
Գերիներին վերադարձնելու համար քաղաքական հզոր կամք է պետք. Հարցը պետք է պարտադիր դառնա բանակցվող կետերից մեկը. Արմեն Կապրիելյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Աուդիոուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։
«Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթ մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի՝ ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես: Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ, և կշարունակեմ անել, ինչ կարող եմ:
Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի բանտում ապօրինի գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը ցուցմունք են տվել, չեն հերքել, որ մասնակցել են Արցախի ազատամարտին, իսկ Բակո Սահակյանն էլ իր ցուցմունքում ասել է, որ՝ այո՛, պայքարել է Արցախի ինքնորոշման իրավունքի համար։
Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանն ասաց, որ՝ հաշվի առնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների քաղաքական կշիռը, հասկանում է, որ նրանց «դատավարությունը» Բաքուն վերածել է քաղաքական շոուի։
«Ադրբեջանն այս ամենն անում է ողջ աշխարհի աչքի առաջ՝ ցույց տալով, թե մեր հայրենակիցներին դատում է մի շարք հանցագործություններ կատարելու համար։ Տարիների ընթացքում Բաքվում միշտ են նման շոուներ եղել, նույնիսկ մեր զինվորները, որոնք պատահական են հայտնվել նրանց կողմում, շատերի նկատմամբ իրականացրել են, այսպես կոչված՝ դատավարություն։
Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի իշխանությունները միշտ դատական գործեր են սարքել իրենց սեփական զինծառայողների նկատմամբ, որոնք հայկական գերությունից են վերադարձել Ադրբեջան։ Ադրբեջանին դավաճանելու հոդվածով նրանք իրենց այդ զինվորներին դատել են՝ ընդհուպ մինչև 10 տարի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Կապրիելյանը։
Ըստ նրա, այս ամենն Ադրբեջանի համար նույնպես շոու է եղել՝ ներքին լսարանի, իր ժողովրդի համար։
Արմեն Կապրիելյանը շեշտեց, որ շատ ցավալի է Բաքվի բանտից տեսնել հայ պատանդների, գերիների լուսանկարները, տեսանյութերը։
«Այս փուլում, երբ բանը հասել է արդեն ուռճացված և լավ բեմադրված քաղաքական շոուի և հաշվի առնելով մեր պատանդների քաղաքական կշիռը, անհրաժեշտ է շատ հզոր քաղաքական կամք՝ նրանց հայրենիք վերադարձնելու համար։ Հզոր, ծանր կշիռ ունեցող միջազգային խաղացողների միջնորդությամբ հնարավոր կլինի բանակցել նրանց հայրենադարձելու ուղղությամբ։
Բնականաբար, հայկական կողմից էլ պետք է լինի քաղաքական կամք, եթե երկրի ղեկավարության քաղաքական կամքը, նպատակը չլինի, ազգային հզոր իմպուլսը չլինի՝ միասնությունը, արդյունք ակնկալել չենք կարող։ Ժողովուրդը, նաև իշխանությունն իր ձայնը պետք է լսելի դարձնի ողջ աշխարհին։
Գերիների ազատ արձակումը պետք է դառնա բանակցությունների առարկա, այլ հարց է, թե որքանով այսօր այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ։ Մանրամասներ չգիտեմ, քանի որ շատ բաներ հանրությունը չգիտի։ Շատ դեպքերում մենք դոփում ենք նույն տեղում, դժվար է ներկայիս իրավիճակում բանակցությունների գնալը։ Բայց եթե ընթանում են բանակցություններ, որոնց նպատակն այդ խաղաղության հասնելն է՝ պայմանագրի ստորագրումը, պետք է գերիների վերադարձի հարցը պարտադիր դառնա բանակցվող կետերից մեկը։
Հետևելով՝ ես պետք է ասեմ, որ մեր լրագրողական համայնքն այս հարցը շատ է բարձրաձայնում, կարծես թե ուշադրությունն է՛լ ավելի է մեծանում տեղի ունեցողի նկատմամբ»,- ընդգծեց Արմեն Կապրիելյանը։