ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել
Ռուսաստանից դեպի Հայաստանի մայրաքաղաք 2 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել։ Այս մասին տեղեկանում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:
Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ. մեկնման է սպասում շուրջ 14 հազար ուղևոր:
Հայաստանի ուղղությամբ չեղարկվել են «Azimuth» և «S7» ավիաընկերությունների Միներալնիե Վոդի – Երևան երկու չվերթերը։ Ուշացումով կիրականացվեն Մոսկվայից («Աերոֆլոտ»), Եկատերինբուրգից («FlyOne»), Սանկտ Պետերբուրգից («Ռոսիա») և Կրասնոդարից («Աերոֆլոտ») նախատեսված թռիչքները:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Դոնի Ռոստովում գտնվող «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» վարչական շենքին, որն իրականացնում է երկրի հարավային շրջանների թռիչքների կառավարումը։ Այս միջադեպի հետևանքով ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է, չեղարկվել են միջազգային չվերթերը Սոչիից, Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Մախաչկալայից և Վլադիկավկազից։ Ասոցիացիայում նշել են, որ առավել բարդ է իրավիճակը Սոչիում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում չվացուցակի մասշտաբային խափանումներ են գրանցվել:



