ՌԴ-ն ու Վիետնամը քննարկել են առևտրի և ֆինանսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Չերնիշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում Վիետնամի արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Խոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ զբոսաշրջության, առևտրի և ֆինանսական ոլորտներում։

Չերնիշենկոյի խոսքով՝ Վիետնամը Ռուսաստանի հուսալի գործընկերն է տարածաշրջանում, իսկ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամության, փոխօգնության և խոր վստահության ավանդույթները։

Նա նշել է, որ դրական դինամիկա է արձանագրվում հատկապես զբոսաշրջության ոլորտում։ 2025 թվականին Վիետնամից Ռուսաստան զբոսաշրջային հոսքն աճել է 35,7%-ով, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ ևս 21,4%-ով։ Միևնույն ժամանակ, անցած տարի Ռուսաստանից Վիետնամ այցելած զբոսաշրջիկների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 690 հազարի, իսկ 2026 թվականի առաջին վեց ամիսներին այն աճել է գրեթե 1,5 անգամ՝ գերազանցելով 863 հազարը։

Կողմերը նշել են, որ զբոսաշրջային հոսքերի աճին նպաստել են Ռուսաստանի և Վիետնամի միջև չվերթների թվի ավելացումն ու թռիչքների աշխարհագրության ընդլայնումը։

Ռուսաստանի և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու 10-ամյակի կապակցությամբ կողմերը նաև ընդգծել են դրա արդյունավետությունը և երկկողմ առևտրաշրջանառության աճի գործում ունեցած նշանակությունը։

Նոյեմբերին Հանոյում նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 26-րդ նիստը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31