Բաժիններ՝

«Այդ ԲՈԼՈՐԸ դո՛ւք եք». համառոտ մանիֆեստ՝ Փարաջանովի ֆիլմերը չհասկացողներին

21-րդ դարի հոգևոր մարդը հայտնվել է մի միջավայրում, որտեղ սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական բուռն ու հաճախ անվերահսկելի փոփոխությունները կարող են անդառնալի վնաս հասցնել այն արժեքային համակարգին, որի մեջ ինքն ապրում է կամ որին ինքը պետք է դավաներ։ Այդպիսի դեֆորմացիայի ականատես եղա վերջերս՝ ֆեյսբուքյան մի գրառման մեկնաբանություններում, որտեղ թե՛ բուն գրառումը, թե՛ դրա տակ ծավալված քննարկումը, մեղմ ասած, հուսադրող չէր։

Գրառման հեղինակը խոստովանում էր՝ ինքը չի հասկանում Փարաջանովի արվեստը, բայց սա դեռ ամենը չէ։ Իրեն հավատ չեն ներշնչում այն մարդիկ, ովքեր ասում են, թե իբր հասկացել են՝ ինչի՞ մասին է Փարաջանովի արվեստը, կամ թե ի՞նչ է ռեժիսորը ցանկացել փոխանցել իր ֆիլմերով։

Հասկանում եմ՝ թեման նոր չէ, ավելին՝ ծեծված է վաղուց։ Սերգեյ Փարաջանովի ստեղծած արվեստն ու փիլիսոփայությունը հասկանալը դյուրին գործ չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ դա յուրացնելու և մարսելու համար ինտելեկտի մեծ պաշար է անհրաժեշտ, էսթետիկ բարձրարժեք գեղարվեստն ընկալելու ընդունակություն կամ գոնե դրան հասնելու ձգտում։

Կարդացեք նաև

Սարսափելին այստեղ այլ էր՝ բուռն մեկնաբանությունների քաոսում, պարզվում է, Փարաջանովի արվեստի մասսայական չընկալումն օրինաչափ երևույթ է, որովհետև այն, մեղմ ասած, ոչ մի բանի մասին է, ինչպես, օրինակ, Մալևիչի «Սև քառակուսին», այլ կերպ ասած՝ մատից հոտ քաշած ապուշություն, կամ, որ Փարաջանովը ո՛չ ծնվել, ո՛չ ապրել է Հայաստանում, նույնիսկ հայերեն չի էլ խոսել (մեկնաբանության հեղինակը Փարաջանովին համեմատում է Սահակաշվիլու հետ, ով, գոնե, հայերեն էր խոսում, իսկ Փարաջանովը՝ ոչ)։ Սա ավելի հեռուն է գնում ու հոգեկան հիվանդ հռչակում ռեժիսորին, ով, ըստ իրեն հասած տեղեկությունների, սպանել է սեփական կնոջը (Փարաջանովի առաջին կնոջը՝ ազգությամբ թաթար Նիգյարին, սպանել են վերջինիս եղբայրները, «ամուսնական ուխտը» խախտելու համար), բռնաբարել երիտասարդ տղաների, այսքանն էլ բավական չէ, դեռ սովետին էլ դեմ է եղել։ Մի խոսքով՝ հայ ազգն ունի այսպիսի խայտառակ մի «հանճար», ով, ըստ մեկնաբանության հեղինակի, նաև թուրքական ֆիլմեր է նկարել։ Այսօրինակ մեկնաբանությունները գրառման տակ այնքան շատ էին, որ, ինչ-որ պահից, այլևս տգիտության հաղթարշավի ակամա մասնակից էի զգում ինձ։

Որոշեցի հեռանալ գրառման տարածքից և խոսել Փարաջանովի հանճարի ու ոչ միայն այդ մասին, հույս ունենալով, որ ասելիքս տեղ կհասնի։

Սերգեյ Փարաջանովի կինոն հասկանալու համար այն պետք է վերլուծել անվերապահ զոհաբերության, անսահմանափակ բարության ու անհիշաչար սիրո ենթատեքստում, որովհետև Փարաջանովը, նախ և առաջ, քրիստոնեական խորքային գիտելիքների և արժեքային համակարգի կրող էր։ Նա այդպիսին էր իր էությամբ, հետո միայն հավատքի կամ կրոնաբանական ընկալումներում։ Փարաջանովի ստեղծած բոլոր ֆիլմերը, բացի ազգային խորը կնիք կրելուց, զոհաբերության ու սիրո մասին են, ստեղծված սովետական աթեիստական գաղափարախոսության ու տոտալ անաստվածության տարիներին, որտեղ եկեղեցի այցելությունն անգամ, շատ դեպքերում սովետական իշխանությունների կողմից կարող էր որոշակի վերաբերմունքի արժանանալ։

Սերգեյ Փարաջանովի արվեստը հագեցած է սիմվոլիզմով։ Այն ոչ միայն գեղարվեստական, այլև փիլիսոփայական բազմաշերտ կառուցվածք ունի, ազգային մշակույթի և արվեստի խորը վերամիավորմամբ, ինչն ամբողջությամբ ընկալելու համար համաշխարհային արվեստի պատմության մի ողջ դասընթաց պետք է անցնել, իսկ եթե այն չես անցել, ապա նրա ֆիլմերը բարձրարժեք արվեստի վիզուալ հրավառություն պետք է ընկալել և, օգտվելով առիթից, պարզապես հղկել ճաշակն ու ընդարձակել մտահորիզոնը, չմոռանալով երախտագիտություն հայտնել Աստծուն, Փարաջանովին և հանգամանքներին, որ ընձեռել է այդ հնարավորությունը։

Փարաջանովի ֆիլմերը լի են ժողովրդական մշակույթի տարրերով և պոետիկ պատկերայնությամբ։ Այս է պատճառը, որ ապրելով Ուկրաինայում, նա ստեղծում է ուկրաինական ամենաազգային կինոն՝ «Մոռացված նախնիների ստվերները», Վրաստանում անցկացրած տարիներին նկարահանում է վրացական ամենաազգային՝  «Սուրամի ամրոցի լեգենդները», իսկ Հայաստանում Փարաջանովն արարում է մինչ այսօր չգերազանցված ամենահայկական «Նռան գույնը»կինոժապավենը։  

Իսկ հիմա «թուրքական» «Աշուղ Ղարիբ» գլուխգործոցի մասին, որը Փարաջանովը նկարահանել է Ադրբեջանում 1988 թվականին։

Նկարահանման տարեթիվը նորից կարդացեք։ 1988։ «Աշուղ Ղարիբ» ֆիլմը Փարաջանովը թողարկել է Բաքվի ու սումգայիթյան ջարդերից անմիջապես հետո։

Ավելին՝ ադրբեջանական արյունոտ կոտորածի օրերին Փարաջանովը գտնվել է Բաքվում և մեծ դժվարությամբ, գրեթե հրաշքով  դուրս պրծել թրքահոտ մսաղացի ատամներից՝  նավով հեռանալով Բաքվից։ 

Ադրբեջանական խելահեղ ցեղասպանության ականատես Փարաջանովը, ջարդերից անմիջապես հետո, հանդիսատեսի ու համաշխարհային կինեմատոգրաֆի դատին է հանձնում Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանած «Աշուղ Ղարիբը», որ, թերևս, արդարացիորեն, նորագույն հեղինակային կինոյի ողջ պատմության ամենաքրիստոնեական ֆիլմը կարելի է համարել։ 

Այս ֆիլմի ստեղծման մասին Փարաջանովը պատմում է.

«Բաքվում կատարվածից շոկ ապրեցի։ Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ այդ ի՞նչ պատճառով կամ հանուն ինչի՞ մարդն այդ կերպ կարող է սպանել մարդուն։

Սյուժետային առումով «Աշուղ Ղարիբը» սիրահարված երիտասարդ տղայի սիրո պատմություն է, ով, տարիների դաժան դեգերումներից վերադառնալով, հույս է փափագում, որ սիրելի աղջիկը հայրենի գյուղում դեռ սպասում է իրեն։ Սակայն ֆիլմի բովանդակային խորը շերտերում, դրա փիլիսոփայական հիմքում քրիստոնեական անսահման հավատարմության, սիրո և անվերապահ զոհաբերության պատրաստակամության գաղափարն է։

Անհրաժեշտ էր կինոյի լեզվով ցույց տալ, թե ինչքան անզոր բան է մահը՝ կյանքի դեմ։ Հենց այդ ժամանակ էր, որ ուզում էի բարձրաձայնել՝ ո՞րն է եղել Հիսուսի զոհաբերության խորհուրդը, ինչի՞ մասին է Աստծո արքայությունը, և նկարեցի «Աշուղ Ղարիբը», որ անձնուրաց սիրո հիմն է, իմ, թերևս, ամենասիրելի ֆիլմը»։ 

Փարաջանովյան փիլիսոփայությունն ու կինոն արդարացիորեն չընկալողներին, բայց իրենց ընկալման սահմանափակությունները Փարաջանովի ուսերին բարդողներին, նրան թուրքական ֆիլմ նկարելու մեջ մեղադրողներին, Փարաջանովին բանտ նետած սովետական КГБ-ից առավել մարդատյաց հայերին ուզում եմ հիշեցնել ռեժիսորի՝  մահից օրեր առաջ արված խոստովանությունը։ Սա խոստովանություն է մի մարդու, ում ստեղծագործական ամենաբեղուն տարիներն անցան սովետական  ռեպրեսիայի մամլիչի  տակ՝ Դարնիցկայի ուղղիչ աշխատանքային գաղութում, այնուհետև՝ Լուգանսկի խիստ ռեժիմի բանտում, առանձնապես ծանր հանցագործների հետ նույն բանտախցում, որից տարիներ անց նույնիսկ, Փարաջանովը զրկված մնաց  նկարելու հնարավորությունից, ապրելով ծայրահեղ աղքատության մեջ, Թբիլիսիի հայրական կիսավեր տանը, որի կտուրն անձրևների ժամանակ կաթում էր.

«Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրելով…»,- մահից   օրեր առաջ խոստովանում է Փարաջանովը, ում ստեղծած այդքան չհասկացված ֆիլմերը լի էին խորքային հումանիզմով՝  միախառնված պատմությամբ, ազգային ավանդույթներով, միստիկայով ու հոգևոր որոնումներով։

Ազգային ինքնության և մշակույթի վերամիավորումը փարաջանովյան կինոյի առանցքում է եղել միշտ։ Աշուղ Սայաթ-Նովայի կյանքը նկարապատող «Նռան գույնը» ֆիլմում Փարաջանովը վերարտադրել է հայկական միջնադարյան գեղանկարչության և մանրանկարչության մոտիվները, ընդգծելով հայկական մշակութային ժառանգության կարևորությունը։ Այս ֆիլմը հասկանալու համար, այն պետք է դիտարկել հայկական միջնադարյան մշակույթի ենթատեքստում։ Այս է փարաջանովյան արվեստի ընկալման գաղտնիքը, որի մասին, ի դեպ, նախաբանում ընդգծվեց՝ նրա ֆիլմերը  հասկանալու համար ինտելեկտի մեծ պաշար է պետք, կամ գոնե դրան հասնելու ձգտում։

Խոսելով Փարաջանովի ստեղծած կինոյի տեխնիկայի մասին՝ զուտ կինոլեզվի տեսանկյունից, սա, իհարկե, անպատրաստ լսարանի համար խիստ մասնագիտական և դժվարըմբռնելի նյութ պետք է լինի։ Այնուհանդերձ, Փարաջանովի ֆիլմերը հեռու են դասական,  նարատիվային սյուժեներից։ Դրանք վիզուալ պոեզիա են հիշեցնում, որտեղ յուրաքանչյուր դետալ սիմվոլի լեզվով է։ Օրինակ, «Նռան գույնը» ֆիլմում նուռը կյանքի զոհաբերության ու հոգևոր վերածննդի սիմվոլն է։ Նրա ֆիլմերն առատ են հոգևոր խորհրդանշաններով, իսկ տեսարաններն ու կերպարները հաճախ սրբապատկերներ են հիշեցնում, ինչը խիստ տիպիկ է փարաջանովյան կինոյի տեսողական ոճին։

Այսպիսով, համաշխարհային նորագույն կինոյի պատմության մեջ Փարաջանովը չկրկնվող նորարար է, ով կոտրելով ընդունված կանոնները՝ ստեղծում է բոլորովին նոր կինոլեզու, այնպես, ինչպես ֆրանսիական «Նոր ալիք»-ի հիմնադիր Ժան Լյուկ Գոդարը, իտալական նեոռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Լուկինո Վիսկոնտին, իսպանացի սյուրռեալիզմի հայր Լուիս Բունյուելը, շվեդ կինոհանճար Ինգմար Բերգմանը, ռուսական կինոյի վտարանդի Անդրեյ Տարկովսկին

Բայց Փարաջանովը մեր խելքի բանը չէ։ 

Ես չեմ կարող պատկերացնել և հրաժարվում եմ հավատալ, որ, ասենք, ֆրանսիացին կամ իտալացին, ինչոր մի տեղ ապրող մի իսպանացի կամ մի ռուս կարող են այնպիսի ստորացուցիչ բնորոշումներով խոսել իրենց անհատականությունների մասին, ինչպիսին ես տարաբախտություն ունեցա ընթերցելու Փարաջանովի մասին գրառման արանքներում։ Հանճարեղ անհատականություններ, որոնց անունները տասնամյակներ շարունակ փառք, պատիվ ու հաղթանակներ են բերել այդ երկրներին ու համաշխարհային կինոմատոգրաֆին, հարյուրամյակներն էլ՝ առջևում են։  

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք կատաղել, մարդիկ, այս ի՞նչ մասսակայան փսիխոզ է, բարոյական ինքնաոչնչացման այս ի՞նչ ակտ է, չեմ հասկանում։

Այս ի՞նչ մասշտաբների հասած ինքնության ժխտում է։ Ի՞նչ է ձեզ հետ կատարվում։ Ուզո՞ւմ եք՝ եկեք իսպառ ինքնաոչնչացման մի օպերացիա ձեռնարկենք ու մաքրվենք, առհասարակ, էս հին ու հոգնած մոլորակի վրայից։ Առանց այդ էլ, այս պրոցեսը ձեզ հետ արդեն սկսել են ու հասել կեսին՝ առանց ձեր կամքն ու կարծիքը հարցնելու։

Ջնջում են ձեզ։ Բայց վերջակետը միասին ջանքերով դրեք՝ դուք ու ձեր թշնամիները, որ իրենց համար շատ հոգնեցուցիչ չլինի։ Ուրացե՛ք, մոռացե՛ք, հեգնե՛ք ու ինքնախայտառակության հիստերիկ նոպաների տակ ջնջե՛ք ձեր հետքերը պատմության քառուղիներից, մաքրեք ձեր տարիների վաստակը, հիմնահատակ թաղե՛ք ձեր գենետիկ կոդը, ինչ ա թե՝  դուք չեք հասկացել՝ ո՞վ է եղել Փարաջանովը, ինչի՞ մասին են նրա նկարահանած ֆիլմերը, ինչի՞ մասին է աղաղակել այդ մարդն իր արվեստի լեզվով, ի՞նչ պատգամներ և ճշմարտություններ է ձեզ ու ձեր սերունդներին ցանկացել փոխանցել նա։ Եվ դա այն տարիներին, երբ ճշմարտության մասին շշուկով բարձրաձայնելն անգամ սպառնում էր ազատության տոտալ և բիրտ կորստով, երբեմն նաև՝  սեփական կյանքի գին ուներ։ 

Ախ դուք չգիտե՞ք, չե՞ք հասկանում՝ ի՞նչ բան է ազատությունը։ Չգիտե՞ք, թե ինչպես են հարյուրամյակներ շարունակ ազգերն ու պետությունները մաքառել ազատության նվաճման և պահպանման համար։ Չե՞ք կարող երևակայել, որ եղել են ու կան անհատականություններ, ովքեր ճշմարտության և ազատության համար պատրաստ են եղել զոհաբերելու շատ բան, ընդհուպ մինչև՝ սեփական կյանքը։ 

Փոքրիկ հուշում ՝ սեփական արժանապատվության, ինչպես նաև ազատության պահպանման համար, նախ և առաջ, պետք է հասկանալ, գնահատել ու սրբորեն պահպանել, օրինակ, ազգային արժեքները, որոնցից մեկն էլ Սերգեյ Փարաջանովն է՝  ձեզ համար անհասկանալի իր արվեստով։ Փոխարենը, հավաքական մի մասսա ձեռք է առնում Փարաջանովին, հեգնում ու թքում է նրա երեսին ու միայն այն պատճառով, որ ինքը սահմանափակ կարողությունների տեր է՝ հասկանալու արվեստի գլուխգործոցը, և մեղավորն այստեղ միայն անհասկանալի Փարաջանովն է։

Լսե՛ք՝ հավաքվե՛ք։ Հավաքե՛ք ձեզ։ Ասենք, ձեզ արդեն հավաքել են, մնում է մի նոր Դեր Զոր գտնեն ու ձեզ մասսաներով տշեն այնտեղ՝ վերջնականապես փտելու։

Հիշո՞ւմ եք՝ ով էր ուզում աշխարհում մի հայ թողնել և այն էլ թանգարանում։ Փնտրեք ու վերծանեք 1911թ. Սալոնիկում կայացած համաթուրանական համագումարի բանաձևը, որի ռչակումով կառավարական որոշում ընդունվեց և կազմվեց հայերի բնաջնջման կոմիտեն։ Այս առիթով, արդեն 1915-ին թուրքական կառավարությունն իր նահանգապետերին ուղղված հրահանգ իջեցրեց.

«Թեև հայկական տարրի ոչնչացման հարցը վաղուց էր վճռված, հանգամանքները դեռևս թույլ չեն տվել իրականացնելու այդ սրբազան գործը։ Ներկայումս, երբ բոլոր խոչընդոտները վերացած են, և վրա է հասել մեր հայրենիքն այդ վտանգավոր տարրերից ազատելու ժամանակը, հաստատակամորեն հանձնարարվում է չենթարկվել խղճի խայթին ու ոչնչացնել բոլորին»։ 

Այդ ԲՈԼՈՐԸ դո՛ւք եք, Փարաջանովի կինոն չհասկացածներ, նրան ֆեյսբուքների պատերի տակ հեգնողներ, նրա լուսավոր արվեստին, անվանն ու հիշատակին ցեխ շպրտողներ։ Այդ ԲՈԼՈՐԸ դո՞ւք եք։ 

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս