168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով այս հարցերի մասին՝ նշեց՝ եթե հաշվի առնեն այն հանգամանքը, որ բավականին լավ հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, հատկապես երկու երկրների ղեկավարների միջև, կարելի է ասել՝ ընկերական, այս պահի դրությամբ, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններում միշտ ելևէջներ եղել են, լավ ու վատ պահեր։
«Այսինքն՝ որոշակի մութ կետեր շարունակում են մնալ։ Բայց նորից եմ ասում՝ երկու երկրները բավականին խորացրել են համագործակցությունը, և չեմ կարծում, որ չի հաջողվի հաղթահարել այն, ինչ հիմա կա, երկուսն էլ կփորձեն հաղթահարել։ Այդուհանդերձ մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան Արևմուտքի բաղկացուցիչ մաս է կազմում, Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, Իսկ այսօրվա արտգործնախարարի ժամանակ այս ամենն ավելի է ընդգծվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Մենք թևակոխել ենք հիբրիդային պատերազմների դարաշրջան, որը ենթադրում է պերմանենտ անընդհատ անհանգստացնել թշնամիներին, դա կարող է լինել տնտեսական, տեղեկատվական և ռազմական գործողություններով: Ես դեռևս 2018-19 թթ. մի քանի հոդված եմ գրել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ և նշել եմ, որ դրանք մշտապես լինելու են: Անընդհատ լինելու են ռազմական գործողություններ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ այսօր աշխարհում ընթանում է քաղաքակրթությունների պատերազմ: