«Սարսափած ՔՊ-ականների մեջ խիզախներ չեն գտնվի, որոնք դեմ կգնան իրենց առաջնորդին». Լարիսա Ալավերդյան

«Արթուն ենք» շարժումը, ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց է նախաձեռնել։

Շարժման անունից ԱԺ պատգամավորներին անհատական նամակներ են ուղարկվել՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով։ Շարժման մասնակիցները՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը և հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, պատգամավորներին ուղղված նամակներն անձամբ են գցել ԱԺ նամակների արկղի մեջ։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այդքան ազատ չեն, որ կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացին։

«Կարևորն այդ գործընթացի արդյունքն է, բայց սին են այն հույսերը, թե ՔՊ-ից կմիանան այս գործընթացին։ Կարծում եմ՝ իմպիչմենտի գործընթաց հայտարարելը շատ կարևոր գործընթաց է, քան այն մինչև այժմ ընկալվել է, բայց ցանկալի արդյունքի չհասնելը գուցե ավելի վատ անդրադառնա հասարակության վրա։

Կարդացեք նաև

Իմպիչմենտը հաշվարկված արդյունքով ու ակնկալիքով գործընթաց է, բայց կրկնում եմ՝ սարսափած ՔՊ-ականների մեջ խիզախներ չեն գտնվի, որոնք դեմ կգնան իրենց առաջնորդին, սրանում գրեթե համոզված եմ։ Այդ պատգամավորներն իրենց առաջնորդից ուղղակի սարսափած են և չունեն երաշխիք, որ հավերժ կմնան պաշտոններին»,- 168.am հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին ու ակնկալիքներին։

Այդուհանդերձ, Լարիսա Ալավերդյանը հույս ունի, որ ԱԺ ընդդիմությունն իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ կունենա միասնական դիրքորոշում, սակայն ամեն ինչ կախված է ՔՊ-ական պատգամավորների դիրքորոշումից։

«Որևէ ձևով ես չեմ տեսել, որ ՔՊ պատգամավորներն այսօր հասկանան, որ իշխանությունը հայ ժողովրդի համար ընտրել է Դեր Զորի ճանապարհը և ժողովրդին տանում է ուղղակի ցեղասպանության։ Սրանք մնում են թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն։ Նույնիսկ միլիոն անգամ նրանց ասեք, մեկ է՝ նրանք իրենց ընտրած ճանապարհից չեն շեղվում։ Իրենց հայտարարություններին նայեք, մարդ ամաչում է իր ԱԺ-ի պատկերի համար։ Մեր ԱԺ-ն ու հայ ժողովուրդը միմյանց հետ որևէ աղերս չունեն, բացի ազգանուններից, որ «յան»-ով են ավարտվում»,- հավելեց Լ. Ալավերդյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ օրվա իշխանությունն իրեն հեռացրել է հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործից։ Պետք է աշխատանքներ տարվեն ազգային ինքնությունից հեռացած մարդկանց հետ, որոնք ամեն ինչ անում են իշխանություններին դուր գալու համար։

«Ակտիվ աշխատանք պետք է տարվի նաև դրսի հետ, որոնք անամոթաբար ուզում են մեզ համոզել, թե ՀՀ-ում ժողովրդավար իշխանություն է։ Մենք չենք աշխատում դրսի հետ, իսկ իշխանությունը «վեր-վերի» է անում, երբ Եվրոպայից լսում է, թե ինքը ժողովրդավար է։ Այս իշխանությունն ապացուցեց, որ կեղծ ժողովրդավարությունն ավելի վտանգավոր է, քան իրական ավտորիտար ռեժիմը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031