Բաժիններ՝

Բացահայտվել է uպանության նախապատրաստության դեպք․ 9 անձ ձերբակալվել է․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա և 36-ամյա եղբայրները, ներգրավելով այլ անձանց, նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը:

Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով և գտնվելով արտերկրում հրահանգել է Նոր Հաճընում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով հաշվեհարդար տեսնել երիտասարդի հետ։

44-ամյա տղամարդը մտադրությունն իրականացնելու նպատակով ձևավորել է հանցավոր խումբ, որի անդամները, զինվելով ատրճանակներով և ինքնաձիգներով, Նոր Հաճընում սկսել են որոնել 32-ամյա երիտասարդին։ Վերջինս մտերիմների հետ Նոր Հաճըն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն և իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակոցներ արձակել ու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն, չհայտնաբերելով նրան, զենքի սպառնալիքի ներքո ծեծի է ենթարկել երկու ընկերներին։

Պարզվել է նաև, որ 44-ամյա տղամարդն իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ՝ նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը և հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու, հետապնդվող երիտասարդի և հանցավոր խմբի անդամների բնակարաններում։

Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ իր պահեստատուփով, օդաճնշիչ հրացան, տարբեր տրամաչափի 86 փամփուշտներ, սվին դանակ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 9 անձ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների  պահման վայրեր։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031