Միայն Հայաստանն է, որ չի ցանկանում ռեսուրսներ ձևավորել՝ կենդանացնելու նոյեմբերի 9-ի եռակողմը, ՀՀ-ի համար դա մեռած փաստաթուղթ է. եթե ԱՄՆ-ին պետք լինի, անգամ նա հղում կանի դրան. Թևան Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին, այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով:
Իսկ բաց հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում են նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում։ Այսինքն, ամեն ինչ սկսել նոր և մաքուր էջից: Եվ սա ասում է մի մարդ, ով իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշեց սկսել զրոյական կետից, իսկ թե ինչ ունեցանք դրա արդյունքում՝ ավելորդ է հիշեցնել: Արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն այդքան հեշտ է սկսել նոր էջից, արդյո՞ք դեռևս չստորագրված խաղաղության պայմանագիրն այդ նոր էջի հիմքն է դնելու, իհարկե՝ ոչ:
Հենց այս քննարկմանը Փաշինյանն ինքն է խոստովանել, որ չնայած հսկայական առաջընթաց են գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և նախագծային փուլում գտնվող խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ են ամբողջական համաձայնության հասել, բայց եթե գործընթացն ամբողջությամբ ավարտեն, չկա երաշխիք, որ այն հաջող կլինի:
«Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված՝ Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով։ Բայց մյուս կողմից, եթե ինձ հարցնեիք` ես լավատե՞ս եմ, թե՞ վատատես, այդ հարցին ես կպատասխանեի, որ չեմ կարծում, որ մենք պետք է լինենք լավատես կամ վատատես, մենք պետք է լինենք նախաձեռնող, ստեղծագործող և շարունակաբար աշխատենք այդ օրակարգի իրականացման ուղղությամբ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործընթացը հաջող կլինի, դրա միակ երաշխիքը համառ աշխատանքն է, ստեղծագործող և նախաձեռնող լինելն է, չհանձնվելն է և շարունակաբար ցանկալիին հասնելու համար աշխատելն է»,- նշել է Փաշինյանը, ըստ էության, ցույց տալով, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների «մաքուր էջը» կախված չէ միայն երկրի ղեկավարներից, և, որ խաղաղության օրակարգը հայաստանյան հանրության շրջանում լավատեսության հիմքեր չի ստեղծել:
Ինչ վերաբերում խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերին, Փաշինյանն ասել է, որ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։
«Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:
Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չե՞նք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք»:
Արդյո՞ք վերջին պարբերության համատեքստում Փաշինյանը տեղավորում է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարության փաստը, քանի որ ուզենք թե չուզենք՝ սա առնչվում է Հայաստանի հետ, հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի հետ՝ 2020 թվականի պատերազմի տրամաբանության մեջ, որի հետ կապված ականատես ենք եղել Փաշինյանի վախերին: Ավելին, արդյո՞ք Ալիևը պատրաստ է վերջ դնել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությանը, որն օգտագործել է նաև իր ներքին քաղաքական կյանքում, ինչ բացատրություն է տալու նա իր հասարակությանը, որոնց նաև դատարան են բերում՝ մասնակցելու այդ դատական բեմականացմանը:
Այսինքն, մեկ բան է, ինչ հայտարարում է Փաշինյանը, այլ բան է՝ ինչ է հուշում իրականությունը, և այստեղ Փաշինյանի քաղաքական «ճկունությունը», թե կարող են համաշխարհային խաղաղության մեջ ներդրում ունենալ, չի փրկի:
Ի դեպ, նրա խոսքերին լուրջ չեն վերաբերվում հենց Ադրբեջանում՝ հիշեցնելով, թե քանի անգամ է խոսք և դիրքորոշում փոխել:
Գնացել է ԱՄՆ վերնախավի հետ հանդիպում աղերսելու. Ո՞ւմ են ուղղված Փաշինյանի հայտարարությունները
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ ասում է, որ գործող իշխանությունները պարտությունը հասցրել են այն մակարդակի, որ բացարձակ կապ չունի, թե ինչ է հայտարարվում, որովհետև Ադրբեջանն իր գաղափարներն է առաջ տանում:
«Կապ չունի՝ Հայաստանն ինչ է առաջարկելու Ալիևին, վերջինը նպատակ չունի ստորագրել խաղաղության պայմանագիր, նպատակ չունի Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, միակ նպատակը Հայաստանի Հանրապետության վերացումն է: Կրկնում եմ, 2020 թվականի նոյեմբերից գործող իշխանությունները սա են ասում, նա են ասում, բայց ամեն ինչ կախված է Ադրբեջանի ցանկությունից: Իսկ Ադրբեջանի ցանկությունը «ատամի տակն է», ուտելուց էլ բացվում է, այսինքն՝ այն պահին, երբ ատամը թույլ է տալիս ավելի շատ բան ուտի, ուտում է: Դե հիմա ինչ ուզում են, թող ասեն:
Հիմա գնացել է ԱՄՆ, էդ մի սենյակում եղածների հետ է խոսացել, և այնտեղ արտահայտված որևէ միտք ո՛չ Ադրբեջանի համար է, ո՛չ Ամերիկայի, ո՛չ հայերի և Հայաստանի, այլ, որ մեկ էլ տեսար՝ այդ սենյակում հանկարծ մեկը ոգևորվի, գնա, ասի՝ Թրամփ, հանդիպի էլի Փաշինյանի հետ, կամ՝ մեկնումեկին ասա թող հանդիպեն, որ հետո այդ ամեն ինչն օգտագործեն PR-ի համար: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը բան հասցնելուն, դա ո՞ր միջազգային հանրությունն է, որ ասել էր՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրեք, լավ կլինի՞, թե՞ որ ասել էին՝ թույլ չեն տա էթնիկ զտում: Էդ որ ուզում է միջազգային հանրությանը բան ասի, բա՞ն է փոխվել:
Կարո՞ղ է Թրամփի ընտրվելով միջազգային հանրությունը դարձել է ականջալուր: Միջազգային հանրությունը հայկական շահերի վրա «թքած» ունի, իզուր ջանքեր են, եթե դա չի բխում իրենց իսկ շահերից»,- մանրամասնեց Թևան Պողոսյանը:
Թե որքանո՞վ կարող են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները լինել իրականում ռազմավարական, ո՞ր դեպքում, ո՞վ է ԱՄՆ-ին առավել հետաքրքիր՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը, քաղաքագետն ասաց, որ դա կախված է նրանից, թե ԱՄՆ նոր ադմինիստրացիան ինչպես է գնահատում Հայաստանի դերն իրենց շահերի համակարգում, այսինքն, ԱՄՆ-ն է որոշելու՝ որքանով:
«Եթե դիտարկենք՝ ի՞նչ կարող է Հայաստանն անել, որ դառնա հետաքրքիր, և ԱՄՆ-ն նրան ընդունի ռազմավարական առումով, կա մի քանի խնդիր, որի ուղղությամբ պիտի հայ ազգն աշխատի, բայց կան նաև խնդիրներ, որ կախված են մեր աշխարհագրությունից՝ որքանով է մեր աշխարհագրությունը նպաստում դրան: Եթե չի նպաստում, ինչ էլ ուզում եք արեք, չենք դառնալու ԱՄՆ-ի համար ռազմավարական երկիր: Իսկ Ադրբեջանն ունի այնպիսի աշխարհագրություն, օրինակ, կար հետաքրքրություն դեպի Աֆղանստան թռիչքների համար, Իրանի դեմ գործողությունների համար էր հետաքրքիր, և այլն:
Սրան գումարում ենք նաև նավթը, ամերիկյան փողերը, և այս պարագայում ավելի ուժեղ իրավիճակ է ձևավորվում, քան այսօրվա Հայաստանի դեպքում: Ամեն դեպքում, կա՞ մի բան, որ կարող է Հայաստանն անել: Այո, կարող է պարզվի, որ Հայաստանում մի այնպիսի յուրահատուկ երևույթ կա, բնական պաշար, որը կարող է աշխարհին հետաքրքիր լինել և հենց այդ օրը ԱՄՆ-ն ամեն ինչը կմոռանա ու կդառնա Հայաստանի ռազմավարական գործընկերը: Դեռ ուսումնասիրությունները նման բան ցույց չեն տալիս, բայց ով գիտի:
Մյուս կողմից, կա նաև մարդկային կապիտալը, այսինքն, ՀՀ-ում գիտնականներն այնպիսի գյուտ պիտի հորինեն, որը կդառնա ԱՄՆ-ի համար շատ կարևոր, կամ՝ ԱՄՆ շահերից բխող գործարան բացեն, և վերջապես հրեական մոդելով այնքան հայ ազգից կոնգրեսմեն, սենատոր ունենանք, այնքան հայ ԱՄՆ բոլոր բնագավառներում ներգրավված լինի, որ ամերիկյան քաղաքականության շրջանում ձևավորվի այն ընկալումը, որ Հայաստանը կարող է լինել դաշնակից»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Եթե ԱՄՆ-ին պետք լինի, հղում կանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմին
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարթությունից տեղափոխվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոնտեքստ, թե որքանով է այն այսօր դե ֆակտո ուժի մեջ, որի տակ ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը, Թևան Պողոսյանն ասաց, որ դրա գոյություն ունենալ-չունենալը կախված է նրանից՝ ինչպես ես կարողանում դու այն օգտագործել:
«Եթե կա այն ուժը, որը կարող է օգտագործել, կպարզվի՝ մեկ օրվա մեջ այն կենդանացած փաստաթուղթ է, ընդ որում՝ եթե ԱՄՆ-ին պետք լինի, եթե անգամ նրա ստորագրությունը չկա այդտեղ, հղում կանի դրան: Այսինքն, օգտագործողից է կախված, իսկ այդ ստորագրողները ևս, երբ անհրաժեշտ գտան, օգտագործելու են այդ հայտարարությունը, քանի դեռ այն դե յուրե ուժի մեջ է: Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանին հետաքրքրում է միայն 9-րդ կետը, Ռուսաստանը նույնպես իր շահերից ելնելով՝ դա կարող է դե ֆակտո կենդանացնել: Ցավոք սրտի, միայն Հայաստանն է, որ չի ցանկանում ռեսուրսներ ձևավորել՝ կենդանացնելու եռակողմ հայտարարությունը: Հայաստանի համար դա մեռած փաստաթուղթ է, իսկ մնացածները, կրկնում եմ, պետք եղած ժամանակ այն կենդանացնելու են»,– շեշտեց նա:
Ի՞նչ պետք է այս իրավիճակում անի հայաստանյան ընդդիմությունը. Այս առնչությամբ Պողոսյանն ասաց՝ կարող է ներքին կյանքի վրա ազդել և փոխել գործողներին: Բայց այստեղ իշխանության լեգիտիմ լինել-չլինելու հարց կա, և անհրաժեշտ է հանրությանը բացատրել և արթնացնել, որը կարող է աստիճանաբար սկսվել:
«Այստեղ այլ խնդիր էլ կա. հենց մեկը փորձում է մի բան անել, միանգամից մեղադրում ենք՝ չես կարող, բայց մնացածները ոչ մի բան չեն անում: Իսկ եթե դուք ոչ մի բան չեք անում, դուք ի՞նչ իրավունք ունեք որևէ մեկին մեղադրելու, ով գոնե փորձում է մի բան անել»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: