Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ֆավորիտ մատակարարներից մեկից հերթական գնումն է կատարել

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, սովորության համաձայն, հրատապ մեկ անձ ոչ մրցակցային գնման եղանակով տեխնիկական հսկողության ծառայություններ է պատվիրակել ԱԳԷԱ ՍՊԸ-ին։

Օրերս կնքված պայմանագրի համաձայն՝ ՍՊԸ-ն 13 միլիոն 750 հազար դրամով պետք է իրականացնի Վաղարշապատի Խորենացու անվան դպրոցի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն։

Ի դեպ, միայն այս տարի արդեն նույն ընկերության հետ Տարածքային զարգացման հիմնադրամը կնքել է 27 պայմանագիր, որից 12-ը՝ հրատապ մեկ անձ, իսկ 2-ը՝ մեկ անձ ընթացակարգերով, և պատվիրակել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում դպրոցների շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը։

Այս ընկերությունը, որը, կարծեք, տարածքային զարգացման հիմնադրամի ֆավորիտ մատակարարն է, հիմնադրվել է 2010 թվականին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։  Ընկերության 100 տոկոս սեփականատերն Արթուր Վարաժյանն է։

Կարդացեք նաև

«ԱԳԷԱ»-ն պետգնումներում հայտնվել է 2016 թվականից, սակայն մինչև 2018 թվականը չի ունեցել այն ակտիվությունը, ինչ 2018 թվականից հետո, ավելին՝ եթե այս ընկերությունից մինչև 2018 թվականը գնումները կատարվում էին բացառապես բանակցային ընթացակարգ եղանակով, ապա 2018 թվականից հետո ավելի հաճախ են նկատվում ոչ մրցակցային ընթացակարգերով գնումները՝ հրատապ մեկ անձ, մեկ անձ, գնանշման հարցում։

ՀԲՄ ընթացակարգով էլ ընկերությունից գնում է կատարվել «ՀՀ Շիրակի մարզի Բյուրակն կրթահամալիրի կառուցման» աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար, պայմանագրի գինը՝ 40 միլիոն 200.000 դրամ, «ՀՀ Շիրակի մարզի Քեթի կրթահամալիրի կառուցման» աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողության ծառայությունների համար, գինը՝ 34  միլիոն 900.000 դրամ, և այլն։

2023 թվականի հուլիսից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը տնօրինում է նախկիններից նախկին Սարգիս Բաղինյանը, որը թավշյա իրողություններից հետո դարձյալ համալրել էր գործադիր իշխանությունը, իսկ 2023 թ․-ից արդեն՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է մարզային այցերի ժամանակ։

Սարգիս Բաղինյանն աշխատել է նախ՝ Տիգրան Սարգսյանի, ապա՝ Հովիկ Աբրահամյանի հետ։

2021 թվականին նա ստանձնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս