«Մարդկանց մոտ տարածված խոսույթ կա, թե՝ բա գնամ սիստեմա ստանամ, անոթներս մաքրեմ․ չկա՛ նման բան»․ Վիրաբույժ
Մարդու օրգանիզմում տարբերվում են զարկերակային և երակային անոթային համակարգերը։ Իսկ թե ի՞նչն է հանգեցնում անոթների պատերի ախտահարմանը, բուժման ի՞նչ եղանակներ կան, այս մասին զրուցել ենք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային կլինիկայի ղեկավար, անոթային վիրաբույժ Վրեժ Հովակիմյանի հետ։
– Ո՞վ է անոթային վիրաբույժը, ինչո՞վ է զբաղվում։
– Միջին դարերում մարդու անոթային համակարգը համեմատում էին գետի հետ՝ անվանելով կյանքի գետ, և անոթային վիրաբույժն այն մարդն է, ով թիավարելով գետի մեջ՝ փորձում էր հեռացնել ոչ պիտանի իրերը։ Անոթային վիրաբույժը զբաղվում է օրգանիզմի բոլոր անոթներով՝ զարկերակներով, երակներով, բացի գլխուղեղի և սրտի անոթներից։ Թյուր կարծիք կա, որ անոթային վիրաբույժի պետք է դիմել միայն ստորին վերջույթների՝ ոտքերի լայնացած երակների առկայության դեպքում, բայց այդպես չէ։

– Անոթային խնդիրները որևէ հիվանդության պատճա՞ռ են, թե՞ հետևանք։
– Նախ կցանկանայի տարբերակել բոլոր այն հիվանդությունների խմբերը, որով զբաղվում է անոթային վիրաբույժը։ Դրանց մեջ մտնում են ինչպես սուր վիճակները, որոնք կարող են լինել անոթի վնասմամբ, դրսևորվել արյունահոսությամբ, այնպես էլ անոթների խցանումները՝ թրոմբների միջոցով, քրոնիկ վիճակները, որոնք զարգանում են աստիճանաբար։
Առաջին խմբի ամենատարածված հիվանդությունները ստորին վերջույթների վարիկոզ լայնացած երակներն են, որոնք ունեն մի շարք ռիսկի գործոններ․ առաջին տեղում ժառանգականությունն է, հղիությունը, ծննդաբերությունը, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը, հորմոնալ խանգարումները։
Երկրորդ տեղում զարկերակների ախտահարումներն են․ հիմնական պատճառն աթերոսկլերոզն է, որը տարիքի հետ գլուխ է բարձրացնում։ Աթերոսկլերոզի պարագայում հիմնական ռիսկի գործոնը հայերի դեպքում ծխելն է, ապա՝ բարձր զարկերակային ճնշումը, ավելորդ քաշը, սակավաշարժ կենսակերպը, օդի աղտոտվածությունը, սննդի մեջ մեծ քանակով ճարպերի օգտագործումը։
Տարածված հիվանդությունների մյուս խումբն անոթների լայնացումներն են, որոնք կարող են ունենալ տարբեր տեղակայումներ։ Ամենահաճախ հանդիպողը կրծքային և որովայնային աորտայի, սրտից դուրս եկող հիմնական անոթներն են, որոնք ճյուղեր են տալիս գլխուղեղին, վերին վերջույթներին, որովայնի խոռոչի օրգաններին, ոտքերին։ Անոթի պատի արտափքվածությունը կամ լայնացումը կոչվում է անևրիզմա։
– Ի՞նչն է հանդիսանում անոթների խցանումների պատճառ և ինչպե՞ս են բուժվում։
– Անոթների խցանումները կարող են լինել սուր և քրոնիկ։ Սուր պատճառները թրոմբներով կամ էմբոլներով խցանումներն են։ Թրոմբն անոթի մեջ առաջացող մակարդուկն է, որը կարող է առաջանալ անոթի վնասման, մակարդելիության համակարգի խանգարման հետևանքով կամ անոթի միջոցով արյան հոսքի դանդաղման պատճառով։ Երբեմն թրոմբ առաջանում է այլ վայրում․ պայմանական դա սրտամկանի խոռոչն է, ձախ նախասիրտը, ու այնտեղից կարող է արյան հունով պոկվել և տարբեր տեղեր խցանել․ գլխուղեղի, որովայնի խոռոչի, ոտքերի, ձեռքերի անոթներ։ Սա անվանում ենք էմբոլ։
Բուժումը կարող է լինել և՛ դեղորայքային, և՛ վիրահատական։ Վիրահատությունը կարող է լինել բաց, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներով՝ ներանոթային միջամտությամբ։ Կան նաև անոթների քրոնիկ խցանումներ, որոնք առաջանում են աստիճանաբար և, որպես կանոն, սկզբնական շրջանում բերում են հիվանդի կյանքի որակի վատացման։ Քանի որ ունենք սովորություն շատ ուշ դիմել բժշկի, երբեմն կարող ենք դիմել հիվանդության վերջին փուլերում և ունենալ իրավիճակներ, երբ կարող ենք կորցնել ոտքը, ունենալ աղիների, երիկամների հետ կապված խնդիրներ, ինսուլտ։
– Ինչպե՞ս մարդը վաղ փուլում հասկանա, որ ունի անոթային խնդիր։
– Կան ախտանիշներ, որոնք կարող են ցույց տալ, որ մարդու մոտ առկա է խնդիր, բայց միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կարող ենք հասկանալ՝ անոթային խնդի՞ր է, թե՞ ոչ։ Վարիկոզ՝ լայնացած երակների պարագայում ստորին վերջույթներում տեսնում ենք որդանման կամ խաղողի ողկույզի նման արտահայտված երակներ, կարող է լինել այտուց, ոտքերում ծանրության, հոգնածության զգացում։ Այս դեպքում կատարվում է զննում, դուպլեքս հետազոտություն։
Եթե խոսենք ստորին վերջույթների զարկերակային խնդիրների մասին, ապա այն, որպես կանոն, ուղեկցվում է ոտքերի գունատությամբ, սառնությամբ և, այսպես կոչված՝ ընդմիջվող կաղությամբ, երբ մարդը քայլում է ֆիքսված տարածք, մկանում ունենում է ցավ և ստիպված է լինում կանգնել, հանգստանալ, ապա շարունակել քայլել։
Երրորդ խումբը քնային զարկերակների ախտահարումներն են։ Խոսքը գլխուղեղ գնացող անոթների մասին է։ Դրանք կարող են ուղեկցվել տեսողության խանգարմամբ, գլխապտույտով, գիտակցության կորստով։ Վերջին փուլում ինսուլտն է։
Մյուս կարևոր խումբն աորտայի լայնացումներն են, որոնք, ցավոք, մեծ մասամբ հայտնաբերվում են պատահական՝ այլ խնդիրների դեպքում հետազոտությունների կամ ավելի վատ տարբերակի՝ պատռման ժամանակ։ Այլ կերպ աորտայի անևրիզմաներն անվանում են լուռ մարդասպան, որովհետև հիվանդները չեն զգում լայնացած աորտայի առկայությունը։ Երբեմն կարող են զգալ որովայնում պուլսացվող գոյացության ձևով կամ բորբոքման դեպքում՝ որովայնում ցավի տեսքով, իսկ պատռման դեպքում՝ գոտկային շրջանում արտահայտված ցավերով, ճնշման անկմամբ և գիտակցության կորստով։ Դրա համար շատ կարևոր են սկրինինգային հետազոտությունները՝ հատկապես աորտայի լայնացումների և քնային զարկերակների ախտահարումների դեպքում, որովհետև, օրինակ, աորտայի պատռումն ուղեկցվում է 80 տոկոս մահացությամբ, իսկ քնային զարկերակների նեղացումների դեպքում կարող է լինել ինսուլտ, հանգեցնել հաշմանդամության, նույնիսկ ունենալ մահացու ելք։
– Հիվանդության զարգացումը կանխելու համար մարդը ո՞ր տարիքից կարող է, օրինակ, դուպլեքս հետազոտություն կատարել։
– Այստեղ նույնպես պետք է տարբերակենք հիվանդությունների խումբը։ Եթե վերցնենք վարիկոզը, ապա այն ավելի շատ երիտասարդների հիվանդություն է, բնորոշ է կանանց՝ կապված հղիության, ծննդաբերության, հորմոնալ ֆոնի հետ։ Չկա հստակ տարիք։ Ավելի տրամաբանական է խոսել գանգատի ու ժառանգական նախատրամադրվածության մասին։
Ինչ վերաբերում է աորտայի լայնացումներին՝ կա հստակ կորելացիա, որ եթե ծնողների մոտ հայտնաբերվում է աորտայի լայնացում, 15 տոկոս դեպքերում կարող է հայտնաբերվել նաև զավակների մոտ։ Բուժառուներին խորհուրդ ենք տալիս, որ եթե ծնողների մոտ հայտնաբերվում է խնդիրը, զավակները նույնպես հետազոտվեն։
Կարևոր են նաև ռիսկի գործոնները․կառավարելի ռիսկի գործոններից է կենսակերպը, սնունդը, ավելորդ քաշը, իսկ ոչ կառավարելին ժառանգականությունը, սեռը և տարիքն է։

– Ճարպակալումը, շաքարային դիաբետը հանգեցնո՞ւմ են անոթների ախտահարման։
– Ճարպակալումն աթերոսկլերոզի առաջացման բարձր ռիսկի գործոն է։ Խոլեստերինը կուտակվում է անոթների ներսում և բերում խցանումների։ Միևնույն ժամանակ ճարպակալումը ոչ ուղղակիորեն կարող է խոսել մարդու սակավաշարժ լինելու, կենսակերպի մասին։ Ճարպակալման դեպքում բարձր է նաև վարիկոզի ռիսկը։ Մարդու ամբողջ քաշը ոտքերին է ու, այսպես ասենք, խեղճ ոտքերը տանում են ամբողջ քաշը։
Ինչ վերաբերում է շաքարային դիաբետին, հիվանդների մի մեծ խումբ ունենք, որոնց կարող ենք խմբավորել դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ խմբի մեջ։ Դիաբետը, բացի իր բոլոր կողմնակի էֆեկտներից, բերում է նաև անոթային համակարգի ախտահարման, և դրանք հիմնականում սրունքի անոթներն են։ Սա կապված է անոթի կառուցվածքի հետ․ սրունքի դեպքում անոթները մկանային տիպի են և ավելի հեշտ են խցանվում շաքարային դիաբետի դեպքում։ Ու քանի որ շաքարային դիաբետով հիվանդներն ունեն պերիֆերիկ նյարդերի ախտահարումներ, շատ դեպքերում ոտքերին, մատներին ունենալով վերքեր, ճաքեր, ուշադրություն չեն դարձնում ու դիմում են այն ժամանակ, երբ արդեն առկա է մեծ ծավալի վերք՝ գանգրենա, և երբեմն մատը կամ ամբողջ վերջույթը փրկել հնարավոր չի լինում։
– Բարձր կամ « վատ» խոլեստերինի դեպքում եթե մարդը դեղորայք օգտագործի, ապա դադարեցնի, կրկին անոթները խցանվելո՞ւ են։
– Անոթային վիրաբուժության, ինչպես նաև սրտային վիրաբուժության, սրտաբանության և նյարդաբանության մեջ հակախոլեստերինային դեղորայքն անկյունաքարային է։ Շատ հիվանդներ հետազոտությունից հետո տեսնելով, որ թվերը նորմալ են, կարծում են, որ պետք չէ խմել հակախոլեստերինային կամ արյունը ջրիկացնող դեղորայք, սակայն շատ դեպքերում այդ դեղորայքը պարտադիր է և ամբողջ կյանքի համար է։
– Եթե արյունը խիտ է, ինչպե՞ս են հարցը լուծում․ արյունը մակարդող դեղորա՞յք են օգտագործում, թե՞ անոթներն են մաքրում։
– Նախ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է թրոմբ գոյանում։ Կա երեք պատճառ՝ մակարդելիության համակարգի խնդիր, անոթի պատի վնասում, արյունատար անոթով հոսքի դանդաղում։
Եթե պատճառը դանդաղ հոսքն է՝ կարող ենք վերացնել վիրահատական միջամտությամբ, եթե անոթի պատի վնասումն է պատճառը, իհարկե, պետք է վերացնել վնասումը։ Մակարդելիության համակարգի խնդիրների դեպքում մեզ օգնության են գալիս արյունաբան կոլեգաները, պարզում խնդիրը և նշանակում համապատասխան բուժում։ Երբեմն անալիզներ հանձնելով ու որոշակի շեղումներ տեսնելով՝ շատ են կենտրոնանում, սակայն այն հնարավոր է շտկել կենսակերպով, և հասարակ լուծումներից մեկը կարող է լինել բավարար քանակի ջրի օգտագործումը, քաշի նվազեցումը։
– Եթե խոսենք բուժման եղանակների մասին, ապա ո՞ր դեպքում է տրվում վիրաբուժական լուծում և ո՞ր դեպքում է դեղորայք նշանակվում։
– Աորտայի լայնացումների դեպքում՝ լինի կրծքային թե որովայնային, ունենք ֆիքսված չափ, և այն, որպես կանոն, 5,5 սմ է, իսկ ավելիի դեպքում առաջարկում ենք վիրահատական միջամտություն՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունները, լայնացման տեսակը։ Վիրահատությունը կարող է լինել կամ բաց, կամ ներանոթային ճանապարհով։
Ինչ վերաբերում է կրծքային հատվածի լայնացումներին, եթե խոսքը զարկերակային ախտահարումների մասին է, քրոնիկ ախտահարումների դեպքում ունենք 4 փուլ։ 3-րդ և 4-րդ փուլի պարագայում, երբ հիվանդը ոտքերում ունի ցավ կամ վերքեր, վիճակ, որը սպառնում է՝ հիվանդը կարող է մնալ առանց ոտքի, առաջարկվում է վիրահատական բուժում։ 1-ին փուլի դեպքում, որպես կանոն, առաջարկվում է դեղորայքային բուժում, իսկ 2-րդ փուլի դեպքում հիվանդը կարող է քայլել 200 մետր, ունենալ ցավ, մեկ ուրիշը կարող է չսահմանափակվել 200 մետրով և ավելի շատ քայլել։ Այս պարագայում ունենում ենք անհատական մոտեցում։
Քնային զարկերակների դեպքում նյարդաբանների հետ համատեղ ենք աշխատում։ Կան դեպքեր, որ առաջարկում ենք դեղորաքային բուժում, կան դեպքեր՝ վիրահատական, ինչպես նաև՝ դինամիկ հսկողություն։
Վարիկոզի դեպքում դեղորայքային բուժումը և վիրահատական միջամտությունները համատեղվում են։
Կարող ենք ասել, որ բացի հիվանդի կյանքին կամ վերջույթներին սպառնացող վիճակներից, մնացած պարագաներում բոլոր որոշումներն անհատական են կայացվում։
– Հաճախ ասում են՝ կարևոր է անոթները մաքրել․ սա ի՞նչ է նշանակում։
– Դա միֆ է։ Մարդկանց մոտ տարածված խոսույթ կա, թե՝ բա գնամ սիստեմա ստանամ, անոթներս մաքրեմ, կամ դեղ խմեմ՝ անոթներս մաքրեմ։ Չկա նման բան։ Ոչինչ չենք կարող անել մեր ժառանգականության հետ։ Այսպես թե այնպես, առնչվելու ենք աթերոսկլերոզին։ Ընդամենը կարող ենք մեր կենսակերպով, դեղորայքով, ճիշտ ժամանակին բժշկի դիմելով՝ նվազեցնել բարդություններ ունենալու ռիսկը։
Մենք չենք բուժում հիվանդության պատճառը, բուժում ենք հիվանդության հետևանքները, այսինքն՝ բուժեցինք մեկ հետևանքը, որոշ ժամանակ հետո կարող է լինել այլ անոթի ախտահարում։ Այսինքն, բուժման լավ արդյունքի հնարավոր է հասնել հիվանդի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, այլ ճանապարհ չկա։



