3-ամյա Տիգրանի ծնողների հարցը օրակարգում է. քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը
                                    Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են փռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
«Հրավիրել ենք երեխայակենտրոն կառույցների՝ ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ։ Հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը», – նշեց Գալոյանը։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է. խեղդամահ անելով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։
Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    