
Ռյուտեն առաջիկա օրերին հստակություն է սպասում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հույս է հայտնել, որ Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հստակություն կլինի այն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք աշխարհի մի շարք երկրներ կկարողանան Ուկրաինային տրամադրել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։
Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ես սպասում եմ, որ վաղը կամ դրանից անմիջապես հետո կհաջողվի հստակություն ունենալ այն մասին, թե ինչ կարող ենք անել հավաքական կերպով», – հայտարարել է Մարկ Ռյուտեն սեպտեմբերի 3-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։
Ռյուտեի խոսքով՝ սա հնարավորություն կտա հասկանալու, թե ԱՄՆ-ն ինչ կցանկանար անել իր կողմից անվտանգության երաշխիքների շրջանակներում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ հանդիպումներ անցկացվեն, հատկապես պետությունների ղեկավարների մակարդակով, ապա չափազանց կարևոր կլինի նախապես հստակություն ունենալ Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցի վերաբերյալ։
«Կամեցողների կոալիցիայից» մի շարք եվրոպացի ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 4-ին, Փարիզում:
Խառը ձևաչափով՝ անձնական ներկայությամբ և տեսակապով կազմակերպված հանդիպման մասնակիցները «կքննարկեն վերջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա կատարված աշխատանքները», – ավելի վաղ հաղորդել էր BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի Փարիզում կայանալիք հանդիպմանը: