ՌԴ–ում ավելի քան 80 չվերթ է հետաձգվել, թռիչքի է սպասում շուրջ 14 հազար ուղևոր
Ռուսաստանի հարավի օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառով առնվազն 14 հազար ուղևոր սպասում է թռիչքի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ արդեն հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 80 չվերթ:
Ամենաբարդ իրավիճակը Սոչիում է, որտեղ նոր սահմանափակումները գումարվել են վերջին երկու օրվա չվացուցակի մասշտաբային խափանումներին: Ասոցիացիայում հայտարարել են, որ հետաձգված չվերթերի քանակը կարող է ավելանալ:
«Աերոֆլոտ» ավիաընկերության արտադրական և հաճախորդների սպասարկման ծառայություններն անցել են աշխատանքային ուժեղացված ռեժիմի: Միջոցառումները կապված են Ռուսաստանի հարավային օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառով չվերթերի հետաձգման և չեղարկման հետ: Այս պահին թռիչքի սպասող ուղևորներին սպասարկում է տրամադրվում ՌԴ դաշնային ավիացիոն կանոնների համաձայն:
«Ռոսիա» ավիաընկերությունը փոփոխում է չվացուցակը՝ տեղափոխելով թռիչքների ժամերը, ինչպես նաև չեղարկելով որոշ չվերթեր: Չվերթերի մի մասն ուղղորդվել են դեպի պահեստային օդանավակայաններ:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև «Պոբեդա» ավիաընկերության աշխատանքում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի այլ տարածաշրջանների օդանավակայաններից միջազգային ուղղություններով թռիչքների իրականացումը շարունակվում է:



