«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում, ի պատասխան լրագրողի հարցադրման, թե ՍԴ որոշումն ինչպե՞ս կազդի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Վովա Գասպարյանի և մյուս աղմկահարույց գործերի վրա, հիշյալ գործերով փաստաբաններն արձագանքեցին տարբեր դիտարկումներով, բայց միանշանակ պնդմամբ, որ հայցերը պետք է մերժվեն՝ անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված։
«Տիկին Գալյանն արդեն մեկ անգամ ապացուցել է, թե իր ղեկավարած կառույցն ինչպես է կարողանում մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչ աստիճան աղավաղումներով»,- այս մասին ասուլիսի ընթացքում նշեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ Բարձր դատարանի որոշման հնարավոր մանիպուլյացիայի մասին դատողություններին։