Զելենսկին Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին․ Ուկրաինայի և ՀՀ-ի հարաբերությունները էլ ավելի կառուցողական են դառնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ նշելով Կիևի և Երևանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը։
«Այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև կա մշտական երկխոսություն», — իր թելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։
Ըստ նրա՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Զելենսկու՝ վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Կիևա-Պեչորյան լավրայի հիմնադրման 975-ամյակի առթիվ հղած շնորհավորանքների համար՝ այդ ամսաթիվը կարևոր համարելով ամբողջ տարածաշրջանի քրիստոնյաների համար։
«Պայմանավորվել ենք նաև հետագայում կապի մեջ լինել», – հավելել է Զելենսկին։

