Ուրացող Հայաստանը՝ անտեր ժամանակի մեջ

Մեզ հաջողվում է ապացուցել, որ մեզ բնորոշող ասույթներից հավատարիմ ենք հատկապես «գնա մեռի, արի սիրեմ» անմարդկային դրոշմին։ Արթնանում ենք կա՛մ, երբ մարդն այլևս չկա, կա՛մ, երբ տեսանելի է մեռնելու ճանապարհը։  

Հենց դա է տեղի ունենում այս օրերին հանրությունը փոթորկվել է Բաքվի դատարանում արված Ռուբեն Վարդանյանի լուսանկարներից։ Համեմատությունը հնչում է կոպիտ, բայց ոչ ավելի, քան հարվածները, որոնց դրոշմն անհնար է եղել թաքցնել Ռուբեն Վարդանյանի լուսանկարներում։

Մահացած կամ դեպի մահը գնացող մարդուն սիրելու սովորությունն ունի բացատրություն․ այդ սերը ջանք չի պահանջում, կամք չի պահանջում, գործողություն չի պահանջում ու դրսևորված է համարվում մղկտոցի ու հիշատակի մի քանի կարգով։

Մեռածին սիրելն անպատասխանատու է ու անհետևանք։

Կարդացեք նաև

Ի հակադրություն բոլորի աչքի առաջ մեռնող մարդուն փրկելու անելիքից, որը չի կարող կատարված համարվել լալահառաչ գրառմամբ կամ անհասցե հայհոյանքով։
Այս օրերին շատ է հնչում ինքնարդարացնող «իսկ ի՞նչ կարող ենք անել Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ ռազմագերիներին ազատելու համար» հարցը՝ «ոչինչ» պատասխանը ստանալու թաքուն ցանկությամբ։

Բայց այդ հարցի պատասխանը «ոչինչ»-ը չէ, ու այդ հարցը նաև միայն այսօրվա մասին չէ։ Այն ունի ժամանակային չափումներ, ու մինչև ներկայում դրան պատասխանելն արժե այն հղել նաև անցյալ ժամանակով։ «Իսկ ի՞նչ կարող էինք անել ու չենք արել․․․»․․․ Այս հարցի պատասխանը, ինչպես «ոչինչ»-ը, կարող է կրկին արտահայտվել մեկ բառով՝ «չհանդուրժել», բայց ի տարբերություն «ոչինչ»-ի, այն բազմաշերտ է ու ունի պատճառահետևանքային խորք։

Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայ գերիները Բաքվի բանտում են հայտնվել կոնկրետ իրադարձությունների, գործողությունների կամ դրանց բացակայության պատճառով։ Այդ բոլոր գործընթացները քաղաքական իրադարձություններ էին՝ կոնկրետ հասցեատիրոջով՝ ի դեմս Հայաստանի իշխանության։ Այն նույն իշխանության, որի ղեկավարը Ռուբեն Վարդանյանին գերությունից ամեն գնով ազատելու ուղերձներ հղելու փոխարեն, կեղտոտ հարցեր էր հղում, որոնց հիմա պատասխանում է Ադրբեջանը՝ Բաքվի դատարանից Վարդանյանի կապտուկներով լուսանկարները հրապարակելով։

«Ի՞նչ կարող ենք/էինք անել․․․» հարցն ահա, ունի կոնկրետ պատասխան։ Կարող էինք/ենք ու պարտավոր էինք/ենք չհանդուրժել այն իշխանությանը, որի նվազագույնը անգործության պատճառով հայ ռազմագերիները հայտնվել են Բաքվի բանտում։ Բայց հանդուրժել ու հանդուրժում ենք, ինչն ավելի է էժանացնում այսօրվա լալահառաչությունը։

Մենք՝ որպես հասարակություն, ունեցել ենք հանդուրժելու երկընտրանք՝ կա՛մ չհանդուրժել իշխանությանը, որի պատճառով հանձնվել են Արցախն ու նրա որդիները, կա՛մ հանդուրժել Բաքվում նրանց ու նրանց միջոցով՝ բոլորիս նվաստացումը։ Մենք ընտրել ենք երկրորդը ու, ինչպես ցանկացած ստորություն ընտրող՝ փորձում ենք չքմեղանալ «Ի՞նչ կարող ենք անել․․․» անամոթ հարցով։

Երկընտրանքը, սակայն, կա միշտ, ընդհուպ՝ այսօր, բայց մենք՝ որպես առանձնակի խորամանկ, շարունակում ենք խարխափել փոխբացառելի իրականություններում՝ հանդուրժում ենք իշխանությանը՝ ցույց տալով, թե իբր անհաշտ ենք Բաքվում կատարվողի հետ, այն դեպքում, երբ կյանքը ցույց է տվել, որ առաջին հանդուրժումը երաշխավորում է Բաքվում գտնվող մեր ազգակիցների դանդաղ մահը։ Հանդուրժելով, ահա, այս իրականության հետ հաշտ ու գուցե դրանից շահող իշխանությանը, մենք մասնակից ենք մեր ազգակիցների դանդաղ սպանությանը՝ առանց ձեռքերն արյունոտելու, բնականաբար։

Տգիտության անսահմանության մասին թեզը երևի ճիշտ է նաև երեսպաշտության պարագային։ Մենք նույն ժամանակի մեջ կարողանում ենք մարսել Ռուբեն Վարդանյանի տանջալից, խոշտանգված դեմքը պատկերող լուսանկարը Բաքվի բանտում ու Ադրբեջանի պատասխաններից ոգևորված Նիկոլ Փաշինյանի երջանիկ երեսը՝ Հայաստանի խորհրդարանում։  Նույն օրը, նույն ժամանակի մեջ մենք տեսնում ենք մեկի արժանապատիվ դժբախտությունն ու մյուսի անթասիբ երջանկությունը, բայց այդ հակասականությանը մենք պատասխանում ենք նույն հանդուրժումով։

․․․Երբ Հրանտ Մաթևոսյանը որպես պատգամ ասում էր՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», առանձնակի անհասկացողների համար չէր մանրամասնում, որ իր ժամանակը, բոլորի ժամանակը, բոլորիս ժամանակը ժամանակ է, առաջին հերթին, մարդկանցով։ Այսօր Հայաստանը՝ հավաքականության մեջ՝ անպատիվ իշխանության լռությամբ ու աղմկող հանդուրժողներով, հանձնում է իր մարդկանց, այսինքն՝ հանձնում է իր ժամանակը, բոլորի ժամանակը, բոլորիս ժամանակը։ Որովհետև չի լսել ու չի հասկացել Մաթևոսյանի որևէ պատգամ, այդ թվում՝ դրանցից ամենակարևորը՝ «Մի ուրացեք ձեր եղբորը»։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս