Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ը Եվրոպայում բախվել է Patriot հրթիռների «կրիտիկական» պակասի․ AP

Եվրոպայում ամերիկյան զինվորականները բախվել են ժամանակակից զենիթային հրթիռների, առաջին հերթին՝ «Patriot» համակարգերի համար նախատեսված կալանիչների «կրիտիկական» պակասուրդի:

Associated Press-ի տվյալներով՝ դեֆիցիտը մեծապես պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի ֆոնին ամերիկյան պաշարները դեպի Մերձավոր Արևելք տեղափոխելով:

Անանունության պայմանով խոսած Եվրոպայում ամերիկացի ներկայացուցիչը և ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել են, որ Եվրոպայում «Patriot»-ի առկա պաշարները բավարար չեն բալիստիկ հրթիռներով երկարատև հարձակումը հետ մղելու համար: Նրանց խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հնարավորությունները «խիստ սահմանափակ» կլինեն անգամ եզակի հարվածի դեպքում:

«Patriot» համակարգերն այն եզակի միջոցներից են, որոնք կարող են որսալ ռուսական բալիստիկ հրթիռները: Ռազմական օբյեկտի կամ կրիտիկական ենթակառուցվածքի վրա լայնամասշտաբ հրթիռային հարվածի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները կարող են հայտնվել Ուկրաինային նմանվող իրավիճակում, որտեղ նման կալանիչների պակասն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացնում:

Պաշարների կրճատումը կապված է նաև Իրանի դեմ արդեն վեց ամիս շարունակվող պատերազմի հետ: Ամերիկյան զենիթային հրթիռների մի մասը Եվրոպայից տեղափոխվել է Մերձավոր Արևելք, որտեղ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ակտիվորեն օգտագործում են ՀՕՊ համակարգերը՝ իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հետ մղելու համար:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն և Պենտագոնը հերքում են ռազմամթերքի կրիտիկական դեֆիցիտի մասին պնդումները: Դաշինքի ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Օ’Դոնելը հայտարարել է, որ Եվրոպայում «Patriot»-ների «կրիտիկական» պակասի մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը: Պենտագոնում նույնպես ամերիկյան ռազմամթերքի դեֆիցիտի մասին հաղորդագրություններն անվանել են կեղծ:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) գնահատականով՝ Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է «Patriot» համակարգերի ամերիկյան պաշարների մոտ 65%-ի սպառմանը․ 2.33 հազար կալանիչներից ծախսվել է շուրջ 1.5 հազարը: 2026 թվականին ԱՄՆ-ն նախատեսում է արտադրել նմանօրինակ մոտ 600 հրթիռ, իսկ մինչև 2030 թվականը արտադրության ծավալները պետք է հասնեն տարեկան 2 հազարի:

Միևնույն ժամանակ, Եվրոպայում ամերիկացի զինվորականները զգում են «ATACMS» մարտավարական բալիստիկ հրթիռների պակասը: Այնուամենայնիվ, հարձակողական ռազմամթերքի հետ կապված իրավիճակը համարվում է նվազ մտահոգիչ, քանի որ եվրոպական երկրներն ունեն սեփական հեռահար համակարգերը, այդ թվում՝ «Taurus»-ը և «Storm Shadow»-ն:

Եվրոպական պետությունները հույս ունեն մասնակիորեն փոխհատուցել դեֆիցիտը սեփական ՀՕՊ համակարգերի հաշվին: Սեպտեմբերին Գերմանիայում նախատեսվում է «Patriot»-ի հրթիռների արտադրության՝ Եվրոպայում առաջին գործարանի բացումը, իսկ առաջին մատակարարումները կարող են մեկնարկել արդեն հաջորդ տարվա սկզբին:

Ընդ որում, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ռուսական հրթիռային հարվածի անմիջական սպառնալիքն այս պահին բարձր չի գնահատվում: Փորձագետները նշում են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը սահմանափակում է ուկրաինական ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին զուգահեռ ՆԱՏՕ-ի դեմ լայնամասշտաբ օդային արշավ վարելու հարցում Մոսկվայի ունակությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31