
Անկումները շարունակվում են․ տարին նոր է սկսվել, բայց կառավարությունը ցանկանում է փոխել բյուջեն

Անցած տարվա պետական բյուջեի կատարումը «բարեհաջող» տապալելուց հետո, իշխանությունների աչքը վախեցել է։ Ֆինանսական տարին դեռ նոր-նոր սկսած, հարկերի գերակատարումներով երբեմնի հպարտացող կառավարությունը, տարեսկզբին հայտարարեց բյուջեն ճշգրտելու ու նվազեցնելու մասին, հատկապես՝ եկամուտների մասով։
Տնտեսության բազմաթիվ ոլորտներում հարկային բեռն ավելացնելուց հետո էլ վախեցած են, որ բյուջեում դրված ցուցանիշները չեն կարողանալու կատարել ու նախապես ուզում են ապահովագրել իրենց։ Պատրաստվում են կրճատել բյուջեն, որն ընդամենը երկու ամիս առաջ են ընդունել։
Երկու ամսում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսության մեջ ու հարկերի հավաքման առումով, որ արդեն բյուջեն ճշգրտել-նվազեցնելու անհրաժեշտություն է առաջացել։ Դա նշանակում է, որ հույս չունեն, թե կկարողանան հասնել բյուջեում ամրագրված ցուցանիշների ապահովմանը։ «Երբ մենք 2024թ. պլանավորել ենք 2025թ. բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքվել է 2024թ.։ Այսինքն՝ 2024թ. վերջը ելակետային թիվ է։ 2024թ. իրական թվերը մի փոքր այլ են եղել, քան այն, ինչ մենք գրել էինք 2025թ. բյուջեն պլանավորելիս։ Այդ պատճառով որոշակիորեն ճշգրտվելու են այն կանխատեսումները, որոնք մենք ունենք 2025թ. հարկային եկամուտների վերաբերյալ։ Դեպի ներքև կանխատեսումներ են լինելու»,- տարեսկզբին հայտարարեց ֆինանսների նախարարը։
Խնդիրն այն է, որ այս տարվա բյուջեն պլանավորելիս կառավարությունում հույս ունեին, թե 2024թ. բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն այնքան վատ չի լինելու, ինչքան կարելի էր սպասել։
Կանխատեսել էին, որ բյուջեի հարկային եկամուտները կթերակատարվեն, բայց կկազմեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ՝ նախատեսված 2 տրիլիոն 614 միլիարդի փոխարեն։
Այսինքն՝ կթերակատարվեն 159 մլրդ դրամի չափով։ Բայց այդ կանխատեսումն էլ չիրականացավ։
Բյուջեի թերակատարումը տարեվերջին շատ ավելի մեծ էր, քան կանխատեսել էին կառավարության փայլուն գլուխները։ Ակնկալվող 159 միլիարդի փոխարեն՝ հարկային եկամուտները թերակատարվեցին շուրջ 223 մլրդ դրամով, 64 միլիարդով ավելի շատ, քան կառավարությունը կանխատեսել էր։
Տարեվերջին ընդհանրապես տապալեցին հարկերի հավաքագրումը, չնայած մինչ այդ էլ արդեն մեծ շեղում էր գոյացրել՝ 9 ամսում 150 մլրդ դրամի չափով։ Այն էլ՝ տնտեսությանն այդքան քամելուց ու հարկատուներին ճնշելուց հետո։
Չորրորդ եռամսյակում բյուջեի ճեղքը ևս 73 միլիարդով մեծացավ։ Ավելի շատ, քան նախորդ որևէ եռամսյակում։
Դեկտեմբերին նույնիսկ ավելի քիչ հարկ հավաքվեց, քան անցած տարի էր հավաքվել։
Անգամ հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձի գումարները ներառած՝ չհաջողվեց հասնել նախորդ տարվա մուտքերին։ Անկում արձանագրվեց, ինչն աննախադեպ էր՝ ինչպես նախորդ ամիսների, այնպես էլ՝ նախորդ մի քանի տարիների կտրվածքով։ Հույս ունեին, որ պիտի բարելավվի հարկերի հավաքագրումը, բայց ճիշտ հակառակը եղավ, ինչի հետևանքով ակնկալվող 159 միլիարդի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտների թերակատարումը կազմեց շուրջ 223 մլրդ դրամ։
Ընդամենը մի քանի ամսում 64 մլրդ դրամի շեղում թույլ տվեցին իրենց կանխատեսումներում։ Ու հիմա ստիպված են վերանայել այս տարվա բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշները, որոնք հիմնված են եղել նախորդ կանխատեսումների վրա։
Այս պահին դեռ հայտնի չէ, թե հաստատված բյուջեի համեմատ՝ ինչքանով են մտադիր նվազեցնել հարկային եկամուտները։ Բայց ենթադրվում է, որ մի քանի տասնյակ միլիարդ դրամի շեղում կարձանագրեն։ Նախատեսվածի համեմատ՝ հարկային եկամուտների շեղումը պատրաստվում են լրացնել պահուստային ֆոնդի հաշվին։ Չնայած պահուստային ֆոնդն էլ անսահման չէ։ Անցած տարի էլ հույսները դրել էին պահուստային ֆոնդի վրա, սակայն բյուջեի եկամուտների թերակատարումն այնքան մեծ էր, որ տարվա կեսերին արդեն պահուստային ֆոնդը դատարկ էր։ Դրա համար էլ բազմաթիվ ծախսեր ու ծրագրեր մնացին չկատարված կամ կիսատ։ Նույնը սպասվում է այս տարի։
Ժամանակին, երբ զգուշացնում էին կառավարությանը, թե դրված ցուցանիշները համահունչ չեն տնտեսական իրավիճակին ու սպասվող զարգացումներին, չէին լսում, ինչպես միշտ, ուշադրություն չէին դարձնում այդ զգացումներին։ Այդպես էլ ընդունեցին բյուջեն ու ընդունելուց կարճ ժամանակ անց՝ կանգնեցին այն վերանայելու խնդրի առաջ։
Հույս չկա, որ ոչ միայն այս տարվա բյուջեի պլանավորված հարկային եկամուտները կստացվեն, այլև տնտեսական աճն այնքան կլինի, ինչքան նախատեսել են, չնայած նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշների տապալումից հետո, այս տարի շատ ավելի համեստ աճ են դրել բյուջեում՝ ընդամենը 5,1 տոկոս։ Բայց հույս չկա, որ դա էլ կարողանալու են կատարել։
Արտաքին միջավայրը, որը վերջին տարիներին՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, դարձել էր Հայաստանի տնտեսության բարձր աճերի հիմքը, դադարել է նախկին ազդեցությունն ունենալ։ Անցած տարվա երկրորդ կեսից սկսած՝ այդ ազդեցությունն էապես թուլացել է։ Ոչ միայն չկան նախկին բարձր աճերը, այլև տարեվերջին դրանք գրեթե զրոյացան։ Նույնը սպասվում է նաև այս տարի։
Ակնկալվող բավականաչափ համեստ 5,1 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը, արդեն այժմ, հարցականի տակ է։ Հատկապես, երբ իշխանություններն իրենց արկածախնդրությամբ ու չկշռադատված քայլերով խորացնում են հակասությունները ԵԱՏՄ-ի հետ, որը վերջին տարիներին դարձել էր մեր տնտեսության բարձր աճերի լոկոմոտիվը։
Արդեն իսկ հնչում են մտահոգիչ հայտարարություններ՝ ԵԱՏՄ գործընկերների կողմից մեր տնտեսության նկատմամբ զգուշավորություն ցուցաբերելու վերաբերյալ։
Իրավիճակը առավել ևս կբարդանա, եթե արտաքին ազդեցությունների թուլացումն ավելի արագացված տեմպերով տեղի ունենա։ Իսկ դրա հավանականությունը բավական բարձր է։ Այդ պարագայում, իշխանությունների անգործության ու անադեկվատության պայմաններում, տնտեսությունը կարող է կանգնել անգամ անկման վտանգի առաջ, ինչն էլ ավելի կխորացնի բյուջեի նախատեսված եկամուտների ստացման արդեն այժմ առկա ռիսկերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ