«Կրտսեր ենթասպայական կազմի զարգացման աշխատանքներն առնվազն 15 տարի օրակարգային նպատակ են եղել միջազգային ռազմական համագործակցության ոլորտում». Դավիթ Տոնոյան
Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ Զինված ուժերում դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ է ներդրվելու, ինչն ավելի կարգապահ է դարձնելու բանակը, ավելին, ըստ նրա՝ կխստացվեն որոշ հարցեր, որոնց վերաբերյալ շրջանառության մեջ օրենսդրական փաթեթ է դրվելու:
«Խոսքը սպայակազմի պատրաստվածության, թվաքանակի, սերժանտական համակարգի գոյության կամ չգոյության մասին է։ Այս ամենով պաշտպանության նախարարությունն ինտենսիվ զբաղվում է։ Մենք ներդնում ենք սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, ինչը մեզ թույլ կտա զինծառայողների հետ աշխատանքն ավելի հեշտացնել։ Սկսում ենք դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ ներդնել, ինչը բանակն ավելի կարգապահ կդարձնի, ինչպես նաև խստացվում են որոշ հարցեր, որոնք առաջիկայում օրենսդրական փաթեթով ներկայացված են լինելու։ Սա բխում է մեր պետության շահերից և մարտահրավերներից, և խնդրելու եմ այդ փաթեթին վերաբերվել բավականին լուրջ»,- շարունակել էր Պապիկյանը։
Գործող իշխանությունները սովորություն են դարձրել նախկին իշխանությունների օրոք արված բարեփոխումներն իրենց վերագրել: Այս համատեքստում հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի հարցն օրակարգում է եղել դեռ նախկին իշխանությունների օրոք, և այս ուղղությամբ հստակ քայլեր են կատարվել:
Մասնավորապես, դեռ 2011 թվականին նոյեմբերի 13-21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերն էին:
Հատկապես հատուկ ուշադրության էին արժանացել պրոֆեսիոնալ սերժանտների ընտրության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և սոցիալական ապահովումը: Ավելին, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ աշխատանք էր տարվում արհեստավարժ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ՝ այդ գործընթացը դիտարկելով՝ որպես սպաների գիտելիքների և սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության և Զինված Ուժերում կարգապահության բարձրացման միջոց:
2014-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված էր ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Այսինքն, զինված ուժերի այդ բարեփոխման նպատակներից էր՝ ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում էր իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ՝ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ:
Ավելի ուշ այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ սկսվել է ներդրվել ՀՀ ԶՈՒ արհեստավարժ սերժանտական-ենթասպայական կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի եռաստիճան գործընթացին համահունչ:
Նշվել էր, որ ստեղծվել են ավագ սպայակազմի համար նախատեսված և ռազմագիտության մագիստրոսի աստիճան շնորհող հրամանատարաշտաբային 10-ամսյա դասընթացները: Եվ նշված կրթական ծրագրերի կատարելագործման շրջանակներում ներդրվել էին առաջնորդության ուսումնական մոդուլներ, ինչն ապագայում պետք է աջակցեր Զինված ուժերում «հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման արդիական մոդելի ներդրմանը:
Ի՞նչ ենք ունենալու Սուրեն Պապիկյանի խոստացած դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմի և սերժանտական պրոֆեսիոնալ համակարգի ներդրման դեպքում, փաստաբանական թիմի միջոցով խնդրել ենք, որ մասնագիտական կարծիքը հայտնի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ուրախ եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարը շարունակում է կրտսեր ենթասպայական կազմի զարգացման աշխատանքները: Վերոհիշյալ աշխատանքներն առնվազն 15 տարի օրակարգային նպատակ են եղել և՛ երկկողմանի, և՛ բազմակողմանի միջազգային ռազմական համագործակցության ոլորտում, ինչպես նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների խթան են հանդիսացել:
Զինված ուժերում (ԶՈՒ), բացի դասակի և վաշտի կրտսեր ենթասպայական կազմից, ներդրվեցին նաև գումարտակում, գնդում, կորպուսում, ինչպես նաև ԶՈՒ-ի գլխավոր, ավագ ենթասպաների հաստիքային միավորները՝ իրենց ֆունկցիոնալ պարտականություններով հանդերձ: Նշված տարիների ընթացքում արտերկրյա տարբեր դպրոցներում և ուսումնական կենտրոններում վերապատրաստվեցին հազարավոր զինվորականներ: Յուրահատուկ ուշադրության տակ էր նաև Արմավիրի ուսումնական բրիգադի և ենթասպաների դպրոցի ուսումնական ծրագրերի հագեցվածության լավարկումը և արդիականացումը: Մեծ ջանքեր էին գործադրվում ենթասպաների, ներառյալ՝ սերժանտների մոտ առաջնորդության որակների զարգացման նպատակով: Իսկ Ձեր նշած տարբերության վերաբերյալ կարելի կլինի խոսել միայն համապատասխան օրենսդրական փաթեթին ծանոթանալուց հետո»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է Դավիթ Տոնոյանը: