Հիշեցումներ՝ նախկինում պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի պետ, այսօր՝ ԳՇ պետի օգնականին
Հունիսի 6-ի Factor TV-ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի օգնական Ժիրայր Ամիրխանյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին:
Գնահատելով ՀՀ զինված ուժերում աշխատելու երկարամյա փորձը, կրթությունը, գիտելիքները, հարգելով արևմտյան դավանանքը, ամեն դեպքում, հարկ ենք համարում արտահայտված մտքերի համատեքստում մի քանի հիշեցում անել:
Մասնավորապես, ԳՇ պետի օգնականը նշել է, որ բարեփոխումների գործընթացը շեշտակի տեմպով սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից, և, որ իրենց ջանքերն այս ընթացքում կենտրոնացրել են 2 պրոյեկտների վրա․ մեկը՝ նոր մոդելի պրոֆեսիոնալ սերժանտական կազմի կայացումն էր, երկրորդը՝ առաջադրանքային ղեկավարումը, որ հրամատարներին լիազորում են ինքնուրույն գործողություններ անել՝ չսպասելով վերադասի ցուցումներին, որը կարող է ուշանալ, դա ճկունություն է ապահովում: Իսկ վերադասը, ըստ նրա, պետք է իր ենթակային համապատասխան ռեսուրսներով ապահովի:
«Դա 44-օրյա դասերից մեկն էր»,- ընդգծել է ԳՇ պետի օգնականը՝ հավելելով, որ 2023 թվականի վերջից, 2024 թվականի սկզբից մենք հասկացանք, որ ռազմական բարեփոխումներն այդ երկու ոլորտում մեկուսի չեն կարող արվել՝ սկսած օրենսդրությունից՝ մինչև ֆինանսավորում և գնումների համակարգ։
Այստեղ կանգ առնենք: Եվ առանձին-առանձին անդրադառնանք:
Առաջին, 2015 թվականին այն ժամանակ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը «Հայ զինվոր» թերթում մանրամասն անդրադարձել էր «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգային նախաձեռնությանը, որի մասին դեռ 2014-ին էր հիշատակում եղել։
Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ում անցկացվել էր ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Պլանավորման նկատառումներում մատնանշվել էին պետության զինված պաշտպանության կազմակերպման այնպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպիսիք են «Խելամիտ պաշտպանությունը» և «Առաջադրանքով հրամանատրումը», և նշվել էր՝ ՀՀ զինված ուժերում այս և այլ նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ:
Վերադառնանք գնդապետ Ամիրխանյանի 2015 թվականի հոդվածին:
««Առաջադրանքով հրամանատրումը» ենթադրում է ռազմական (մարտական) գործողությունների վարում ապակենտրոնացված կերպով` հիմնված առաջադրանքներ հիշեցնող հրամանների վրա: Այն ենթականերին իրավազորում է կիրառել իրենց դատողությունը, որոշելու, թե ինչպես կատարել առաջադրված խնդիրները և օգտագործում է մարտում մարդկային գործոնը՝ շեշտը դնելով վստահության, կամքի ուժի, նախաձեռնության և ստեղծագործականության վրա:
«Առաջադրանքով հրամանատրումը» պահանջում է, որ առաջադրանքը կատարելու համար բոլոր հրամանատարներն ու պետերը ցուցաբերեն կարգապահ նախաձեռնողականություն և գործեն կռվազան (ագրեսիվ) և անկախ: Հրամանատարներն ու պետերն իրենց հրամանները մտասևեռում են գործողության (մարտի) նպատակի, այլ ոչ թե առաջադրված խնդիրների կատարման եղանակների վրա:
Նրանք, որքան հնարավոր է, որոշումների կայացման իրավունքը պատվիրակում են (վստահում) ենթականերին, որը նվազեցնում է մանրազնին վերահսկողությունը և իրավազորում ենթակաների նախաձեռնողականությունը՝ կայացնելու որոշումներ, որոնք հիմնված կլինեն հրամանատարի կամքն ըմբռնելու, այլ ոչ թե՝ մշտական հաղորդակցության վրա:
«Առաջադրանքով հրամանատրման» մեջ առանցքային նշանակություն ունեն, կարելի է ասել` անկապտելի հատկանիշ են հանդիսանում հրամանատարության բոլոր մակարդակներում «հրամանատարի մտադրության» ճիշտ ընկալումը, փոխվստահությունը և ըմբռնողականությունը,- «Հայ զինվորին» ասել էր Ամիրխանյանը և հավելել,- Չնայած այս հայեցակարգը հավասարաչափ արդյունավետ կարող է կիրառվել խաղաղ պայմաններում (զորամասերում առօրյա ծառայության, շտաբային աշխատանքի, կենտրոնական ապարատի գործունեության ընթացքում), դրա հիմնական օգուտներն առաջ են գալիս ռազմական (մարտական) գործողությունների ժամանակ:
Խնդիրն այն է, որ մարտը հանդիսանում է երկու «կենդանի օրգանիզմների» պայքար, որտեղ ցանկացած քայլ բախվում է հակառակորդի դիմադրությանն ու հակաքայլերին:
Հետևապես, եթե չես կարող լիարժեքորեն պլանավորել մարտը, ապա ինքնըստինքյան դրա ընթացքում ի հայտ կգան չպլանավորված բարենպաստ հնարավորություններ կամ սպառնալիքներ: Իսկ այս բարենպաստ հնարավորություններից օգտվելու կամ սպառնալիքները չեզոքացնելու համար դասական պատերազմավարման դեպքում պետք է հարցնել հրամանատարության կամ շտաբի թույլտվությունը, որի համար շատ դեպքերում չկա ժամանակ, կամ խափանված է հաղորդակցության (կապի) համակարգը: Ուստի՝ «Առաջադրանքով ղեկավարումը» միակ եղանակն է պատերազմի «մշուշը» եթե ոչ՝ ցրելու, ապա՝ առնվազն այն կառավարելու համար: Այն ավելի է կարևորվում կտրտված (օրինակ` լեռնաանտառային) տեղանքում, որտեղ, որպես կանոն, իրարից տարանջատ փոքր ստորաբաժանումները վարում են տարատեղված ու ապակենտրոնացված գործողություններ»:
Ւսկ Factor TV-ին տված ԳՇ պետի օգնական Ժիրայր Ամիրխանյանի հարցազրույցից գործից անտեղյակների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ՝ «Առաջադրանքով ղեկավարումը» գործող իշխանությունների օրոք է մտահղացվել՝ 44-օրյա պատերազմի արդյունքում: Այսինքն, հարցն այլ կերպ պետք է դնել՝ ինչո՞ւ է սա մնացել թղթի վրա, չի կիրառվել 44-օրյայի ժամանակ, հատկապես երբ, օրինակ, 2019 թվականին տեղի ունեցած ՀՀ ԶՈւ հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ կիրառվել է «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» սկզբունքը. ստորաբաժանման հրամանատարները տեղում արագ կայացրել են որոշումներ։ Գուցե այդ ժամանակ ինչ-ինչ խնդիրներ, թերություննե՞ր են ի հայտ եկել, որոնք պիտի շտկվեին, բայց չե՞ն շտկվել: Բայց մի բան փաստ է՝ առաջադրանքային ղեկավարման մասին նախկին իշխանությունները մտածել են, քայլեր իրականացրել:
Ի դեպ, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», անդրադարձել էր «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» համակարգին, որի անհրաժեշտությունը, կարևորությունը, նպատակահարմարությունն ու էությունը դեռ 2015-ին մանրամասն բացատրել էր այսօր ԳՇ պետի օգնական Ժիրայր Ամիրխանյանը:
«Կառավարության նիստում հաստատված «ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրները» ցանկի պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածը ձևակերպված է հետևյալ կերպ. «Ռազմավարական զսպման համակարգի զարգացում»:
Իսկ այդ գերակա խնդրին հասնելու քայլերն են` «ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացում, հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնում…»:
Սա ուշագրավ է նրանով, որ անցած տարիներին հռչակվող գերակայությունների ֆոնին պաշտպանության ոլորտին վերաբերող այս տարվա խնդիրներն ավելի «ագրեսիվ են», կոնկրետ ու հասկանալի:
Օրինակ, անցած տարվա պաշտպանությանը վերաբերող գերակայությունը ձևակերպված էր այսպես` «ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» համակարգի ներդրում»:
Թե ի՞նչ էր դա նշանակում, մինչև հիմա մնում է անհայտ: Բայց ձևակերպումների հստակությունն ու հասկանալիությունն ամենևին չի երաշխավորում, որ մեր «Ռազմավարական զսպման համակարգը» կզարգանա և մեր ԶՈՒ հարվածային հնարավորությունները կավելանան…: Ձևակերպումներից բացի, դրա համար շատ ու շատ այլ բաներ են պետք»,- 2017 թվականի հունվարին գրել էր «Հայկական ժամանակը»:
Երկրորդ, ինչ վերաբերում է մտքին, որ բարեփոխումները շեշտակի տեմպով սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից: Այո, սկսել են, բայց դրանք ընթացքում, ըստ էության, ՀՀ իշխանությունների՝ ըստ նպատակահարմարության, արտաքին քաղաքական կողմնորոշումով պայմանավորված, խմբագրումների են ենթարկվել:
Օրինակ, 2021-ի փետրվարի վերջին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտնել էր, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»:
Ռուսական գիծը հետո, բնականաբար, պահել է նաև Արշակ Կարապետյանը:
2024 թվականի մարտին հարցազրույցներից մեկում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ երբ 2021 թվականին նշանակվել է պաշտպանության նախարար, պայմանավորվել է ՌԴ ՊՆ-ի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան են եկել 40 բարձրաստիճան գեներալներ, սպաներ, ռազմական ոլորտի մասնագետներ:
«Նրանք մեզ մոտ աշխատեցին 1.5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին: Դրանից հետո, երբ հանդիպեցինք ՌԴ պաշտպանության նախարարի հետ, և նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար և ասացի, որ՝ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ, խնդրում եմ, ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք պետք է գային Հայաստան և 3 տարի աշխատեին մեր բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել»,- մանրամասնել էր Կարապետյանը՝ հավելելով, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն զենքերի ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին հայկական բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա էր վերցրել ռուսական կողմը:
Իսկ 2022 թվականի փետրվարին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կարապետյանին փոխարինած ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:
«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,– ասել էր նա:
2024 թվականի փետրվարին էլ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կպայմանավորեք առայժմ Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը, պատասխանել էր.
«2022թ. հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022թ. ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ, և մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք՝ ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար, և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք՝ այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ»:
Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից գրավոր հարցման միջոցով փորձել էր, օրինակ, պարզել՝ քանի՞ հայեցակարգ է մշակվել իշխանափոխությունից հետո, ի՞նչ վերախմբագրման մասին էր խոսում 2022 թվականին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչն իրեն չէր բավարարել, նոր հայեցակարգի մշակմանը, որի մասին խոսում էր Փաշինյանը, ի՞նչ երկրների փորձագետներ են մասնակցել, մասնակցում, ի՞նչ երկրի փորձ է ընդօրինակվում, ի՞նչ փուլում է գործընթացը: Մեր գրավոր այս հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարն այդպես էլ չպատասխանեց, թեպետ պաշտպանության նախարարությունը պարտավորվել էր 30-օրյա ժամկետում պատասխանել: Ինչևէ, ամիսներ են անցել, և սրանից հետո պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներով հայտնի է դարձել, որ արևմտյան երկրներից Զինված ուժերին խորհրդատվություններ են տրամադրվում, տարբեր խորհրդականներ են ժամանում:
Սա 168.am-ի գրավոր հարցմանը չէր հերքել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում և օգտագործում է միջազգային գործընկերների փորձը, ստանում փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն»:
Իսկ հարցումն ուղարկել էինք մարտի սկզբին, երբ փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանամետ փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր, իսկ Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարն էր նման ակնարկ էր արել: Մենք փորձել էինք պարզել՝ ի՞նչ նպատակով են եկել այս խորհրդականները, արևմտյան ուրիշ ի՞նչ երկրներից են նախատեսվում խորհրդական-հրահանգիչների այցեր և ներգրավվածություն Զինված ուժերում բարեփոխումների գործընթացին:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս պաշտոնական հաղորդագրության միջոցով հայտնել է, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Ի դեպ, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կրթության, պաշտպանական քաղաքականության ոլորտում նորություն չէ:
Բավական է հիշեցնել, որ ՀՀ ՊՆ-ն 2002 թվականից սկսված ԱՄՆ հետ պաշտպանական համագործակցություն է իրականացրել հետևյալ ծրագրերի շրջանակներում` «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (IMET), «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF), ԱՄՆ եվրոպական հրամանատարության տարբեր կառույցների հետ ռազմական համագործակցության և 2003թ. սկսած նաև ԱՄՆ Կանզաս նահանգի հետ` նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում: Այս մասին 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում խոսել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«2011 թվականից հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը թևակոխել է ավելի համակարգված և թիրախային փուլ: 2011թ. հուլիսին ԱՄՆ-ում անցկացված երկկողմ պաշտպանական խորհրդակցություններից հետո հստակեցվեցին երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք վերահաստատվեցին և ամրագրվեցին ԱՄՆ պաշտպանության քարտուղար պարոն Լեոն Պանետտայի և իմ կողմից ԱՄՆ կատարած այցի ընթացքում:
Դրանք 6-ն են և պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` 1. ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացում` խաղաղապահություն, էքսպեդիցիոն դաշտային հոսպիտալ և մարդասիրական ականազերծում, 2. Պաշտպանական բարեփոխումներ` մարդկային ռեսուրսների կառավարում, ռազմական կրթություն և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում»,- 2012 թվականին «Հայ զինվոր»-ին տված հարցազրույցում մանրամասնել էր այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելին, անվտանգային կարևոր փաստաթղթի կամ բարեփոխումների շրջանակում Հայաստանը հաշվի է առել միջազգային փորձը, ստացել խորհրդատվական օժանդակություն, դա նոր բան չէ: Ի դեպ, ՊՆ-Կանզասի ազգային գվարդիա գործակցությունը 2003 թվականից, որով այսօր այդքան հպարտանում են ՀՀ գործող իշխանությունները:
Լավ է, որ գոնե իր հարցազրույցի մի հատվածում Ամիրխանյանը հիշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ կերպով սկսվել է 2008-2009 թվականներին՝ պաշտպանական զարգացման նախագծի շրջանակում, որ նախկին իշխանությունների օրոք է Վազգեն Սարգսյանի անվան երբեմնի համալսարանում, այսօր՝ արդեն ռազմական ակադեմիայում բացվել հրամանատարաշտաբային ֆակուլտետ, որը ղեկավարում է այսօր Արծրուն Հովհաննիսյանը:
Այլ հարց է, որ ԶՈՒ ԳՇ պետն իր վերոհիշատակված հարցազրույցում չի անդրադառնում 44-օրյա պատերազմից հետո բանակում բարեփոխումների ռևոլյուցիային, և, թե ինչպես է ստացվել, որ 2022 թվականին դիրքային մարտում մոտ 200 զինվոր ենք կորցրել, որ հակառակորդը կարողացել է գալ և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք: Տեղի հրամանատարությունը զրկվա՞ծ է եղել որոշում կայացնելուց:
Ժիրայր Ամիրխանյանը նաև չի խոսում, որ ՀՀ ԶՈՒ-ն 2024 թվականին պատրաստ չէ լուրջ զորավարժությունների, սա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքն է:
Գնդապետ Ամիրխանյանը «Հրամանատրում առաջադրանքի» մասին խոսելիս մոռանում է Նիկոլ Փաշինյանի՝ բանակի առջև սահմանած լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրները, տարաբնույթ հայտարարությունները՝ սահմանների և դիրքերի պատկանելության մասին, կրակել-չկրակելու, որոնք կարող են կաշկանդել զորքին, հրամանատարությանը:
Լավ տիրապետելով պլանավորմանը, գնդապետ Ամիրխանյանը չի խոսում՝ ինչպե՞ս է հնարավոր առանց ՊՌՎ-ի՝ Պաշտպանական ռազմավարական վերանայման կամ այդ գործընթացի բացակայության պայմաններում պաշտպանական բարեփոխումներ կատարել, սպառնալիքների չեզոքացման աշխատանքներ պլանավորել, համապատասխան կարողություններ ստեղծել, զարգացում և ֆինանսավորում ապահովել և այլն, հատկապես, երբ իր խոսքերով ասած՝ պաշտպանության ոլորտի կերպափոխման կամ տրանսֆորմացիայի ենք գնում, երբ պաշտպանական ոլորտում նոր գործընկերներ ես ձեռք բերում՝ Ֆրանսիա, Հնդկաստան, ՆԱՏՕ-ի անդամ կամ եվրոպական այլ երկրներ:
Երրորդ, ԶՈԻ ԳՇ պետի օգնականը վերևում հիշատակված հարցազրույցում հայտարարել է, որ «կերպափոխված ՀՀ զինված ուժերը պետք է ունակ լինեն կազմակերպել մանևրային ռազմական գործողություններ և այլն»: Այս համատեքստում Ամիրխանյանն անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում հյուսիսարևելյան պաշտպանական գծի փլուզման մասին պնդումներին:
«Ոչ մի փլուզման մասին խոսք չի կարող լինել ընդհանրապես: Ընդհակառակը, ես խոսեցի մանևրային պաշտպանության մասին, որը խարսխված կլինի ամուր պաշտպանական շրջանների վրա: Ես՝ որպես ռազմական տեսաբան, ավելի շատ իմ որդիների, իմ ընկերների որդիների կյանքն ավելի շատ կվստահեի նոր կառուցվող ամրաշինական շինություններին, քան հին առաջնագծին, որն ընդամենը կահավորված խրամատ է»,- ասել է նա:
Հետաքրքիր է, որ ռազմական տեսաբանը չի անդրադառնում այն փաստին, որ ադրբեջանական կողմը 2021-2022 թվականներին գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ռազմավարական բարձունքները, ինչը սպառնում է նաև Տավուշին, որտեղ, այո, զոհեր եղել են, բայց թշնամին ոչ մի առաջխաղացում չի կարողացել ապահովել:
Երկրորդ, որևէ մեկը 2018-ից հետո չի խանգարել կատարել ամրաշինական աշխատանքներ, անցնել ավտոմատացված կառավարման համակարգի, ինչի մասին իր տեսլականներում նշել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի ներդրումը զգալի է Հայաստան-ՆԱՏՕ եղած ամուր համագործակցության գործում:
Իսկ թե որքանո՞վ են ամրացված շրջանները մանևրելու հնարավորություն տալու, ժամանակը ցույց կտա, թեպետ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս առումով 168.am-ի հետ զրույցներից մեկում կասկածներ էր հայտնել՝ նշելով. «Ամրացված շրջաններում պաշտպանությունը, այսպես ասած, հենակետային է, կայուն է, բայց ակտիվ շարժունակություն այդտեղ չկա, ուստի պետք է լինեն նաև ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կունենան մանևրելու, հակառակորդի հնարավոր մխրճումը մեր թիկունք հետ մղելու, նրանց կանգնեցնելու, ջախջախելու և հետ շպրտելու»։
Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ մեզ հետ զրույցում վտանգավոր էր համարել.
«Ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելը, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է»:
Չմոռանանք, որ սահմանազատված հատվածներում ՀՀ ԶՈւ երբեմնի առաջնագիծը վստահվել է սահմանապահներին, որոնք հնարավոր ագրեսիայի դեպքում առաջին հարվածն իրենց վրա են վերցնելու՝ չունենալով բավարար զինվածություն, նրանք էլ ինչ-որ մեկի որդին են:
Ի դեպ, հետաքրքիր է՝ գնդապետ Ամիրխանյանը բանակում ծառայած որդի ունի՞, գուցե ազատե՞լ է…
Իսկ ՀՀ-ի դեպքում կարևորը հզոր, մարտունակ, անկաշկանդ, սուբյեկտայնություն ունեցող ազգային բանակ ունենալն է, որը բացասական առումով գաղափարապես և ոչ գաղափարապես կախված չի լինի ռուսական կամ արևմտյան բևեռից: Երբ արտաքին քաղաքական որևէ ուղեգծի մոլի երկրպագու չես՝ քաղաքական կամ ոչ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, հանգիստ կարողանում ես քննադատել և՛ Արևմուտքին, և՛ ՌԴ նախագահ Պուտինին, որը ծանր է տարել ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունեցած գերմանական տանկերի ներկայությունն Ուկրաինայում, մինչդեռ ՀԱՊԿ անդամ Հայաստանի մտահոգություններին՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասով, պատասխանում էին, որ բիզնես շահեր են, և, որ Հայաստանին արտոնյալ պայմաններով սպառազինություն մատակարարելով՝ հավասարակշռություն էին փորձում ապահովել: