
Ֆիննախը քողազերծումից հետո հաստատում է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսերի թողարկման լուրը

Երեկ հանրային գործիչ Արթուր Դանիելյանն ահազանգեց՝ Հայաստանը նոր պարտքային բեռ է վերցրել, որն ուղղակի ռումբ է պետության տակ։
«750.000.000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ:
ՀՀ-ն, ըստ էության, փորձում է ևս 750 միլիոն դոլար պարտքով փող վերցնել, և դա ընդամենը կեսն է այն գումարի, որն անհրաժեշտ է Հայաստանին՝ 2025թ․ բյուջեն կատարելու համար: Ներկա պահին պարտքի սպասարկումը մեր բյուջեի երրորդ ամենախոշոր հոդվածն է. փոքր-ինչ զիջում է միայն սոցիալական ու անվտանգության գծով ծախսերին։ Թեպետ, եթե այս տենդենցը պահպանվի, այն կարճ ժամանակ անց դառնալու է հիմնական ծախսային հոդվածը մեր բյուջեի` այսինքն, ամենամեծ գումարը ծախսվելու է նախկինում վերցրած պարտքերը սպասարկելու վրա»,- մանրամասնել էր Արթուր Դանիելյանը։
Այս հույժ գաղտնի տեղեկությունը քողազերծելուց հետո միայն Ֆինանսների նախարարությունը ստիպված եղավ հաստատել անհերքելին՝ պաշտոնական կայքէջում տարածելով այս տեղեկությունը․ «Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը նախօրեին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ։
2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1 տոկոս եկամտաբերությամբ:
Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75 տոկոս: Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է»։
Նախարարությունից նաև հիշեցրել էին՝ եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
«Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»։
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանների մասին․ տեղաբաշխման ծավալը 750.000.000 ԱՄՆ դոլար է, գնանշման օրը՝ 2025 թվականի մարտի 5-ը, վերջնահաշվարկի օրը՝ մարտի 12-ը, իսկ մարման ժամկետ է նշված 2035 թվականի մարտի 12-ը, որպես ցուցակում է նշված Լոնդոնի բորսան։
Եվրաբոնդերի հերթական թողարկումը հանրային ու մասնագիտական շրջանակները չափազանց վտանգավոր են համարում՝ իր հետևանքներով։
Նախօրեին, ինչպես արդեն նշեցինք, թեմային անդրադարձել էր հանրային գործիչ Արթուր Դանիելյանը, որն ուղիղ կապ էր տեսել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրն Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ:
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն էլ զարմանք էր հայտնել, թե ո՞վ է շահագրգիռ նախընտրական տարում 750 մլն դոլար տրամադրել ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրին, ո՞վ է Լոնդոնի բորսայում գործող բրոքերը, ում վստահում են ՀՀ ֆինանսական տիտանները։
«Լրացուցիչ համեմատության համար տեղադրում ենք investing.com կայքում առկա տեղեկատվությունը Անգլիայի բանկի տասը տարվա պարտատոմսերի եկամտաբերության վերաբերյալ։ Հայաստան «7.1 տոկոս, Անգլիա 4.6 տոկոս»»,- հավելել էր տնտեսագետը։