
«Այն ընտրությունը, որն այս իշխանությունը հետագայում կոչելու է «ժողովրդավար»», արդեն այսօր կեղծվում է». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Օգոստոսի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ Նիստից հետո ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որոշել են գնալ հերթական ընտրությունների, որը տեղի կունենա 2026թ. ամռանը։
Նշենք, որ մինչ այդ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, թե ՔՊ-ականները նախատեսել են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հետևաբար՝ ինչո՞ւ հենց այս պահին որոշեցին չգնալ արտահերթ ընտրությունների, ի՞նչ է նախապատրաստում իշխանությունը և ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով այս հարցի շուրջ, ասաց՝ արտահերթ ընտրությունները լրացուցիչ գործիք է, որն իշխանությունը պատրաստ է օգտագործել այն ժամանակ, երբ տեսնում է՝ ինչ-որ խնդիրներ են առաջանում հանրության շրջանում։ Նման խնդիրներ տեսնելու դեպքում, այդ գործիքն օգտագործում է ուրիշների համար խնդիրներ ստեղծելու և հանպատրաստից ընտրություններ անցկացնելու համար։
«Հիմա Փաշինյանի իշխանությունը լավ հասկանում է, որ թղթերը, որոնք ստորագրել են Վաշինգտոնում, կարող էին հանրային այնպիսի դժգոհություններ առաջացնել, որ ստիպված լիներ գնալ այդ լրացուցիչ գործիքների կիրառմանը։ Բայց երբ տեսնում է, որ այս դժգոհությունը չկա, ընդդիմությունը շարունակում է պառակտված մնալ և նույնիսկ չի կարող միավորվել ակնհայտ քայլեր անելու հնարավորության շուրջ, Փաշինյանը սկսում է իրեն հանգիստ զգալ ու հրաժարվել լրացուցիչ գործիքներ օգտագործելու մարտավարությունից։
Ինչո՞ւ գնալ արտահերթ ընտրությունների, եթե նման խնդիր իշխանությունը չունի։ Կրկնում եմ՝ հարցը պահում են իրենց օրակարգում, բայց երբ տեսնում են, որ ամեն ինչ հանգիստ է ու նորմալ, շտապելու որևէ ցանկություն չունեն»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ քաղաքագետի, այս իրավիճակում նախևառաջ ընդդիմությունը պետք է այնպես անի, որ իշխանություններն իրենց այդքան հանգիստ ու վստահ չզգան։ Նվազագույնը, իշխանության հեռացման օրակարգը պետք է մշտապես ընդդիմության օրակարգում լինի։
«Հիմա մենք տեսնում ենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն օրակարգ է բերել իմպիչմենտի հարցը, բայց հարցն առաջ չի գնում, չի զարգանում, որովհետև նույնիսկ այս հարցում ընդդիմությունը միավորվելու կարողություն չունի։ Դե, բնականաբար, եթե իշխանությունների համար ամեն ինչ այսքան հանգիստ է, իրենք պետք է պատրաստվեն հերթական ընտրությունների։ Եթե լիներ իմպիչմենտի հետ կապված գործընթացը, Արցախի հարցի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» հետ կապված զարգացումներ, վստահեցնում եմ, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների գործիքը միանշանակ օգտագործելու էր՝ հանրությանը շեղելու համար»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ այսօր միայն ընդդիմությունը պետք է իշխանություններին անհանգստություն պատճառի, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմությունը։
«Քաղաքական հայտ են ներկայացնում, բայց մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը հանրային դժգոհությունների ալիք գեներացնելու, այն առաջնորդելու, իշխանափոխություն պահանջելու կամ իմպիչմենտի գործընթաց սկսելու պոտենցիալ ունի, դրա փոխարեն պատրաստվում է ընտրությունների։ Այս պարագայում բա ի՞նչ, իշխանությունը սկսում է իրեն շատ հանգիստ զգալ ու պատրաստվել հերթական ընտրություններին։
Ընդ որում, ի տարբերություն ընդդիմության, որ խոսում է, թե մասնակցելու է և հաղթելու է, իշխանությունն այսօր արդեն սկսել է կերտել իր այդ «հաղթանակը». մի տեղում՝ ադմինիստրատիվ ռեսուրսներ ձեռք բերելով, օրինակ, ՀԷՑ-ի պարագայում, մի տեղում` ընդդիմախոսներին բանտարկելով, և այլն։
Այսինքն՝ այն ընտրությունը, որն իրենք հետագայում կոչելու են «ժողովրդավար», «ժամանակակից» և այլն, արդեն այսօր կեղծվում է։ Ընդդիմությունը ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն՝ շաբաթվա կեսն անցկացնում է դատարաններում, ինչի՞ մասին է խոսքը»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։