Արդեն տուն ու աշխատանք ունեմ, միակ նպատակս մնացել է, որ աղջկաս խնամքի կենտրոնից բերեմ տուն. Վերա Նարիմանյան

2022 թվականի ամռանը շրջափակված Արցախում 6 և 3 տարեկան երեխաներին կորցրած Վերա Նարիմանյանի երազանքը վերջապես կատարվելու է՝ խնամքի կենտրոնում հայտնված 8-ամյա դստերը վերջապես կկարողանա տուն բերել։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախից բռնի տեղահանվելուց հետո Վերա Նարիմանյանն ապրում էր եղբոր հետ՝ Արարատի մարզում, իսկ 8-ամյա դուստրը՝ Զիտան, գտնվում էր Կապանի խնամքի կենտրոնում։ Պատկան մարմիններից ասել էին, որ Վերան ապրելու նորմալ պայմաններ ու աշխատանք չունի, հետևաբար՝ չեն կարող երեխային վերադարձնել։

Ամիսներ շարունակ Վերան աշխատանք է փնտրել, որպեսզի կարողանա դստեր համար ապրելու պատշաճ պայմաններ ստեղծել. հիմա նա աշխատանքը գտել է, գտել է նաև հովանավոր, ով նրա համար Արարատ քաղաքում տուն է գտել։

168.am-ի հետ զրույցում Վերան ուրախությամբ ասաց՝ շուտով միակ երեխան իր հետ կապրի։

Կարդացեք նաև

«Մարդու իրավունքների պաշտպանին դիմում ենք գրել։ Գրեթե բոլոր գերատեսչություններից եկել, տունս տեսել են, ապրելու լավագույն պայմաններ եմ ստեղծել, որպեսզի երեխան վերադառնա, ու միասին ապրենք այս տանը։ Երևանում էլ աշխատանք եմ գտել, կարողանում եմ գումար վաստակել, որ երեխայիս ապահովեմ։

Հիմա մնում է Սոցապ նախարարությունը հրաման տա, որ երեխայիս տան ինձ»,- նշեց Վերան։

Նրա խոսքով՝ այս ընթացքում դստերը չի տեսել, քանի որ աշխատանքի ու տան հարցերով է զբաղված եղել, սակայն հեռախոսազանգով խոսել է հետը՝ դուստրն էլ է ցանկություն հայտնել վերադառնալ իր մոտ, ուզում է, որ միասին ապրեն։

«Հիմա աղջիկս Սիսիանում է՝ խնամքի կենտրոնում: Աղջկաս ասել եմ, որ արդեն մեր սեփական տունն ունենք, ուրախացել էր։ Տանս պայմանները շատ լավն են, ես էլ եմ շատ ուրախացել։ Հովանավորս էլ է եկել տունս նկարահանել, բոլորին ցույց է տվել, ինքն է տունը գնել ու նվիրել ինձ։

Հիմա իմ միակ նպատակը մնացել է, որ աղջկաս բերեմ տուն, ուղարկեմ դպրոց ու միասին լինենք»,- եզրափակեց Վերա Նարիմանյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայտնվեց շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան արցախահայերի հետ՝ սովամահության, դեռ չծված երեխաների մահվան դեպքեր։

Ողբերգական հերթական լուրը, որ ցնցեց բոլորին, 2023 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցածն էր՝ Մարտակերտում մեքենայի մեջ մահացած հայտնաբերվել էին երկու մանկահասակ երեխաներ՝ Վերա Նարիմանյանի 3 և 6 տարեկան տղան և աղջիկը։

Այդ օրը Վերան Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում երկու փոքրիկներին թողել էր քնած ու ոտքով շտապել էր Մարտակերտ՝ երեխաներին սնունդ հայթայթելու համար։

Մոր դուրս գալուց հետո երեխաներն արթնացել էին և որոշել էին ոտքով գնալ մոր հետևից: Երկար քայլելուց հետո, սոված ու հոգնած երեխաները ճանապարհին կայանած մեքենան էին նստել ու հենց այնտեղ էլ քնել: Որոնումներից մի քանի ժամ հետո փոքրիկներին մահացած էին գտել մեքենայի մեջ՝ շոգից խեղդված։

Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Վերան ասել էր, որ Արցախում վերջին բանը, որ արել է՝ երեխաների շիրիմին այցելելն էր, նրանց հրաժեշտ է տվել ու դուրս եկել Արցախից։

Տեսանյութեր

Լրահոս