Վուչիչը ցույցերի ֆոնին հայտարարել է Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին
                                    Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին մինչև խորհրդարանի լիազորությունների ընթացիկ ժամկետի լրանալը։
«Հարգելով ցուցարարների պահանջները, որոնք զգալի փոքրամասնություն են ներկայացնում մեր երկրում, մենք կընդառաջենք նրանց, և ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ», – մեջբերել է Վուչիչի խոսքը Srbija Danas պարբերականը։ Նա ասել է, որ ստույգ օրերը կորոշվեն ավելի ուշ։
«Ե՞րբ։ Այդ մասին որոշում կկայացնի լիազորված մարմինը։ Իսկ ժողովուրդն ընտրություններում ցույց կտա, թե որ քաղաքականությանն է հավանություն տալիս», – ասել է նա։
Սերբիայում 2024 թվականի նոյեմբերից շարունակվում են բողոքի ցույցերն այն բանից հետո, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում փլվեց կառամատույցի ծածկը, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ։ Ցուցարարները ողբերգության համար մեղադրում են երկրի իշխանություններին։
Նրանց պահանջներից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Օգոստոսի կեսերին բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ կանոնավոր բախումների։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    