Ինչու է Լևոն Մնացականյանը հայտնվել ՀՀ իշխանությունների սև ցուցակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ մեր գրած լուրը՝ Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Կարեն Աբրահամյանին նշանակելու մասին երեկ հաստատվեց։ Ճիշտ է՝ մինչ այդ մեզ մի լավ նախատեցին «ապատեղեկատվություն տարածելու, իրավիճակն ապակայունացնելու» համար, թեեւ մենք բոլորովին նման մտադրություն չենք ունեցել։

Բայց բոլորը հասկանում են, որ առանց որեւէ շոշափելի պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելը ոչ մի լավ բանի մասին չի վկայում։ Ավելին, տարբեր արցախյան աղբյուրներ պատմում են, որ այս պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանի եւ մի շարք զինվորականների սուր արձագանքն էր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ 2018-ի հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լեւոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին, նա հրաժարվել էր եւ հայտնվել ՀՀ իշխանությունների սեւ ցուցակում։

Այն իշխանությունների, որոնք ասում են, թե՝ Արցախի հարցը կարգավորվելու է բացառապես Արցախի մասնակցությամբ եւ նրա ժողովրդի կամքով։ Պարզվեց, որ այդ ժողովուրդն իր կամքը հայտնելու իրավունք ունի, իսկ նրա զինվորական հրամանատարները՝ ոչ։ Պարզվեց, որ փոքրիկ ընդվզումը, քննադատությունը թիմակից հասցեին կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս