Չեխիայում աջ պոպուլիստները հայտարարել են կոալիցիա կազմելու մասին
                                    Չեխիայում երեք աջ պոպուլիստական կուսակցությունների առաջնորդները նոյեմբերի 3-ին հայտարարել են կառավարող կոալիցիա կազմելու մասին։ Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
Ակնկալվում է, որ Չեխիայի վարչապետ կդառնա վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ANO) կուսակցության առաջնորդ միլիարդատեր Անդրեյ Բաբիշը, որը Չեխիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին։
Բաբիշը հայտարարել է, որ մտադիր է կառավարություն ձևավորել մինչև դեկտեմբերի կեսերը, որպեսզի հասցնի հաստատել 2026 թվականի բյուջեն։
Բացի ANO կուսակցությունից, կոալիցիայի մեջ, որպես կրտսեր գործընկերներ, մտնում են միգրացիայի դեմ արտահայտվող «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» (SPD) և «Ավտոմոբիլավարներն իրենց համար» կուսակցությունները:
Ընտրությունների արդյունքներով այս երեք կուսակցությունները միասին ստացել են խորհրդարանի ստորին պալատի 200 տեղից 108-ը:Երեք կուսակցությունների հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն «իրավունք չունի անդամ պետություններին պարտադրել այնպիսի որոշումներ, որոնք խաթարում են իրենց ներքին ինքնիշխանությունը»:
Աջ պոպուլիստական ANO կուսակցության առաջնորդն արդեն հայտարարել է Կիևին զինամթերքի մատակարարման՝ Պրահայի կողմից համակարգվող ծրագիրը դադարեցնելու մտադրության մասին: Բացի այդ, նա պլանավորում է լիովին բացառել Ուկրաինային տրամադրվող ցանկացած օգնություն Չեխիայի պետական բյուջեի հաշվին:
«Այս միջոցները պետք է օգտագործվեն մեր սեփական քաղաքացիների համար», – հայտարարել է 71-ամյա քաղաքական գործիչը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    