«Համատեղ խաղ է գնում. փորձում են ճնշել և ոչնչացնել արցախցիներին և «արցախցի» եզրույթը». Մետաքսե Հակոբյան

«Մինչ իրենց հավաքական վերադարձն Արցախ՝ արցախցիները պահանջում են արժանապատիվ կեցության հնարավորություն ՀՀ-ում: Սա վերաբերում է և՛ սոցիալական խնդիրներին, և՛ մեր հիմնական պահանջին՝ վերադառնալ և մեր իրավունքն իրացնել: Երրորդ պահանջը գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքներ տանելու պահանջն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` շեշտելով, որ իշխանական քարոզչամեքենան աշխատեց այն ուղղությամբ, թե արցախցիների պահանջը սոցիալական աջակցությունների շարունակականության մասին է:

Նա նշեց, որ որևէ դրական սպասելիք չունի ՀՀ իշխանություններից. «Խնդիրը ոչ թե առանձին սոցիալական հարցն է կամ մյուսն է, այլ հստակ քաղաքականություն է, փաթեթով է, և կիրառվում է որպես զենք՝ արցախցիների դեմ: Նպատակն է՝ այնպես անել, որ արցախցիները Հայաստանում չկարողանան ապրել, դա ահագին գլխացավանքից կազատի այս իշխանություններին: Հաջորդը՝ իրենց գործընկերներին, աշխարհին ցույց տալ, որ չկա «արցախցի» եզրույթ, չկա Արցախ: Հետևաբար, չեն կարող լինել նաև մնացած պահանջները, որովհետև իրենք էլ են շատ լավ հասկանում, որ 160 հազար բռնի տեղահանված արցախցիների գոյությունը Հայաստանում նշանակում է, որ իրենց խաղաղության օրակարգը փուչիկ է, որովհետև չի կարող մի երկիր խոսել խաղաղության գործընթացից, որտեղ կան 160 հազար ցեղասպանությունից մազապուրծ եղած, բռնի տեղահանված հայեր: Համատեղ խաղ է գնում, որտեղ Արցախ եզրույթը խանգարում է այն զիջողական քաղաքականությանը, որը պետք է իրականացնի ՀՀ իշխանությունը, և հետագայում մեր հայրենակիցների համար պետք է գրանցի՝ որպես դիվանագիտական հաղթանակ»:

Արցախի ԱԺ պատգամավորը չունի բացատարություն, թե ինչու են այս իրավիճակում լռում Արցախի իշխանությունները. «Արցախի իմ հայրենակիցներն իրենց բոլոր պահանջները նախ և առաջ պետք է ներկայացնեն Արցախի իշխանություններին: Արցախցիների բարձրացրած պահանջների պահանջատերն այս իշխանություններից պետք է լինեն Արցախի իշխանությունները»:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանություններն արցախցիների հարցում հստակ քաղաքականություն են վարում և հստակ գիտեն՝ վերջնարդյունքը որն է լինելու. «Նրանց մոտեցումներն ուղղակի սոցիալական մոտեցումներ չեն, քաղաքական որոշումներ են՝ հասկանալով, որ դրանով կարող են ճնշել և ոչնչացնել արցախցիներին և արցախցի եզրույթը, նաև այն կեղծ թեզերը, որ պետք է արցախցիները կարողանան ինտեգրվել այստեղ: Դրանք աբսուրդի հասնող հայտարարություններ են, որովհետև արցախցին ինտեգրված է եղել Հայաստանին, ժողովրդին, մենք նույն մշակույթն ունենք, մեզ մոտ ամեն ինչ նույնն է, այնպես չէ, որ ինտեգրվելու խնդիր ունենք: Անբարոյականություն է բռնի տեղահանված, ցեղասպանությունից մազապուրծ եղած, կյանքի բոլորովին այլ որակում եղած մարդուն համեմատել քո երկրում սոցիալական խնդիրներ ունեցող անձանց հետ, ավելին՝ ավելի վատ մոտեցում ունենալ նրանց նկատմամբ:

Ի վերջո, պետք է չմոռանալ, որ մենք հավաքական հոգեբանական խնդիր ունենք, որն առավել ևս նման իշխանությունների պարագայում, որոնք քեզ անընդհատ ճնշում են… Տեղահանվելիս շատերը պատկերացրել են, որ Հայաստանում դառնալու են բոլորի սիրտն ու հոգին և այլ վերաբերմունքի են արժանանալու, բայց իրականությունն այլ էր: Այդ հոգեբանական ծանր վիճակն ավելի է խորացել»:

Նրա դիտարկմամբ՝ գործող իշխանությունները որևէ ուղղությամբ որևէ քայլ չեն անում. «Այս իշխանությունները չկան, փուչիկ են, գոյություն չունեն, և հասկանալի է՝ ում են ձեռք տալիս՝ Ադրբեջանին, Թուրքիային: Նրանք այս իշխանություններով իմիտացիա են ստեղծում աշխարհի համար, որ կա իշխանություն, քաղաքականություն է վարում»:

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն կերպ պահել իշխանությունը. «Հունիսի 12-ին շատ պարզ տեսանք՝ այս մարդը պատրաստ է կրակել ժողովրդի վրա, պատրաստ է զոհեր տալ, ամեն կերպ նա պահելու է իր իշխանությունը: Եթե 100 հազար մարդ փողոց հանելով՝ ինքը կարողացավ ահաբեկել և զավթել իշխանությունը, ապա այս պարագայում չի ստացվելու իր դեմ դա անել, և պետք է իրական ժողովրդական ցասում: Գոնե 1 միլիոն մարդ պետք է ոտքի կանգնի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930