«Փաշինյանն ընկել է իր հյուսած թակարդը. 1 վայրկյանում հիմնը կփոխի և կերգի «Боже, Царя храни!»». Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել, որում արձանագրում է, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը՝ Հայաստանին զինվելու մեջ մեղադրելով, Արևմտյան Ադրբեջանի թեզն առաջ քաշելով ու Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալով, բայց նույն հոդվածում նաև շեշտում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: «Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից»,- գրել է Փաշինյանը:

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ հոգեբանական խնդիր է՝ երբ մարդը շարադրում է մի միտք, որի սկիզբը հակասում է հաջորդ հատվածին: Նա բացատրություն ունի, թե ինչո՞ւ է այդպես:

Փաշինյանը հայտնվել է իր իսկ հյուսած թակարդում. նրա միակ հույսն Էրդողանն է

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով այլևս փակուղու մեջ է, նա հայտնվել է իր իսկ հյուսած թակարդում և ուստի անում է ցայտնոտային քայլեր, որոնք ավելի են վատթարացնում ոչ միայն իր, այլև, ցավոք, Հայաստանի վիճակը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում շեշտեց Զոհրաբյանը՝ վկայակոչելով միջազգային տարբեր կենտրոնների վերլուծություններ՝ 2025-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կանխատեսումներով:

Կարդացեք նաև

«Եթե անգամ այդ կենտրոնների ռազմական վերլուծությունները թողնենք մի կողմ և ուղղակիորեն հենվենք Ադրբեջանի քաղաքական էլիտայի, Ադրբեջանի Միլլի մեջլիսում օրեր առաջ հնչող ռազմատենչ հայտարարությունների վրա, Ալիևի արած հայտարարությունների վրա, որ իրենք ամեն միջոցով լուծելու են իրենց խնդիրները, Թրամփի ինագուրացիայից հետո հնչած հայտարարությունների վրա, աշխարհում վերահաստատվում է ուժով հարցերը լուծելու քաղաքականությունը: Ալիևն ասում է, որ այն բռունցքի քաղաքականությունը, որ ընտրել են Հայաստանի հանդեպ, ճիշտ և արդարացված է: Նիկոլը վերածվել է աշխարհաքաղաքական մուրացիկի, ով փորձում է խաղաղություն բառը, որը ծամելու համար շատ հաճելի է, դեմոկրատական ծամոն է, այդ բառը ծամելով աշխարհաքաղաքական մուրացիկի իր կեցվածքով փորձել աշխարհաքաղաքական կենտրոններից բարեհաճություն աղերսել: Բայց մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական ցնցոտիավոր մուրացիկի այս մարտավարությունը ծիծաղելի է:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չունի երբեմնի իր աշխարհաքաղաքական տերերի աջակցությունը՝ նկատի ունեմ Բայդենի հեռանալուց հետո, և դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ արեցին, որ կազմակերպեն Թրամփ-Փաշինյան հանդիպում, բայց արդյունքում ստացան կորիդորում մի հանդիպում, երևի Նազելի Բաղդասարյանի կամ Արսեն Թորոսյանի հեռախոսով նկարված»,- ընդգծեց նա՝ հավելելով՝ Փաշինյանը մնացել է թուրք-ադրբեջանական տանդեմի հույսին:

«Նրա միակ հույսն Էրդողանն է: Փաշինյանի այս ջղաձգումները, այս ոչ ադեկվատ պահվածքը՝ նստել 7 համարի ավտոբուս, իջնել 11 համարի ավտոբուսից, այս պոպուլիստական աջաբսանդալը, որով փորձում է աշխարհաքաղաքական կենտրոններին ցույց տալ, թե ինքը դեռ լեգիտիմ է և վայելում է հասարակության մեծամասնության աջակցությունը, որովհետև մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական կենտրոնները, հատկապես՝ Ռուսաստանը, աշխատում է այն ղեկավարների հետ, որոնք ունեն հասարակության մեծ մասի աջակցությունը: Եթե վաղը Ռուաստանը Փաշինյանին իշխանությունը պահելու երաշխիքներ տա, որը չի լինի, մեկ վայրկյանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հիմնը կփոխի և մեզ բոլորիս կպարտադրի երգել «Боже, Царя храни!»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս