով, դա անհնարին է, դա իրագործելի չէ»։

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի համար անհասկանալի է նաև Մարտին Գալստյանի՝ «վարկային պարտավորությունների սառեցում» ձևակերպումը։

«Մենք պահանջում ենք չեղարկել ապօրինի վարկերը, որովհետև չկա վարկային պայմանագիր, քաղաքացին չի դիմել ու փաստացի չի ստացել այդ վարկը․ ի՞նչ վարկեր են իրենք սառեցնում, պետք է վարկերը չեղարկվեն։ Ես ավելի վաղ ասում էի՝ երկրորդ ծուղակն են պատրաստում քաղաքացու համար՝ դեմ տալով վարկային պայմանագիր, գայթակղելով, թե՝ կհետաձգենք, բայց եթե քաղաքացին ստորագրի, կստացվի՝ ունենում է վարկային պայմանագիր։ Ես չգիտեմ՝ «սառեցնել» ինչ է․ կան հայերեն բառեր՝ «կասեցնել», «չեղարկել», սառեցնելն այլ իմաստ ունի,- ամփոփեց Մհեր Կարագյոզյանը՝ հավելելով, որ մոտ օրերս հերթական ակցիան նորից տեղի կունենա ԿԲ-ի մոտ, որտեղից կգնան Հակակոռուպցիոն կոմիտե,- Մենք ունենք կասկածներ, որի մասին մենք հրապարակային խոսել ենք․ այդ կասկածներով գնալու ենք Հակակոռուպցիոն կոմիտե։ Մենք կասկածներ ունենք նաև, որ հնարավոր է՝ ԿԲ-ն էլ է թաթախված այդ պատմության մեջ»։

Հիշեցնենք, որ բանկային զեղծարարություններից, ֆիշինգներից տուժած քաղաքացիները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում պատկան մարմինների, բանկերի շենքերի առջև։ Վերջին ակցիաները տեղի են ունեցել Կառավարության, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։

Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր, և կան բանկեր, որոնք չունեն․ ավելի վաղ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ֆիշինգի աճող ցուցանիշներին և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներին։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ այս տարի արդեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով համապատասխան կառույցի, օրինակ՝ Բանկերի միության միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք անվտանգության համապատասխան համակարգ չունեն։

«Որոշ բանկերում մեզ համար շատ անհասկանալի ալգորիթմեր էին դրված բանկերի՝ օնլայն սպասարկման տիրույթում։ Անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկ տրամադրել, դիցուք, կես միլիոն դրամ, բայց օնլայն 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է օնլայն բանկինգի հիմքում, շատ ցածր պաշտպանության շեմ ունի»,- նշել էր պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս