Բանկերը սողոսկում են քաղաքականություն և անձնական կյանք. Թրամփը JPMorgan-ի ղեկավարին մեղադրել է դեբանկինգի մեջ
Այսօր ավելի ու ավելի տարածում ստանում «դեբանկինգ» նոր բառը։ Այն նույնիսկ հայտնվել է բացատրական բառարաններում։ Նշանակում է զրկվել անձին բանկային ծառայություններից: Բայց ոչ այն պատճառով, որ իրական կամ պոտենցիալ հաճախորդը խախտում է փողի հետ կապված որոշ օրենքներ, օրինակ՝ զբաղվում է փողերի լվացմամբ կամ գումար փոխանցում ահաբեկիչներին։ Նման անձը չի կարող մուտք ունենալ իր բանկային հաշիվներին․ դրանք պետք է արգելափակվեն՝ համաձայն գործող օրենքների։
Ոչ, խոսքը քաղաքական պատճառներով մարդուն բանկային ծառայությունների հասանելիությունից զրկելու մասին է։ Կամ այնպատճառով, որ մարդու վարքագիծը հակասում է բանկի պատկերացումներին այն մասին, թե ինչն է լավ և ինչն է վատ (ի դեպ, որոշ բանկեր ունեն իրենց սեփական կորպորատիվ արժեքային համակարգը, որը կարող է տարբերվել երկրում ընդունված ընդհանուր համակարգից):
Թվում է՝ բանկերը պետք է լինեն ապաքաղաքական և իրենց հաճախորդների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողականություն, ծառայել բոլորին՝ անկախ ազգությունից, կրոնից, քաղաքական հայացքներից և վարքագծից (բացառությամբ այն դեպքերի, երբ վարքագիծը բացահայտ հակասության մեջ է մտնում գործող օրենքների հետ):
Կարծես «դեբանկինգ» տերմինը սկսեց լայն տարածում գտնել 2023 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում բռնկվեց սկանդալ՝ կապված անգլիացի հայտնի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի անվան շուրջ։
1990-ականների վերջերից լինելով Եվրախորհրդարանի անդամ՝ աչքի ընկավ Եվրամիության և եվրագոտու շրջանակներում եվրաինտեգրման սուր քննադատությամբ։ Եվ դարձավ Brexit-ի (Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու) ամենաակտիվ նախաձեռնողներից մեկը։ 2019 թվականի դեկտեմբերի վերջին բրիտանական Financial Times թերթը Ֆարաջին ներառել է իր հրապարակած 50 հոգուց բաղկացած ցուցակում, որոնք «կերտել են տասնամյակի դեմքը»։ Ենթադրելի է՝ Ֆարաջը շատ քաղաքական հակառակորդներ ուներ։ Բայց անսպասելիորեն պարզվեց՝ նա հակառակորդներ ունի ոչ միայն քաղաքական գործիչների շրջանում, այլև բանկային աշխարհից:
2023 թվականի հունիսին NatWest խմբի անդամ Coutts բանկը առանց բացատրության արգելափակեց Նայջել Ֆարաջի անձնական և բիզնես հաշիվները։ Սկզբում քաղաքական գործիչը ենթադրել է, որ դա տեղի է ունեցել ռուսական RT հեռուստաալիքից գումար ստանալու լուրերի պատճառով։ Ավելի ուշ Ֆարաջը հայտարարել է՝ զրկվել է հաշիվների հասանելիությունից, քանի որ բանկը նրան ճանաչել է «քաղաքական նշանակություն ունեցող անձ»:
Ֆարաջի խոսքով՝ 36 էջանոց փաստաթղթում իրեն վերագրվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բարեկամությունը, ինչպես նաև քննարկում է նրա քաղաքական հայացքները, ԼԳԲՏ անձանց նկատմամբ դիրքորոշումը և Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը։ Ընդ որում, քաղաքական գործիչը պնդում է, որ նա բնութագրվել է որպես «ռասիստ և քսենոֆոբ»։
Սկանդալը հսկայական էր։ Ի դեպ, վրդովվեց ոչ միայն Ֆարաջը, այլև շատ այլ քաղաքական գործիչներ, ովքեր հասկացան, որ իրենք նույնպես ապահովագրված չեն բանկիրների քմահաճույքներից: Ֆարաջի և բանկի միջև առճակատումն ի վերջո ավարտվեց քաղաքական գործչի հաղթանակով: Քաղաքական հայացքներով պայմանավորված հաշիվների արգելափակումը դատապարտել է նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Սկանդալը հանգեցրել է NatWest Group ֆինանսական հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Ալիսոն Ռոուզի և Coutts բանկի ղեկավար Փիթեր Ֆլավելի հրաժարականներին:
Ֆարաջի վերահիշյալ պատմությունը հիշեցրեց՝ դեբանկինգը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում նախկինում էլ: Մի քանի մուսուլմանական կազմակերպություններ, մասնավորապես, հիշել են, որ 2014 թվականին HSBC բանկը փակել է իրենց հաշիվները՝ պայմանավորված, հավանաբար, կրոնական գործոնով: Բանկի ղեկավարները հայտարարել են՝ հաշիվները փակելու որոշումը «բացարձակապես կապված չէ ռասայական կամ կրոնական պատկանելության հետ»:
Ահա ևս մեկ նմանատիպ դեպք մառախլապատ Ալբիոնի կղզիներում: 2016 թվականին «Կոոպերատիվ բանկը» փակել է «Ալ-Աքսայի բարեկամներ», «Պաղեստինի հետ համերաշխության արշավներ» և Պաղեստինի հետ կապված մոտ 25 այլ կազմակերպությունների բանկային հաշիվները: The Independent-ը նույն 2016 թվականին հաղորդել էր, որ հաշիվները փակելու որոշումը կայացվել է առանց որևէ բացատրության։ Այն ժամանակ կառավարությունը հայտարարել էր, որ բանկերին լիազորել է նվազեցնել հնարավոր կասկածելի ֆինանսավորման կամ փողերի լվացման հետ կապված ռիսկերը:
Մայրցամաքային Եվրոպայում նույնպես շատ են նման դեպքերը։ 2023 թվականի ապրիլին նախկին լոբբիստ Ֆրեդերիկ Բալդանը քրեական գործ է հարուցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դեմ Լիեժի քննչական պալատում։ Բալդանը մեղադրել է ֆոն դեր Լյայենին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։
Խոսքը՝ հայտնի «Pfizergate» սկանդալի մասին է։ Սկանդալի էությունն այն է, որ ֆոն դեր Լյայենի և Pfizer-ի ղեկավար Ալբերտ Բուրլայի միջև SMS-ի միջոցով գաղտնի նամակագրություն է եղել, որը հանգեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,8 միլիարդ չափաբաժին մատակարարելու կասկածելի գործարքի՝ շուրջ 35 միլիարդ եվրո արժողությամբ։ 2023 թվականի հունիսին Բալդանի՝ որպես լոբբիստի հավաստագրումը հետ է կանչվել։ Երկու տարի անց նա X հարթակում հայտնել է, որ Նամուրի (Բելգիա) ING և Nagelmackers բանկերում իր հաշիվները փակվել են:
Բալդանը նամակ է հրապարակել, որում բանկը նրան տեղեկացրել է հաշիվները փակելու որոշման մասին։ Ըստ Բալդանի՝ հաշիվների փակումը ազդել է ոչ միայն իր անձնական բանկային հաշվի, այլև իր խորհրդատվական ընկերության հաշիվների, իր տնային տնտեսության, ինչպես նաև իր հնգամյա որդու խնայողական գրքույկի վրա:
Գերմանիայում դեբանկինգի հետ կապված ամենաաղմկոտ սկանդալը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին։ Միանգամից մի քանի գերմանական կոոպերատիվ բանկեր փակել են «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցության հաշիվները, որը Բունդեսթագի հաջորդ ընտրություններում հաղթելու լուրջ շանսեր ունի:
Որոշ բանկեր անամոթաբար հայտարարում են, որ կվարեն դեբանկինգի քաղաքականություն՝ ելնելով իրենց պատկերացումներից, թե ինչն է լավը և ինչն է վատը: 2023 թվականի նոյեմբերի 1-ից Ավստրալիայի ազգային բանկը (NAB, Ավստրալիայի բանկային խումբ, մտնում է Ավստրալիայի բանկերի մեծ քառյակի մեջ) սպառնալիորեն հայտարարել է՝ կարգելափակի համացանցում չարտոնված հայտարարություններ հրապարակող քաղաքացիների հաշիվները։
Կանադայում 2022 թվականին հաշիվների փակման ալիք բարձրացավ, որը կարելի է անվանել դեբանկինգ։ Այն ժամանակ քաղաքացիների և ընկերությունների կողմից երկիրը համակեց բողոքի ցույցերով՝ կապված ամենատարբեր արգելքների և սահմանափակումների հետ, որոնք մտցվել էին իբր «COVID համավարակի» դեմ պայքարելու համար։ Արգելքներն ու սահմանափակումները կրում էին ապօրինի բնույթ։ Ի պատասխան բողոքի՝ կանադական բանկերն արգելափակել են ցուցարարների առնվազն 76 հաշիվ՝ ընդհանուր 3,2 մլն կանադական դոլար արժողությամբ: Ավելի ուշ դատարանները դրանք ճանաչել է անօրինականական։
ԱՄՆ-ում քիչ չեն եղել դեբանկինգի դեպքերը։ 2025 թվականի օգոստոսի 7-ին Թրամփը հրապարակեց գործադիր հրաման, որը կոչ էր անում դադարեցնել դեբանկինգը և պատժել նրանց, ովքեր անարդարացիորեն կտրել են օրինական հաճախորդներին բանկային համակարգից:
Ահա բանկային ապաբանկավորման թեմայով ամենավերջին և, թերևս, ամենառեզոնանսային պատմությունը։ Ամենաթարմը, քանի որ այն սկսվել է 2026 թվականի հունվարի երկրորդ կեսին։ Առավել ռեզոնանսային՝ առնվազն երկու պատճառով: Քանի որ դրանում որպես դեբանկինգի զոհ հանդես է գալիս ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ ԱՄՆ նախագահին վիրավորող բանկը JPMorgan-ն է՝ Միացյալ Նահանգների ամենախոշոր բանկը։
Այս ամենը բավական մանրամասն նկարագրված է “What is debanking and why is Trump suing JPMorgan over it?» հոդվածում։ Հունվարի 22-ին CNN-ը և Bloomberg-ը հայտնել են, որ Թրամփը 5 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել դատարան JPMorgan Chase բանկի և նրա գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնի դեմ այն պատճառով, որ բանկը 2021 թվականին դադարեցրել է բանկային ծառայություններ մատուցել անձամբ իրեն՝ Դոնալդ Թրամփին և նրա բիզնեսին։
Ծառայությունների մերժումը, նշված է հայցադիմումում, պայմանավորված էր քաղաքական պատճառներով։ Նշված հոդվածում նշվում է. «Թրամփի իրավաբանական թիմը ոչ միայն պնդում է, որ JPMorgan-ը սխալ որոշում է կայացրել, այլ մեղադրում է բանկին ֆինանսական ենթակառուցվածքը քաղաքական գործիք դարձնելու մեջ»:
Հաշիվների փակումը Դոնալդ Թրամփին զգալի ֆինանսական և հեղինակության վնաս է պատճառել: Ընդ որում, իբր կուլուարներում ԱՄՆ նախագահը բացատրել է, որ հայցը նա ներկայացրել է ոչ միայն սեփական վնասները փոխհատուցելու համար, այլ նաև համոզիչ նախադեպ ստեղծելու և հետագայում Ամերիկայում ԱՄՆ Սահմանադրությունը խախտող դեբանկինգ թույլ չտալու համար։
Այս նախադեպը, ըստ կողմնակիցների, Թրամփը պետք է ամրապնդի նախագահի վերը նշված օգոստոսյան հրամանագիրը: Այս հրամանագիրը արգելում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին մերժել կամ սահմանափակել ծառայությունները՝ հիմնվելով քաղաքական կամ կրոնական համոզմունքների վրա: Հրամանագիրը դաշնային բանկային կարգավորիչներին հանձնարարում է իրենց ուղեցույցներից հանել «հեղինակության ռիսկի» դրույթները, վերականգնել բանկային հաշիվներից ապօրինաբար զրկված հաճախորդներին, հետաքննել անցյալի խտրական գործելակերպը և կրոնական դրդապատճառներով մերժումները ուղղել գլխավոր դատախազին:
Ջեյմի Դայմոնը հերքում է իր մեղքը և կարծում է, որ հայցադիմումում առկա է «անձնական վրեժխնդրության» տարր: Չէ՞ որ Թրամփը կարող էր իր հայցն ուղղել միայն բանկին, իսկ նա այն հասցեագրում է նաև բանկի ղեկավարին՝ Ջեյմի Դայմոնին։ Թրամփի վերաբերյալ որոշումը «սուբյեկտիվ» և «քաղաքական մոտիվացված» էր։ Ավելին, Դայմոնը դեմոկրատական կուսակցության անդամ է և, հետևաբար, հանրապետական Թրամփի քաղաքական հակառակորդն է:
Նրանք, ովքեր համաձայն են Դայմոնի կարծիքի հետ «անձնական վրեժխնդրության» վերաբերյալ, ուշադրություն են դարձնում նման «մանրուքին». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին հայտարարել է վարկային քարտերի վրա 10% տոկոսադրույքի ֆիքսված առավելագույն տոկոսադրույքի ներդրման մասին՝ սկսած հունվարի 20-ին իր պաշտոնավարման տարեդարձից: Դայմոնն արձագանքել է նախագահի այս նախաձեռնությանը։
Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հանդիպմանը՝ նա ասել է, որ Թրամփի առաջարկած սահմանափակումը կհանգեցնի «տնտեսական աղետի»: Հավանաբար, դա զայրացրել է Սպիտակ տան տիրոջը։ Քանի որ JPMorgan Chase բանկի և Ջեյմի Դայմոնի դեմ հայցը հայտնվել է բառացիորեն Դավոսում բանկի ղեկավարի ելույթից մեկ օր անց։
Ի դեպ, Թրամփն ասում էր, որ 2021 թվականին դեբանկինգի է ենթարկվել ոչ միայն JPMorgan Chase-ի, այլ նաև Bank of America -ի կողմից։ Սակայն նշված բանկերից երկրորդի ղեկավարը վախենում է քննադատել Թրամփին՝ հույս ունենալով, որ կկարողանա խուսափել դատավարությունից։
Թրամփի թիմի իրավաբաններն ընդգծում են՝ JPMorgan Chase բանկի մեղավորությունն ապացուցել կարելի է նույնիսկ այն հիմքով, որ 2021 թվականին Թրամփի և նրա բիզնեսի արգելափակումը կատարվել է բանկի սեփական ներքին կանոնների կոպիտ խախտմամբ։
Որոշ դիտորդներ կարծում են՝ Թրամփի հայցն ընդդեմ Ուոլ սթրիթի գլխավոր բանկի աննախադեպ դեպք է ԱՄՆ պատմության մեջ: Սպիտակ տան ոչ մի սեփականատեր չի համարձակվել դա անել։ Ենթադրվում է՝ ԱՄՆ 47-րդ նախագահը ցանկանում է վերահսկողություն հաստատել ԱՄՆ բանկային համակարգի վրա: Ի դեպ, դեռևս նոյեմբերի սկզբին ԱՄՆ կառավարությունը նախագահի հրահանգով հետաքննություն էր սկսել JPMorgan Chase-ի դեմ։ Հետաքննությունը վերաբերել է այն հարցին, թե արդյոք բանկն իր հաճախորդներին արդարացի հասանելիություն է տրամադրել բանկային ծառայություններին:
JPMorgan-ն այն ժամանակ տեղի ունեցածը կապում էր բանկերի քաղաքականության վերանայման մասին Թրամփի օգոստոսյան հրամանագրի հետ, որը կարող էր հանգեցնել հաճախորդների մերժումների՝ «հեղինակության ռիսկերի» պատճառով։ Հատկապես հաշվի առնելով, որ նա արդեն սկսել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի նկատմամբ դատախազական հետաքննություն, որը շատ մեծ հավանականություն ունի վերաճելու Փաուելի դեմ դատական հայցի։
Առայժմ փորձագետները ձեռնպահ են մնում գնահատել, թե տվյալ գործով ինչ որոշում կկայացնի դատարանը։ Իհարկե, JPMorgan Chase-ի և Դայմոնի դեմ Թրամփի հայցի վերաբերյալ դատարանի որոշումը կարող է հեռահար հետևանքներ ունենալ: Նշված հոդվածում եզրակացվում է․
«Եթե դատարանը հաշվի առնի այն գաղափարը, որ խոշոր բանկն օգտագործել է իր հաշիվների վերահսկողությունը գործող նախագահին քաղաքական դրդապատճառներով պատժելու համար, դա կարող է դռներ բացել նոր իրավական սահմանափակումների համար, թե ինչպես են ֆինանսական հաստատությունները կառավարում հեղինակության ռիսկերը:
Մյուս կողմից, եթե JPMorgan-ը հաջողությամբ պաշտպանի հաշիվները փակելու իր իրավունքը, գործի արդյունքը կարող է ամրապնդել բանկերի լայն լիազորությունները՝ որոշելու, թե որ հաճախորդներին են նրանք սպասարկում, նույնիսկ եթե այդ որոշումները ազդում են ազդեցիկ հասարակական գործիչների վրա»:
ՎԱԼԵՆՏԻՆ ԿԱՏԱՍՈՆՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



