
«Էրդողանը չի կարող լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Զելենսկու գլխի տակ «փափուկ բարձ» են դնում՝ փորձելով տիրանալ ունեցվածքին». Գրիգոր Բալասանյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վստահում է Թուրքիայի անվտանգության երաշխիքներին։
«Եթե խոսենք անվտանգության երաշխիքների մասին, ես իմ գործընկերներին ասել եմ, որ մենք պետք է վստահենք Թուրքիային և Թուրքիայի նախագահին։ Ինչո՞ւ, որովհետև դա շատ կարևոր է։ Տեսնենք՝ ո՞վ պատրաստ կլինի միասնության համար իրական թվեր տալ, իրական մարդիկ, իրական ռազմանավեր»,- նշել է Զելենսկին։
Նշենք, որ փետրվարի 19-ին Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նստավայրում հանդիպել էր նրա հետ, որից հետո այցելել էր Աթաթուրքի գերեզմանին։
Թուրքիան և անձամբ Էրդողանն ի՞նչ երաշխիքներ կարող են տալ Զելենսկուն, արդյո՞ք այս ամենը Թուրքիան օգտագործում է Ռուսաստանի դեմ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Էրդողանը Զելենսկուն օգտագործում է սեփական քաղաքականության առաջխաղացման համար։
«Էրդողանն այս ամենով նաև ցանկանում է իր կշիռը բարձրացնել Թրամփի մոտ՝ ցույց տալու համար, որ ի դեմս Թուրքիայի՝ Թրամփը կարող է միջնորդ դիտարկել ռուս-ուկրաինական բանակցություններում։ Բայց Էրդողանը մեկ բանում սխալվեց՝ 2022 թվականի մարտին ստամբուլյան պայմանավորվածությունները և ներկայիս իրավիճակը լրիվ տարբեր են։ Թուրքիան իր քաղաքականությամբ ցույց է տալիս, որ չի կարող ազնիվ միջնորդ լինել երկու պետություների միջև՝ նա ունի ընդգծված պրոուկրաինական դիրքորոշում։
Զելենսկու գլխի տակ ուղղակի «փափուկ բարձ» են դնում՝ փորձելով տիրանալ այն ունեցվածքին, որը դեռևս հնարավոր է վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետի բնորոշմամբ, այս պահին գերտերությունները մեկ բան են անում՝ հստակ տեսնելով, որ Ուկրաինա պետությունը կործանվում է, յուրաքանչյուրը փորձում է իր շահն առաջ տանել և իր համար դիվիդենտներ քաղել կործանվող, բայց դեռ հարուստ պետությունից։
«Էրդողանը հիմա փորձում է ցույց տալ, թե աջակցում է Ուկրաինային, բայց նա չի կարող լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, մեղմ ասած, նման ցանկություն էլ չունի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է այս համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններին և հարցին՝ արդյոք Էրդողանի քայլը կարո՞ղ է այդ հարաբերություններում լարվածություն առաջացնել, Գրիգոր Բալասանյանը արձագանքեց՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում արդեն իսկ վաղուց լարվածություն կա։
«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան իրեն պահում է ոչ քաղաքակիրթ գործընկերոջ նման, հատկապես, երբ մի քանի անգամ ֆիքսվեց, որ թուրքական նավերով Ուկրաինային զենք է մատակարարվում։ Վերջին թարմ դեպքը՝ Օդեսայի նավահանգստում ռմբակոծվեցին թուրքական նավերը, որոնք բեռնված էին զենքով։ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո էլ ռուս-թուրքական հարաբերություններն ակնհայտորեն լարվել են, և կարծում եմ՝ այդ հարցում Էրդողանը չի կարող ունենալ այն շահավետ դիրքը, որն ուներ 2022 թվականին ստամբուլյան բանակցությունների ժամանակ»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։