
«Ինչո՞ւ Փաշինյանը, որպես փրկօղակ՝ չի կառչում այդ փաստաթղթերից, պատասխանը պարզ է. եթե ժողովուրդը հետևություն արեց՝ իշխանությունը ճամպրուկները կկապի». Հայկ Նահապետյան

Ադրբեջանական կողմից երեկ հերթական անգամ խոսվեց այն մասին, որ «խաղաղության պայմանագրում» չհամաձայնեցված կետերը վերաբերում են ՀՀ Սահմանադրությունը փոխելուն և, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում «գաղափարախոսական ուղերձի» ընթացքում խոսեց Սահմանադրությունը փոխելու և դրա համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։
Արդյո՞ք իշխանությունների օրակարգում «միջանցքի» հարցը ևս կա։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ բան բացառել հնարավոր չէ, քանի որ նա կատարում է բոլոր այն պահանջները, որոնք իջեցվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
«Նախ, «միջանցքի» մասին որևէ եռակողմ կամ երկկողմ պայմանագրում արձանագրված չէ։ Այս ամենը Թուրքիայի և նրա կուրատոր Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի ցանկությունն է, «միջանցքն» իրենց է պետք։ «Միջանցքի» մասին խոսք չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, այնտեղ դա վերաբերում է միայն Լաչինի միջանցքին։
Նույն այդ փաստաթղթով ճանապարհը, որն Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ՝ ՀՀ ինքնիշխան տարածք է։ Այսինքն՝ Ադրբեջանից Հայաստանով Նախիջևան և հակառակը՝ ճանապարհը մտնելով ՀՀ տարածք՝ պետք է անցնեն ՀՀ 2 ծառայություններով՝ սահմանապահ ու մաքսային, Ռուսաստանը միայն այդ փաստաթղթվ իրականացնելու է լրացուցիչ վերահսկողություն։
Հասկանալի է, որ մեր այդ տարածքը ստրատեգիական է բրիտանա-թուրքական «թուրան» ծրագրի համար։ Ցանկանում են ցամաքային կապ ստեղծել Թուրքիայի, Ադրբեջանի և միջին ասիական երկրների միջև։ Դրա համար ռուսական կողմը խիստ մտահոգ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Շարունակելով՝ Հայկ Նահապետյանն ասաց, որ երբ այս ամենի մասին խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմը, հասկանալի է, բայց երբ այդ մասին խոսում է հայկական կողմը՝ արդեն աբսուրդի ժանրից է։
Երբ ադրբեջանական կողմը բարձրաձայնում է իր ցանկությունները, իսկ ադրբեջանական կողմը շատ վաղուց է այս թեման դրել շրջանառության մեջ, հայկական կողմը կարող է հակադարձել այն 4 եռակողմ հայտարարություններով, որոնց ստորագրվել են, և որի տակ կա Ադրբեջանի ստորագրությունը։ Այդ փաստաթղթերում որևէ տեղ չի հիշատակվում «Զանգեզուրի միջանցքը»։
«Եթե իսկապես Փաշինյանը չի ուզում այդ «միջանցքը» տալ, ապա կարող է վերադառնալ նշածս փաստաթղթերին, այնինչ նա ամեն ինչ անում է, որ այդ փաստաթղթերից հետ կանգնի։ Պատրվակ է բերում, թե՝ եթե նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը չեն կատարել, ինչո՞ւ պետք է 9-րդ կետը կատարվի, և այլն։ Հիմա հարց՝ ինչո՞ւ Փաշինյանը, որպես փրկօղակ՝ չի կառչում այդ փաստաթղթերից, պատասխանը պարզ է՝ նա կոլաբորանտ իշխանություն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչն է ՀՀ-ում, սպասարկում է նրանց շահերը»,- ընդգծեց փորձագետը։
Նա նաև շեշտեց՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն Հայաստանում թշնամի երկրների շահերի սպասարկողն է, սակայն դրա վերջը գալիս է, քանի որ աշխարհում իրավիճակը փոխվում է։
«Երկու գերտերություն փորձում են կանգնեցնել Ուկրաինայում պատերազմը։ Մեր ժողովուրդը պետք է հստակ հասկանա, որ դրածո իշխանությունները թշնամի են հայրենիքի համար, և համապատասխան հետևություններ անի։ Եթե եղավ հետևությունները, ապա իշխանությունները շատ արագ իրենց ճամպրուկները կկապեն, նույնը կանի նաև Զելենսկին, որն իզուր չէր հանդիպել Էրդողանի հետ»,- հավելեց Հայկ Նահապետյանը։