Ի՞նչ նպատակ էր հետապնդում ԳՇ հայտարարությունը, ինչո՞ւ այն չարվեց 44-օրյա պատերազմից հետո, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը որոշեց հեռանալ այս ճանապարհով

2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- նշվում է ՀՀ ԶՈՒ հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Ի դեպ, սրան նախորդել էր «Իսկանդերի» կիրառմանն առնչվող Փաշինյանի ասածի վրա «ծիծաղի» պատճառով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատումը:

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է»,– շեշտել էր Գլխավոր շտաբը:

Փաշինյանը ՀՀ զինված ուժերի վերոնշյալ հայտարարությունը շտապել էր որակել «ռազմական» կամ «պետական հեղաշրջման փորձ», և այն կապել նախկինների հետ, եղան կարծիքներ, թե այստեղ դրսի «մատն» է խառը:

Իսկ Օնիկ Գասպարյանը ոչ մեկ անգամ վստահեցրել է, որ որոշումը կայացրել է անձամբ՝ գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը:

«Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել»,- 2023թ. հունիսին իր տարածած հայտարարության մեջ ասել էր ԳՇ նախկին պետը:

168.am-ն այս թեմայով Տիրան Խաչատրյանի հետ հարցուպատասխան էր ունեցել.

Ժամանակ առ ժամանակ զինվորականների, գեներալիտետի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նրանք կտրուկ քայլերի չգնացին և սահմանափակվեցին միայն հայտարարությամբ: Արդարացի՞ է այս պահանջը, թե՞ զինվորականների դեպքում, որոնք այդ ժամանակ ծառայության մեջ էին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հայտարարությամբ պահանջելն արդեն մեծ բան էր, ինչը բավարար չէ ոչ զինվորական մարդկանց տեսանկյունից:

– Ըստ իրենց պատկերացումների՝ երկրի ներսում քաղաքացիական պատերա՞զմ պետք է սկսեին զինվորականները:

– Այսինքն, 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությանը հաջորդող գործողությունների որևէ սցենար նախատեսված չէր, և ի սկզբանե որոշված էր միայն հայտարարությո՞ւնը: Ի դեպ, դա պլանավորվա՞ծ էր, թե՞ պահի թելադրանքով էր:

– Ոչ, հայտարարության համար սցենար նախատեսված չէր: Ուղղակի ստիպված էինք նման հայտարարություն անել, որովհետև իշխանությունների պահվածքը, վարած քաղաքականությունը, և կանխազգալով հետագա քայլերի վտանգավորությունը, իշխանություններին այդ անվստահության հայտարարությունն արվեց:

Ինչո՞ւ այդ հայտարարությունը չարվեց 2020-ի նոյեմբերի 10-ին:

– Գիտեք, կային վտանգներ, որոնց հետ կապված՝ բարդացումներ, ավելորդ լարվածություն առաջացնել չէր կարելի: Եվ հետո այն ժամանակ իշխանությունները հավաստիացնում էին, որ իրենց քայլերը կլինեն այնպիսին, որ ոտքի կկանգնենք, եղածը կկարողանանք պահել, զարգանալ: Բայց ժամանակը լրիվ հակառակն ապացուցեց:

– Այսինքն, պատերազմից հետո դուք հավատում էիք, որ այս իշխանությունները…

– Կոնկրետ ես՝ չէ, բայց հավատացողները շատ էին: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ այդ կարգավիճակում մնացել եմ իմ մարտական ընկերներին աջակցելու համար: Ուրիշ ոչ մի բան ինձ չի պահել:

– Ըստ էության, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած գեներալներից կամ բարձրաստիճան զինվորականներից բոլորը շատ հստակ և համառորեն Փաշինյանի հրաժարականին էին ուզում հասնել, լոյալ էին: Այսինքն, չի բացառվում, որ ոմանք ընդամենը պահի թելադրանքով են ստորագրել այդ պահանջի տակ:

– Որևէ մեկին հարկադրանք չի եղել: Պահի թելադրանքով ասվածը չեմ հասկանում: Ես կասեի՝ ոչ թե պահի թելադրանք էր, այլ հրամայական: Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ուրիշ տարբերակ այդ ժամանակ չկար:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Օնիկ Գասպարյանը մենակ մնաց իր պայքարում, որ ԳՇ-ն հետո չաջակցեց՝ ինչպես հարկն է, կամ գոնե որոշ զինվորականներ:

– Ոչ, չէի ասի: Ընդհակառակը՝ նոյեմբերի 10-ից հետո շատերը մնացել են, շարունակել են ծառայությունը նաև Օնիկ Գասպարյանին մենակ չթողնելու համար: Մենակ թողնելու խնդիր չի եղել: Ես գոնե համոզված եմ, որ իրեն աջակցողները՝ թե գաղափարապես, թե այլ ձևերով, շատ-շատ են: Եվ ոչ միայն այդ ստորագրողները, այլ ընդհանրապես զինվորականները շատ-շատ են:

– Վերջերս որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների կողմից կարծիքներ են հնչում, թե ԳՇ-ն կտրուկ քայլերի չի գնացել, որովհետև թուրքական սպառնալիքի վտանգ է եղել, անուղղակի զգուշացում, շանտաժ: Այս մասին մի քանի անգամ խոսել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նման բան եղե՞լ է, դուք տեղյա՞կ եք:

– Ի՞նչ կտրուկ քայլերի:

– Ռազմական հեղաշրջման տանող, որին չեք գնացել, որովհետև եղել է թուրքական սպառնալիք…

– ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել: Չի եղել նման բան, որ սպառնալիքներ… Չկա այդպիսի բան: Դա ընդամենն իրենց ֆանտազիան է: Ռազմական հեղաշրջում անելը շատ հեշտ խնդիր էր, ուղղակի չի եղել այդպիսի տրամադրվածություն և մտահղացում:

– Փաստորեն պիտի արվեր հայտարարություն, մնացած քայլերն ընդդիմությո՞ւնը պիտի աներ:

– Թե մնացած քայլերն ով պիտի աներ կոնկրետ, չգիտեմ, բայց զինված ուժերն ընդամենը հայտարարություն էին անելու, որի նպատակը, կրկնում եմ, գործող իշխանություններին անվստահություն հայտնելն էր:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկումը զուտ առիթ էր, որ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ Գլխավոր շտաբը պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Երկրորդ, պատճառները զուտ տարածաշրջանում ստեղծված իրավիճակո՞վ էին պայմանավորված, ինչպես վստահեցրել էր Օնիկ Գասպարյանը, եթե, այո, ապա այդ դեպքում ինչո՞ւ այս քայլին չի գնացել Սյունիքից զորքի հետքաշումից հետո, որի շուրջ քննարկումներին մասնակցել է, և որտեղ ներկաների կարծիքների հետ Փաշինյանը հաշվի չի նստել, եթե մի կողմ ենք դնում 44-օրյայի պարտությունը:

Երրորդ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ներքին և արտաքին գործոններով պայմանավորված՝ Օնիկ Գասպարյանը ցանկանում էր հեռանալ, բայց դա կարող էր հրաժարական տալու միջոցով անել:

Չորրորդ, ով ում մենակ թողեց այդ պայքարում, եթե մի պահ ընդունենք, որ Օնիկ Գասպարյանը և ուժայինները պատրաստ էին գործնական քայլերի՝ Օնիկ Գասպարյանը՝ գեներալների՞ն, գեներալները՝ Օնիկ Գասպարյանի՞ն (գեներալներից, թերևս, ոչ բոլորն էին իրապես աջակցում Օնիկ Գասպարյանին, կամ համաձայնել էին ստորագրել Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, որովհետև սեփական կարիերան պաշտպանելու խնդիր կար, որովհետև այդ պահին գուցե իրենց թվացել է, որ Օնիկ Գասպարյանը հաղթելու է, այսինքն՝ եղել են չստորագրածներ, ստորագրած-փոշմանածներ), մյուս ուժայինները՝ բանակի՞ն, քաղաքական դաշտը և հանրությունը՝ բանակի՞ն, թե՞ բանակը՝ հանրությանը, և այլն:

Այս և այլ շատ հարցերի պատասխանը պետք է Օնիկ Գասպարյանը տա:

Մի բան հստակ է, որ ՀՀ զինված ուժերի հայտարարությանը Փաշինյանի գնահատականը զուտ քաղաքական էր, և, որ դրան որևէ իրավական գնահատական տալու հիմքեր, ըստ էության, չկային:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով ազատելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վերջինն էլ նախ հետ էր ուղարկել այն, այնուհետև միջնորդությունը նորից ստանալուց հետո որոշել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն ուղարկել Սահմանադրական դատարան՝ պարզելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

ՍԴ-ն էլ ավելի ուշ սահմանադրական էր ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը:

2021 թվականի նոյեմբերին արձագանքելով ՍԴ որոշմանը՝ զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշել էր.

«ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը, բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից և ցանկությունից։

Այն չի կարող դրական ազդեցություն ունենալ զինծառայողների կարգավիճակի վրա, քանի որ բարձրագույն հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները երկրորդվում են քաղաքական ղեկավարության ցանկություններին։

Երկար-բարակ գրելուց հետո ասվում է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3 մասով սահմանվում է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ։

Այդ եզրակացության հետ կարելի էր համաձայնվել, եթե սահմանադրությամբ նշվեր, որ օրենքով սահմանվում է շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ, մինչդեռ սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով։

Բացի այդ, նշվում է՝ եթե օրենքով սահմանված է, որ զինծառայողը կարող է ազատվել հայեցողությամբ, ապա դա որոշակի է և իրավաչափ։

Նույն տրամաբանությամբ կարող է օրենքով նշվել, որ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները կարող են ազատվել օրենքով չնախատեսված հիմքով։

Եվ երբ զինծառայողը բողոքի, որ իրեն ազատել են օրենքով չնախատեսված հիմքով, ապա որպես հակափաստարկ կարող է բերվել, որ դա նախատեսված է օրենքով։

Որոշմամբ նաև նշվում է, որ բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցչին ազատելու հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական չեզոքության խախտումը, կադրայինորակական գործոնը։ Թվարկված հիմքերի հետ կապված հարկ է նշել, որ առանց վիճարկվող հոդվածի կիրառման էլ կարող է անցկացվել ծառայողական քննություն (օրինակ՝ ՆԾԿ կանոնների խախտման մասով, եթե առկա է քաղաքական չեզոքության խախտման մասին տվյալ) կամ ատեստավորում։ Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնին, ապա նշված գործընթացներն իրականացնելու հնարավորություն առկա չէ, և ՍԴ չի էլ անդրադարձել այդ կառուցակարգի բացակայությանը և չի ասել, թե ով է գնահատելու որակական գործոնը կամ քաղաքական չեզոքության խախտումը»:

Հավելենք, որ «Պաշտպանության մասին» օրենքով  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով:

Ի դեպ, այս պահին ՍԴ կայքից հեռացված է այդ որոշումը:

Պետք է նշել, որ, մեծ հաշվով, մինչև այս էլ՝ իշխանափոխությունից անմիջապես հետո էլ, ԳՇ պետն ազատվել է քաղաքական նախասիրություններից ելնելով: Մասնավորապես, 2018 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել էր Մովսես Հակոբյանը, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի հոկտեմբերի 3-ին:

Իսկ Մովսես Հակոբյանը Նիկոլ Փաշինյանից հիմնավորում էր պահանջել և 5 օր հետո ստացել այն, որ նախկին բոլոր ղեկավարներին, առաջին դեմքերին որոշել է փոխել, ինչի համար էլ Հակոբյանին հեռացրել է ԳՇ պետի պաշտոնից, և այս հիմնավորումը գեներալին բավարարել էր:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո, երբ Դավիթ Տոնոյանին Փաշինյանը որոշել էր նշանակել  ՀՀ պաշտպանության նախարար (որպես անցումային նախարար, և չհամարելով թիմի անդամ) մասնավորապես, հայտարարել էր.

«Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն»:

Սա այն դեպքում, երբ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային՝ հեղափոխություն կոչվածին, հանկարծակի միացել էին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր:

Այն ժամանակ ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա:

Բայց իրականում որևէ լուրջ պատասխանատվություն չեղավ:

Իսկ Վաղինակ Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել դրանից հետո՝ 2018-ի հունիսի 11-ին:

Իսկ քաղաքական ազատումների և նշանակումների դեպքերի ականատես եղանք նաև ՊԲ-ում, երբ իշխանափոխությունից հետո ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվեց այսօր Բաքվում պահվող գեներալ Լևոն Մնացականյանը:

168.am-ը մանրամասն անդրադարձել էր 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ԶՈՒ-երում և ՊԲ-ում իրականացված կադրային փոփոխություններին և նշանակումներին։

Եվ հետաքրքիր է՝ արդյոք ԳՇ պետերը, այդ թվում՝ 2020 թվականի հունիսից Օնիկ Գասպարյանը համարե՞լ է Փաշինյանի կողմից դա ապապետական կամ անպատասխանատու քայլ, ինչպես Տիրան Խաչատրյանի՝ իր տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում:

Այս համատեքստում նշենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ի ԳՇ հայտարարությունից հետո կամ դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանը որոշեց փոխել բանակի կառավարման մոդելը և ԳՇ պետին դարձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, շատ գեներալներ և սպաներ աստիճանաբար հեռացվեցին բանակից, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, իսկ որոշները պաշտոնական առաջխաղացում ստացան, թեև 2021-ին պահանջել էին Փաշինյանի հրաժարականը և նրա որոշումները երկրի համար համարել կործանարար:

Խոսքը, մասնավորապես, ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանի մասին է, ով այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետն էր, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թեմուր Շահնազարյանի մասին է, ով այդ ժամանակ ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետն էր և այլն:

Հավելենք, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովը միակն էր, որ ԳՇ հայտարարությունից հետո առանձին հայտարարությամբ պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ լինելով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը.

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:

Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:

Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:

Իսկ այս 4 տարիների ընթացքում ավելացել է քրեական գործով անցնող բարձրաստիճան զինվորականության թիվը, և դեռ կարող է ավելանալ Քննիչ հանձնաժողովի զեկույցից հետո, բայց այս ակնհայտ իրողությունը չի ստիպում գեներալներին խաթարել իրենց լռությունը…

Եվս մեկ անգամ նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության վերաբերյալ դեռ անպատասխան հարցեր կան՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը որոշեց հեռանալ այս ճանապարհով…

Հ.Գ. Հիշեցնենք, որ ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանը զանգահարել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը վերջինս հաստատել էր, իսկ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե տեղյակ է եղել Օնիկ Գասպարյան-Սերժ Սարգսյան շփումների մասին։ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը կոչ էր արել ընտրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մասնակցելով նրա շտաբի աշխատանքներին, թեև Գասպարյանը հեռու է քաղաքականությունից: Մեծ հաշվով, քաղաքականության մեջ մտած զինվորականության հաջողված օրինակներ չունենք:

Տեսանյութեր

Լրահոս