«Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված այս ամբողջ թնջուկը կրում է  բացարձակ քաղաքական բնույթ, իշխանությունը սա չի էլ թաքցնում». Տնտեսագետ

Հուլիսի 31-ին  Դատախազությունը հայտնել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»։

Գագիկ Ծառուկյանին երկամսյա կալանքի տանելուց հետո նրա ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը նույնպես հանձնվել է ՀՀ կառավարությանը։ Այնտեղ արդեն ժամանակավոր կառավարիչ են նշանակել, որը Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականն է՝ Դավիթ Գևորգյանը։

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահն էլ Երևանի քաղաքապետարանն է վերցրել։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը խոսելով բիզնեսի նկատմամբ իշխանությունների այս գործողությունների մասին, ասաց՝ Հայաստանում հիմնականում խոշոր ներդրումները գնում են դեպի հանքարդյունաբերություն։ Հանքարդյունաբերության մեջ եկող ներդրումները ստվերային պայմանավորվածություններով են գալիս, հետևաբար՝ այդ ներդրողներին չի հետաքրքրում, թե տվյալ երկրում ինչ-որ մեկին ունեզրկո՞ւմ են, թե՞ չեն ունեզրկում։

Կարդացեք նաև

«Օտար ներդրողները տվյալ երկիր են գնում հատուկ վերաբերմունքով, ունենում են ահռելի շահութային ծավալ, որից էլ օգտվում են տվյալ երկրի պետական չինովնիկների մի մասը։

Որևէ կապիտալիստ մեկ այլ կապիտալիստի համար կամ արդարության նկատառումներից ելնելով՝ չի կարող կանգնել և օրենքը պաշտպանել։ Փոքր ներդրումները, որոնք կատարվում են, օրինակ, փոքր կրպակի կամ շենքի մեջ, կարող ենք առհասարակ չքննարկել, դրանք խոշոր ներդրումներ չեն։

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված այս ամբողջ թնջուկը կրում է  բացարձակ քաղաքական բնույթ, իշխանությունը սա չի էլ թաքցնում։ Մեկը կա, չէ՞, որ լատինաամերիկյան դիկտատորների գլխարկով, հստակ ասում էր` «Գագիկ Ծառուկյանին բոմժ եմ սարքելու», այս եմ անելու, այն եմ անելու», չեմ էլ ուզում նրա բառապաշարը կրկնել։ Հիմա նա փորձում է գնալ այդ ճանապարհով»,- 168.am հետ զրույցում ասաց Հրայր Կամենդատյանը։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ունեզրկելով՝ որոշ լյումպենացված մասսայի փորձում է դուր գալ։ Ակնհայտ է, որ նա ընտրությունները կեղծել է և լեգիտիմության պակաս ունի, ուստի փորձում է այդ պակասը լրացնել լյումպեն մասսայի զգացումներին հագուրդ տալով։

«Նիկոլ Փաշինյանը հենց այդ մասսային է ուզում ցույց տալ, թե՝ տեսեք, «հարուստին գետինն եմ տապալել, ոտքերն ու ձեռքերը կապել եմ»։ Այս ամբողջն անամոթություն է, բայց պետք է հիշեն, որ ոչինչ հավերժական չէ, և վստահ եմ, որ այս անօրինական պրոցեսը, քաղաքական ուղղորդումն իշխանափոխությունից հետո իր պատասխանը կստանա։

Այս ցինիզմն ու գավառական վրեժխնդրությունը հիմք են հանդիսանալու, որ ապագայում դատվելու են ՔԿ ղեկավարը, Գլխավոր դատախազը, այն բոլոր դատախազները, որոնք այս գործերով զբաղվում են։ Այդ դատերից հետո հենց նրանց են ունեզրկելու, քանի որ իրենց գույքով պետք է պատասխան տան անօրինականությունների այս շքերթի համար»,- հավելեց տնտեսագետը։

Հրայր Կամենդատյանը նաև շեշտեց՝ բնականաբար, բիզնեսի հետ իշխանությունների այս անօրինական վարվելակերպը կարող է մտահոգություններ առաջացնել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են որոշակի բիզնես հիմնել Հայաստանում, բայց երբ կապիտալն ունենում է 10 տոկոս եկամուտ՝ սկսում է աշխուժանալ, 20-ի դեպքում՝ հանդուգն է դառնում, 100-ի դեպքում՝ պատրաստ է յուրաքանչյուր հանցագործության։

«Այսօր շատերը չեն նկատում, որ տնտեսական վիճակը գնալով ծանրանում է, ներկա իշխանությունները մտածել են, որ տնտեսական վիճակի ծանրանալուն զուգահեռ՝ բյուջետային հասույթները նվազելու են, նաև ինչ-որ պահի կտրվելու են, պատկերացնում են դիկտատուրական լուծում՝ բռնագրավեն տնտեսական միավորները և դրանք ճանաչեն գերակա շահ։ Հետո ստվերային ձևով կվաճառեն, այդ վաճառքը կարող է լինել և իրենց մեջ, արդեն ձևավորված կապիտալիստական խմբերին, փորձելու են նաև հանրությանը վաճառել՝ հանրությանն այս հանցագործություններին դարձնելով «փայատեր», որպեսզի բյուջեն ինչ-որ կերպ լցնեն։

Այս ամենը դատապարտված է, որովհետև անալիզներն արել են, բյուջետային հասույթները նվազելու են, իսկ իշխանությունը նստելու է անզորության աթոռին»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 7-ին, ըստ ՔԿ տաածած հաղորդագրության՝  առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31