![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն ու աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասումը․ փոփոխություններ կլինեն Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ ևս
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Putin-Tramp.png)
Նախօրեին տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի երդմնակալությունից, ըստ էության, 20 օր անց։ Դատելով կողմերի տարածած հաղորդագրություններից, ինչպես նաև արած բարձրաստիճան մեկնաբանություններից՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարները զրուցել են մոտավորապես 1 ժամ, ունեցել արդյունավետ և կառուցողական խոսակցություն, պայմանավորվել վերսկսել փոխայցերը, բանակցությունները, ինչպես նաև՝ ունենալ հանդիպում։
Ռուսական պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, քննարկվել է Ուկրաինայում կարգավորման թեման։
«Դոնալդ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդրի խաղաղ ճանապարհով լուծման օգտին։ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը և համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։ ՌԴ նախագահը պաշտպանել է նաև ամերիկյան պետության ղեկավարի հիմնական թեզերից մեկը, որ եկել է մեր երկրների համատեղ աշխատանքի ժամանակը»,- նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրությունում։ Ըստ հաղորդագրության, զրույցի ընթացքում կողմերն արծարծել են նաև մերձավորարևելյան կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև տնտեսական ոլորտում երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների թեմաները։ Պուտինը Թրամփին հրավիրել է Ռուսաստան, սակայն Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը կարծես տեղի կունենա Սաուդիան Արաբիայում, որի մասին հայտարարել է Թրամփը։
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մեկուկես ժամ։ Հեռախոսազրույցներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե կարողանա վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները։
Նրա խոսքով՝ վերադարձ 2014 թվականի սահմաններին քիչ հավանական է։ Թրամփը նաև դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն՝ այդ հեռանկարը համարելով ոչ գործնական։
Բացի այդ, նա ասել է, որ հրադադարի առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա պատասխանել է, որ ժամանակավոր լուծում չի ուզում։
Թրամփը հավելել է, որ ակնկալում է Պուտինի այցը Միացյալ Նահանգներ և սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության մեջ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության։ Ըստ նրա, կարգավորման բանակցությունները սկսվելու են անհապաղ։
Թրամփը նաև նշել է, որ կարծում է՝ Պուտինը «խաղաղություն է ուզում»։
«Ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ նա ցանկանում է, որ դա ավարտվի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինայի հետ պատերազմը։ Մինչդեռ Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են սկսել աշխատել հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Մյունխենում տեղի կունենա բովանդակային զրույց Թրամփի և Զելենսկու թիմերի միջև։ Հանդիպմանը նախատեսվում է մշակել ապագա կարգավորման կառուցվածքը։
Ամերիկյան կողմի բանակցությունները վարելու են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
The Guardian-ը գրում է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու մի շարք այլ եվրոպական երկրներ հայտարարել են, որ Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ ցանկացած ապագա բանակցություններում Եվրոպան պետք է ներգրավված լինի։ Միաժամանակ ընդգծել են, որ միայն անվտանգության երաշխիքներով արդար համաձայնագիրը կարող է ապահովել կայուն խաղաղություն։
Եվրոպական երկրները շեշտել են, որ ակնկալում են այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել ԱՄՆ-ի դաշնակիցների հետ։ Այս մասին ասվում էր 7 եվրոպական երկրների և Եվրոպական հանձնաժողովի կողմից Փարիզում արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։ Հանդիպումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և, որ երկուսը պատրաստ են անհապաղ սկսել բանակցություններ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։
Ըստ Guardian-ի՝ այս զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում, քանի որ Թրամփն ու Պուտինը, ըստ եվրոպական առաջնորդների, կարծես բանակցում են մայրցամաքի անվտանգության ապագայի շուրջ՝ առանց Եվրոպայի ներգրավվածության։ «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն չի կարող լինել առանց եվրոպացիների մասնակցության»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։
Այս զարգացումների ֆոնին ուշագրավ ելույթով է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ով ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին կոչ է արել մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը և առաջնորդություն ստանձնել Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության ապահովման գործում։ «Ռազմավարական իրողությունները խանգարում են Միացյալ Նահանգներին՝ լինել Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխավորը։ ԱՄՆ-ը այլևս չի կարող կատարել այդ դերը, և տարածաշրջանում պետք է սպասել ամերիկյան ուժերի կրճատման»,- ասել է նա։
Ըստ Հեգսեթի՝ Ուկրաինայի վերադարձը մինչև 2014 թվականը գոյություն ունեցող սահմաններն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն «անիրատեսական» նպատակներ են, որոնք պետք է բացառվեն ցանկացած ապագա խաղաղ կարգավորումից։ Նա նաև անիրատեսական է համարել խնդրի կարգավորումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների միջոցով: «Փոխարենը՝ Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում ցանկացած երաշխիք պետք է ապահովեն մարտունակ եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»,- նշել է նա։
Հեգսեթն ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման դեպքում «դրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող առաքելության մաս, և նրանց վրա չպետք է տարածվի դաշինքի հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը»: Նախարարը հավելել է, որ ամերիկացի զինվորականները ոչ մի պայմաններում չեն տեղակայվի Ուկրաինայում:
Թրամփ-Պուտին բանակցությունները և ամերիկյան նոր քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող իրադարձություններին, այլ ողջ աշխարհին, ինչպես նաև հետսովետական տարածաշրջանին, մասնավորապես՝ Հարավային Կովկասին, ինչպես նաև ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները թուլացնող և դեպի Արևմուտք ձգտող, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտություններ ունեցող և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանակցող ու սերտ հարաբերություններ ունեցող Հայաստանի Հանրապետությանը։
Անդրադառնալով բանակցություններին ու սպասելիքներին, ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարների առաջին հեռախոսազրույցի արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները նման առճակատման պայմաններում գոհացնող պետք է որակել, քանի որ ընդհանուր առմամբ կա տրամադրվածություն, կոնսենսուս՝ ավարտել պատերազմը ու գալ համաձայնության։ Ըստ նրա, Միացյալ Նահանգների նոր վարչակազմի ներկայացուցիչներից հնչող հայտարարությունները Ուկրաինայի հակամարտության, ապագայի վերաբերյալ թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է մեծ կոնսենսուս։
«Սակայն ակնհայտորեն դրանք հեշտ բանակցություններ չեն լինելու, քանի որ ԱՄՆ ներկայիս նախագահը ցանկացած գործընթացում գործում է՝ որպես բիզնեսմեն, և չի առաջնորդվում դասական քաղաքական գործչի տրամաբանությամբ։ Դա թե հեշտացնում է գործը, թե բարդացնում։ Ուստի դեռևս հեռուն գնացող մեկնաբանություններ պետք չէ անել, քանի որ սրանք լինելու են բարդ բանակցություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ իսրայելապաղեստինյան հակամարտությունը, իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Իրանի հետ կապված հետագա զարգացումները։
«Այս վարչակազմի համար մերձավորարևելյան ռեգիոնն ամենակարևոր ռեգիոնն է դարձել, ըստ էության, լսում ենք, թե Գազայի վերաբերյալ ինչ հայտարարություններ են արվում Թրամփի կողմից։ Ի տարբերություն Ուկրաինայի, Թրամփի համար էական են Իսրայելի շահերը, դրանց առաջմղումը, ինչը նշանակում է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, խնդրահարույց զարգացումներ կարող են լինել Իրանի ուղղությամբ։ Սակայն պաշտոնական հաղորդագրությունում այս թեմայի ներառումը նշանակում է, որ Ռուսաստանը կարող է միջնորդի դերակատարություն ստանձնել և Իրանի հարցում մեղմել ԱՄՆ դիմակայությունը»,- ասաց Խրամչիխինը։
Այսինքն, նրա կարծիքով, բանակցությունները լինելու են բազմավեկտոր և ներառելու են այլ ռեգիոններ ևս։
«Սակայն կան խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում են բանակցային ձևաչափին։ Հակված եմ կարծել, որ Միացյալ Նահանգները ցանկանալու է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն՝ որքանո՞վ ընդունելի կլինի նաև եվրոպական երկրների ներգրավումը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համար, հարց է։
Այս հարցը կարող է տարաձայնությունների պատճառ դառնալ արևմտյան համայնքի ներսում։ Այնուամենայնիվ, Իրանի հարցը լինելու է ռուս-ամերիկյան օրակարգում։ Կարծում եմ՝ սրան նպաստել է նաև ՌԴ-Իրան վերջերս ստորագրված Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Խրամչիխինը գտնում է, որ Ռուսաստանը փորձելու է ամրապնդել իր թուլացող դիրքերը Հարավային Կովկասում։
«Սակայն թե ինչպես ու ինչ միջոցներով դա կարվի, բարդ է ասել. թե Հայաստանը, թե Ադրբեջանը ներկայումս խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Մյուս կողմից՝ Թուրքիան է ամրապնդում իր դիրքերը, որից մշտապես փորձում է օգտվել Ադրբեջանը։ Ուստի այս ամենը հաշվի առնելով, կարելի է կանխատեսել ռեգիոնալ մակարդակում բանակցությունների ակտիվացում։ Աշխարհաքաղաքական այս փոփոխությունները թերևս կանդրադառնան ՌԴ դիրքերի վրա՝ մեծացնելով ՌԴ դերակատարությունը նաև Իրանի հարցում և Իրանի համար։ Սա իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասում ռուս-իրանական համագործակցությունը, հետևաբար՝ նաև ՌԴ դերակատարությունը։ Շատ փոփոխություններ են սպասվում, սակայն դրանք փուլ առ փուլ են տեղի ունենալու։ Ներկայումս գլխավորը բանակցությունների վերսկսումն է»,- նկատեց Խրամչիխինը։