Ինչո՞ւ ժամանակին Վաղինակ Սարգսյանը դարձավ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար՝ պարզ էր, ինչու ազատվեց՝ դեռ կպարզվի

Երեկ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ:

Հանդիպումը մեկնարկել է ընթացող մարտական գործողություններում հավերժ հերոսացած սահմանապահներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հայտարարված լռության րոպեով:

Այնուհետև Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել է թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը՝ շեշտելով, որ այդ ասպարեզում յուրաքանչյուր թերացում ունենալու է իր համապատասխան հետևանքները:

Հանդիպման ընթացքում հնչեցվել են նաև այս օրերին անձնվիրաբար ծառայող այն սահմանապահների անունները, ովքեր լավագույն օրինակ են՝ ինչպես ծառայակիցների, այնպես էլ՝ հանրության լայն շերտերի համար:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանը ներկայացրել է մինչ այս պահն իրականացված աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև փոխանցել մարտական առաջադրանքները պատշաճ և համակողմանիորեն կատարելուն ուղղված՝ սահմանապահների պատրաստակամությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն ընդգծել է հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությունն անվերապահորեն կատարելու առաջնահերթությունները և փաստել, որ հատկապես ներկա պահին է անհրաժեշտ ցուցաբերել առավելագույն կամք, նվիրում ու անսահման հայրենասիրություն՝ հանուն հաղթական հաջողությունների:

Հանդիպման ավարտին Մ. Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ս. Մելքոնյանը, Ա. Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ավելի ուշ Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Միքայել Համբարձումյանը հանդիպման ժամանակ բավականին թեժ քննարկում է ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ և որոշակի դժգոհություն հայտնել:

Այնուհետ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Ով է Վաղինակ Սարգսյանը

Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին: Նշանակումը պատահական չհամարվեց, քանի որ ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով:

Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինսկ Սարգսյանն էր:

ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա:

Թե ինչ բացթողումներ է թույլ տվել այս անգամ Վաղինակ Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում պատերազմական այս իրավիճակում, ժամանակը ցույց կտա:

Ի դեպ, երբ լրատվամիջոցներից մեկը ժամանակին նկատել էր, որ իր նշանակումը սահմանապահ զորքերում այդքան էլ լավ չեն ընդունել, եղել են դժգոհություններ:

Սարգսյանը պատասխանել էր. «Ինձ նորմալ ընդունել են, խնդիր չկա, եթե վատ կծառայեմ, կասեն` վե՛ր կաց, գնա՛ այստեղից, եթե լավ կծառայեմ, կասեն` ապրե՛ս, գնա՛, ուրիշ տեղ ծառայի»: Ասացին:

Հավելենք, որ 2016-ի հունիսին Սերժ Սարգսյանի հրամանով Վաղինակ Սարգսյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ՝ փոխարինելով Արշակ Կարապետյանին:

Տեսանյութեր

Լրահոս