Զինված ուժերում սերժանտական համակարգի ներդրման նախապատմությունը. Փաստեր

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենց եռամյա աշխատանքը, դրա արդյունքը շատերին անհնարին և անիրականանալի էր թվում, սակայն, ի պատիվ իրենց գործընկերների, սերժանտական համակարգի ստեղծման գործում ներգրավված սպաների և գեներալների, կարողացել են բանակի կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործել, որը վերաբերում է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրմանը:

Ինչպես նշվում է բանակի կերպափոխման հայեցակարգում, արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրման հիմքում կդրվի 4 առաջնահերթություն. առաջին, մարտունակության բարձրացում՝ փոքր ստորաբաժանումներով մարտ վարելու ունակության տեսանկյունից, երկրորդ, ԶՈւ պատրաստության մակարդակի բարձրացում, երրորդ, ԶՈՒ բոլոր օղակներում ինստիտուցիոնալ երկարակեցության և խորագիտակության ապահովում, չորրորդ, կարգապահության ապահովում:

Բացի այս, նախատեսվում է սահմանել արհեստավարժ սերժանտների ծառայողական առաջխաղացման պաշտոնուղիներ (կազմեր)՝ հրամանատարական և շտաբային (նմանակելով հրամանատարական և շտաբային պաշտոնների միջև հերթագայելու սպայական փորձը):

Կարդացեք նաև

Այն, ինչ ասվում է, ինչ փորձ է արվում անել՝ լավ է, բայց շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, որ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման, պայմանագրային սերժանտական համակարգի ստեղծման մասին գործող իշխանություններն են մտածել ու աշխատանք տարել: Սակայն դա այդպես չէ:

Դեռ 2008 թվականից կարևորվել է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը ՀՀ զինված ուժերում, և այդ նպատակով, պաշտպանական բարեփոխումների ծրագրի համաձայն, 2008թ. փետրվարին սկիզբ էր դրվել պայմանագրային սերժանտների պատրաստման գործընթացը:

Բացի այս, ինչպես 2012 թվականին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտնել էր այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության մեջ պայմանագրային սերժանտների վերաբերյալ կատարվել էին մի շարք փոփոխություններ:

«Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի` պայմանագրային սերժանտներն առանձնացվել են «շարքային» կազմից` դառնալով «ենթասպայական» կազմ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում պայմանագրային սերժանտական կազմի ավելի բարձր մակարդակների (վաշտի սերժանտ, շտաբային սերժանտ և գումարտակի սերժանտ) նոր ուսումնական ծրագրերի մշակման և գործող ծրագրերի լրամշակման ուղղությամբ:

Պայմանագրային սերժանտական համակարգի ներդրումը երկարատև և շարունակական գործընթաց է: Նույնիսկ այնպիսի երկրներին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան (սերժանտական համակարգի ներդրման ավելի քան 300-ամյա պատմություն) և ԱՄՆ-ը (պայմանագրային սերժանտական համակարգի ներդրման շուրջ կեսդարյա փորձ), այսօրվա ձեռքբերումներին հասնելու համար պահանջվել են տասնամյակներ, այնպես որ, այսօր միանշանակ խոսել գործընթացի ավարտի ժամկետի վերաբերյալ, կարծում եմ՝ դեռ վաղ է»,- մանրամասնել էր նա և հավելել.

«ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրի շրջանակներում մշակվող ուսումնական ծրագրերի մշակման միջազգային գործընթացում սկիզբ է դրվել դեռևս 2009թ. մեկնարկած ՆԱՏՕ-ի գործընկերության շրջանակներում սպայակազմի համընդհանուր եվրոատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic Officer`s Reference Curiculum) մշակման միջազգային գործընթացից, որն ավարտվեց 2011թ.:

Մեր փորձագետների բավական ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել Հայաստանի պաշտպանական գերատեսչության մասնակցությունը գործընկերության ծրագրի շրջանակներում մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագրի մշակման միջազգային գործընթացին:

Այն մեկնարկել է 2011թ. աշնանը, և մինչ օրս կայացած 3 աշխատանքային հանդիպումներին ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետները շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացին:

Մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրաատլանտյան ուսումնական ծրագիրը մեզ համար չափազանց մեծ ու կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեզ մասնակից է դարձնում այս ոլորտում իրական ժամանակում տեղի ունեցող բոլոր զարգացումներին` նպաստելով ՀՀ-ում այս ոլորտում ընթացող բարեփոխումներին»:

Այս համատեքստում բերենք մի քանի կոնկրետ փաստեր՝ ասվածն առավել առարկայական դարձնելու համար:

– 2011 թվականի նոյեմբերի 13-21-ին հերթական այցով Հայաստանում էր գտնվել ԱՄՆ-ի և Միացյալ թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու համար:

Քննարկումների հիմնական թեման եղել է ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերը: Մասնավորապես, հատուկ ուշադրության են արժանացել պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և այլն:

– 2012 թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել էին ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խմբին:

Փորձագիտական խմբի անդամներն այցելել էին նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որի ունկնդիրների համար հանդես են եկել «Կրտսեր շտաբային սպաների գործառույթները» խորագրով դասախոսություններով: Այցի ընթացքում փորձագիտական խումբն այցելել էր նաև արդեն այդ ժամանակ գործող ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական և սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակման հարցեր:

– 2012 թվականի նոյեմբերին դարձյալ Հայաստան էր այցելել Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը:

ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչներն անցկացրել էին մի շարք բրիֆինգներ` նվիրված սերժանտական կազմի դերին և պարտականություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային հետևակի սերժանտական կազմի կազմակերպման, գնահատման և կառավարման համակարգի վերաբերյալ:

Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամներն այցելել էին ՀՀ ՊՆ Ենթասպաների դպրոց, որտեղ ներկայացրել էին «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջխաղացումը և կրթությունը` կոչումների տարբեր մակարդակներում» խորագրով բրիֆինգը:

– 2014 թվականի փետրվարին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում անցկացվել էր ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը: Նշված դասընթացն ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս էր կազմում, և դրա շրջանակներում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ և ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին և այլն:

– 2014 թվականի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել էին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին և այլն:

2010 թվականին «Մեդիամաքսին» տված ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, շեշտել էր. «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին նա հայտնել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգն ընդլայնելու մտադրության մասին:

Իմ այցը հնարավորություն տվեց կենտրոնանալ հենց պաշտպանական համագործակցության վրա: Նախագահ Սարգսյանի և պաշտպանության նախարար Օհանյանի հետ ես քննարկել եմ հայ զինծառայողների ուսուցման և նախապատրաստման գործում մեր աջակցության ընդլայնման հարցը:

Կան այլ բնագավառներ ևս, որտեղ առկա է համագործակցության ընդլայնման ներուժ. խոսքը, մասնավորապես, միջազգային առաքելություններին մասնակցելու ՀՀ հնարավորությունների ընդլայնման մասին է:

Պաշտպանական համագործակցությունը մեծամասամբ կախված է կազմակերպչական ունակություններից. պլանավորում, գործընթացների կազմակերպում, բյուջետավորում և աշխատանք անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք SDR-ը (Strategic Defense Review- Պաշտպանության ռազմավարական վերանայում): ԱՄՆ-ը և մյուս երկրներն օժանդակում են այդ գործընթացին, և այն շատ լավ է առաջ ընթանում:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմքն է, որի ընթացքում գնահատական է տրվում համակարգի ներկայիս վիճակին, նախանշվում են առաջնահերթությունները, որից հետո արդեն կարելի է կազմել գործողությունների ծրագիրը և կիրառել այն:

Այդ գործընթացը շատ լավ է առաջ գնում` հիմք ստեղծելով պաշտպանական բարեփոխումների այլ բաղադրիչների համար: Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ Զինված ուժերի սերժանտական կազմի զարգացման հարցում (non-commission officer, NCO): Սերժանտական կազմն ամերիկյան և եվրոպական զինված ուժերի գործունեության արդյունավետության գրավականն է:

Մյուս երկրներին օգտակար կլիներ ունենալ Զինված ուժերի նման մոդել, քանզի դա կհեշտացնի նրանց փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը Դաշինքի գործունեությանն ու ծրագրերին: Մենք ուսումնասիրում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներքին բարեփոխումների մյուս ուղղություններին սատարելու հնարավորությունը, որոնք վերաբերում են կադրային հարցերին:

Երբ երկրներն ունեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, Միացյալ Նահանգները փորձում է սատարել դրան` երկկողմ հարաբերություններում սիներգիա որոնելու եղանակով»:

Մի առիթով 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում պաշտոնավարման օրոք լուրջ աշխատանքներ են տարվել պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման համար, ինչին իր լուրջ ներդրումն է ունեցել այդ ժամանակ նախարար Օհանյանի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, հայտնել էր, որ երբ ժամանակին Պաշտպանական վերանայման գործընթաց էին իրականացնում, փորձագիտական խմբում ընդգրկված էին լինում ռուսական և արևմտյան բանակների գեներալներ, մեկ անգամ նույնիսկ՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալը:

Վերադառնանք հոդվածի բուն թեմային:

2023 թվականի մարտին, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր՝ ներդնում ենք սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, 168.am-ն այդ ժամանակ փաստաբանական թիմի միջոցով խնդրել էր, որ մասնագիտական կարծիք հայտնի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ուրախ եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարը շարունակում է կրտսեր ենթասպայական կազմի զարգացման աշխատանքները: Վերոհիշյալ աշխատանքներն առնվազն 15 տարի օրակարգային նպատակ են եղել և՛ երկկողմանի, և՛ բազմակողմանի միջազգային ռազմական համագործակցության ոլորտում, ինչպես նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների խթան են հանդիսացել:

Զինված ուժերում (ԶՈՒ), բացի դասակի և վաշտի կրտսեր ենթասպայական կազմից, ներդրվեցին նաև գումարտակում, գնդում, կորպուսում, ինչպես նաև ԶՈՒ-ի գլխավոր, ավագ ենթասպաների հաստիքային միավորները՝ իրենց ֆունկցիոնալ պարտականություններով հանդերձ:

Նշված տարիների ընթացքում արտերկրյա տարբեր դպրոցներում և ուսումնական կենտրոններում վերապատրաստվեցին հազարավոր զինվորականներ: Յուրահատուկ ուշադրության տակ էր նաև Արմավիրի ուսումնական բրիգադի և ենթասպաների դպրոցի ուսումնական ծրագրերի հագեցվածության լավարկումը և արդիականացումը: Մեծ ջանքեր էին գործադրվում ենթասպաների, ներառյալ՝ սերժանտների մոտ առաջնորդության որակների զարգացման նպատակով»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր Դավիթ Տոնոյանը:

Այսինքն, այն, ինչի մասին մարտի 25-ին հայտարարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շարունակությունն է արդեն իսկ եղածի, ներդրվածի, եղած փորձի՝ գուցե ինչ-ինչ փոփոխություններով, բայց մի բան փաստ է՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ստեղծումն այս իշխանությունների գաղափարը չէ, ոչ էլ իրենք են միայն այդ ուղղությամբ աշխատել:

Մյուս կողմից, զարմանալի բան չկա, քանի որ նման մի երևույթի բախվեցինք «Առաջադրանքով հրամանատրում» ՆԱՏՕ-ական սկզբունքի դեպքում, երբ դարձյալ գործող իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե նման բան առաջին անգամ է փորձ արվում ներդնել ՀՀ զինված ուժերում:

168.amգրել էր, որ «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգային նախաձեռնության մասին դեռ 2014-ին էր հիշատակում եղել։

Իսկ 2015 թվականին այն ժամանակ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը, ով այսօր ԳՇ պետի օգնականն է, «Հայ զինվոր» թերթում մանրամասն անդրադարձել էր «Հրամանատրում առաջադրանքով» սկզբունքին, որի մասին գործող իշխանության օրոք մոռացավ, ինչպես նաև՝ սերժանտական համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքների նախապատմությունը: Բայց ինչպես ասում են՝ փաստերը հզոր բան են:

Տեսանյութեր

Լրահոս