
Հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանն արդարացվեց, բայց գործը չեն փակել. Ում «գրպանը» Փաշինյանը կգցի դրա ձախողումը

2022թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), որից մեկը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հակահարվածի հայտնի օպերացիային:
Ավելի ուշ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել էր և նշանակվել ռազմագիտական փորձաքննություն, և արդեն 2023 թվականի նոյեմբերին դրա արդյունքներով որոշվել էր Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս դրվագով դադարեցնել՝ արդարացման հիմքով:
Իսկ ի՞նչ էր մինչ այդ Քննչական կոմիտեն նշում իր հաղորդագրության մեջ, երբ անդրադառնում էր N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց, պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու և վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 6-ին Ջալալ Հարությունյանի՝ հակառակորդին հակահարված հասցնելու որոշման մասին:
«2020թ. հոկտեմբերի 7-ին պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, ինչպես նաև՝ 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը,- նշում էր Քննչական կոմիտեն և իր գրավոր հաղորդագրության մեջ շարունակում,- Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն՝ շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը»:
Հիմա ստացվում է՝ այս նկարագրվածում Ջալալ Հարությունյանն այլևս պատասխանատվություն չունի՞՚:
Հավելենք, որ գեներալի փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարել էր, որ հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել էր Նիկոլ Փաշինյանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ խոսում էր Արցախ կատարած այցի մասին:
Ավելին, հակահարվածի օպերացիայի քննարմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Արգիշտի Քյարամյանը՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, Արցախի ԱԱԾ տնօրենի կարգավիճակում՝ Կամո Աղաջանյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանը, Արցախի ԱԽ քարտուղարի կարգավիճակում՝ Սամվել Բաբայանը և այլք:
Իսկ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը նաև այս օպերացիայի ձախողման պատասխանատվությունն էր դրել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, ինչն ավելի ուշ շարունակել էր 44-օրյայի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ջալալ Հարությունյանը վարում էր մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ, և սլաքներն ուղղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ուղղությամբ, ով այսօր արդեն քրեական գործով է անցնում հարավային ուղղությամբ արձանագրված ձախողումների համար:
Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները, հակահարվածի օպերացիայի ձախողման որոշակի ազդեցությունը 44-օրյա պատերազմի ելքի վրա, և դրա հետ կապ ունեցողներին, 2025 թվականի մարտի 10-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.
1. 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով քրեական գործ կա՞, թե՞ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ այդ դրվագով արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցումից հետո պատերազմական այս դրվագը քննության առարկա չէ այլևս կամ չի դարձել:
2. Երբ դեռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը չէր դադարեցվել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ նախկին տնօրեն և ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և այդ օպերացիայի քննարկմանը ներկա այլ անձինք ցուցմունքներ տվել են այս դրվագի առնչությամբ:
5-օրյա ժամկետում իր պատասխան գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է.
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 10-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Քննչական կոմիտեն իր հաղորդագրության և պատասխան գրության մեջ օգտագործել է «բանակային հակահարված» ձևակերպումը, իսկ ինչպես 168.am-ը գրել էր Փաշինյանն այս առնչությամբ իր գրառումը մի քանի անգամ խմբագրել է:
Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ տեղեկացվում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:
Ի դեպ, հոկտեմբերի 7-ին հրապարակված ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Փաշինյանը հանրայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան՝ մանրամասնելով.
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:
Այստեղ ևս մեկ անգամ հիշենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որտեղ նշվում էր, որ հակահարվածի որոշումը կայացվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ օպերացիան հաստատվել է հոկտեմբերի 5-6-ին, այն դեպքում, երբ 2020թ. հոկտեմբերի 5-ից չի եղել օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն:
Իսկ հոկտեմբերի 7-ին, երբ հրապարակվել է Փաշինյանի հարցազրույցը, հակահարվածի օպերացիան, ըստ ՔԿ-ի ձախողվել է, որը կրկնվել է հոկտեմբերի 8-ին և դարձյալ ձախողվել է: Եթե Փաշինյանն իր հարցազրույցը տվել է հոկտեմբերի 7-ի նախօրեին, կամ հոկտեմբերի 7-ի առավոտյան, երբ օպերացիայի ելքը դեռ հայտնի չէր, ուրեմն, ինչպես նշեցինք, ընթացքի մեջ գտնվող օպերացիա է հրապարակվել, որից կարող էր օգտվել հակառակորդը, գուցեև օգտվել է, այս հարցը ևս պիտի քննարկվի:
Իսկ թե ում «գրպանը» կգցի Փաշինյանն այս հակահարվածի օպերացիայի ձախողումը և երբ, կարող ենք ենթադրություններ անել։ Սակայն մեկ բան հստակ է՝ դա պայմանավորված է լինելու տվյալ պահի քաղաքական իրավիճակով: