ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին ի՞նչ խնդիր լուծելու համար են գալիս ամերիկացիները. Գագիկ Մինասյան

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, ըստ որի՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կստեղծվի ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։

Ըստ Սպիտակ տունը լքող ԱՄՆ պետքարտուղարի՝ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության թիմը կայցելի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ՝ ամրապնդելու սահմանների անվտանգության կարողությունները, ուժեղացնելու անվտանգային համագործակցությունը և բարելավելու Հայաստանի խաղաղապահ կարողությունները Eagle Partner-ի նման զորավարժությունների միջոցով։

Կանոնադրությունը ստորագրած Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ էլ՝համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով՝ Հայաստանը մտադիր է միանալ ««Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային», որովհետև Հայաստանը նվիրված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

168 TV-ի Ռեվյու հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն առաջարկեց ստորագրված փաստաթուղթը դիտարկել Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքների, Հայաստանի Կառավարության կողմից ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անելու և Ռուսաստանից հնչեցվող կոշտ հայտարարությունների համատեքստում, որոնք բոլորն էլ մեկ խնդիր լուծելու համար են։

Կարդացեք նաև

«Խնդիրը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն են և Վրաստանում Արևմուտքի տապալումը, ինչից հետո նույն Արևմուտքի համար անհրաժեշտ է Հարավային Կովկասում Վրաստանի փոխարեն ունենալ նոր հակառուսական գոտի՝ Հայաստան»,-ասաց Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ այս փաստաթղթի հետ կապված պետք է նկատել, որ որևէ հարցի շուրջ համագործակցության համար ժամկետներ չկան մատնանշված՝ բացառությամբ երկու հարցի՝ աշխատանքը սահմանապահ և մաքսային ոլորտներում, որոնց համար սահմանված են սեղմ ժամկետներ։

«Արևմուտքը չի հրաժարվել իր պլաններից. որպեսզի Հայաստանում կարողանա կոնֆլիկտ առաջացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև, պետք է սահմանապահներ ու մաքսային աշխատողներ ուղարկի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետություն՝Հայաստան։ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանին ի՞նչ խնդիր լուծելու համար են գալիս ամերիկացիները։Սա շատ նուրբ ոլորտ է նաև Ռուսաստանի համար, ուստի ԱՄՆ-ը առաջանցիկ տեմպերով փորձում է խնդիր լուծել»,-ասաց Մինասյանը՝ ընդգծելով՝ ՀՀ Կառավարության այս քայլը բերելու է նրան, որ Հայաստանը ստիպված է լինելու դուրս գալ ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլ նաև ԵԱՏՄ-ից, քանզի ռուսական և ամերիկյան կառույցներում համատեղ աշխատել հնարավոր չի լինելու։

«Իսկ եթե ուզում են համատեղել, ապա այդ կառույցները կհամատեղվեն այնպես, ինչպես Ուկրաինայում»,-խոսքը եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս