
Անկախ ՍԴ որոշումից՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման, քանի որ բոլոր անհրաժեշտ ապացույցները ներկայացվել են․ փաստաբան
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում, ի պատասխան լրագրողի հարցադրման, թե ՍԴ որոշումն ինչպե՞ս կազդի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Վովա Գասպարյանի և մյուս աղմկահարույց գործերի վրա, հիշյալ գործերով փաստաբաններն արձագանքեցին տարբեր դիտարկումներով, բայց միանշանակ պնդմամբ, որ հայցերը պետք է մերժվեն՝ անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված։
«Այս օրենքը հակասահմանադրական է նաև այն պատճառով, որովհետև ունի խտրականություն, էյջիզմ՝ տարիքից կախված խտրականության է ենթարկում,- մինչ բուն հարցին անդրադառնալը նշեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ նկատելով,- Եթե մենք խոսենք ինչ-որ մեկի մասին, ով 50-60 տարեկան է և իր հիմնական գործունեությունն իրականացրել է 80-ականներին և 90-ականներին, համոզված եղեք, որ այդ թվականներին ձեռք բերված Մաշտոցի պողոտայի երեք սենյականոց բոլոր բնակարանների սեփականատերերը չունեն ապացույցներ, որ այդ գույքը ձեռք են բերել օրինական փողերով։
Դուք համոզված եղեք, որ 90-ականներին ապրած բոլոր մարդիկ ինքնին պետք է մահացած լինեին դատախազության ստանդարտով, այդպես է ստացվում․ ասում է՝ դու ստացել ես այսքան աշխատավարձ, նվազագույն զամբյուղը հաշվում է, պարտք ես մնացել: Ուղղակիորեն պիտի մահացած լինեինք բոլորս: Ակնհայտ է, չէ՞, որ օբյեկտիվ իրականության մեջ մահացած չենք․ նշանակում է՝ ինչ-որ ձև ապրել ենք, կամ՝ ազգը ամբողջությամբ ապօրինի է, կամ՝ իրականում օրենքն է սխալ: Ես ավելի հակված եմ երկրորդին»։
Բուն հարցին անդրադառնալով՝ փաստաբանը պնդեց, որ ՍԴ-ի որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները։
«Եվ կարծում եմ, որ որևէ անձ՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չի դատական գործընթաց անցնի և ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը, եթե մենք չենք որոշում ընդունում ոչ թե ընտրովի պրոցես իրականացնել, այլ ինչ-որ ընդհանրական գործընթաց տեղի չի ունենում՝ ինչ-որ օբյեկտիվ ստանդարտով, ինչը բավականին խնդրահարույց է,- նշեց նա՝ վերահաստատելով,- Բոլոր գործերով, այդ թվում՝ նաև Երկրորդ նախագահի գործով, միջնորդելու եմ, որ մերժվեն հայցադիմումները․ չեն կարող այս վարույթները շարունակվել»։
«ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս, ի.գ.թ. Վահագն Գրիգորյանը ևս վստահեցրեց, որ անկախ ՍԴ որոշումից՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման, քանի որ բոլոր անհրաժեշտ ապացույցները ներկայացվել են։
«Ինչ վերաբերում է ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակին՝ այո, կարծում եմ՝ այդ հայցը ենթակա է մերժման՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով, որովհետև մեղադրանքը, որի հիմքով հարուցվել է վարույթը, որևէ կապ չունի այն գույքերի հետ, որոնք նշված են հայցում, և երկրորդ՝ եթե նույնիսկ կապ ունենար, հայցի հիմքում վկայակոչված չէ որևէ կապ ենթադրյալ հանցանքի և պահանջվող գույքերի միջև»,- մանրամասնեց Վահագն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում