«Հիմա աղջիկս Սիսիանում է՝ խնամքի կենտրոնում: Աղջկաս ասել եմ, որ արդեն մեր սեփական տունն ունենք, ուրախացել էր։ Տանս պայմանները շատ լավն են, ես էլ եմ շատ ուրախացել։ Հովանավորս էլ է եկել տունս նկարահանել, բոլորին ցույց է տվել, ինքն է տունը գնել ու նվիրել ինձ։ Հիմա իմ միակ նպատակը մնացել է, որ աղջկաս բերեմ տուն, ուղարկեմ դպրոց ու միասին լինենք»,- ասաց Վերա Նարիմանյանը։
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանը պատմեց՝ նախորդ տարի իր երկու մանկահասակ երեխաների ողբերգական կորստի ցավը, մյուս կողմից՝ շրջափակված Արցախը, որտեղ հաց գտնելն անհնար էր դարձել, այլ ելք չէին թողնում, քան մեծ դստերը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կփոխվի և դստերը կվերադարձնի տուն, սակայն մինչև օրս չի հաջողվում։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Զիտան հիմա էլ Կապանի երեխաների խնամքի կենտրոնում է:
168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանն ասաց, որ իր մտքով չի էլ անցել, որ իրենից հետո երեխաները քնից կարթնանան ու իր հետևից կգնան, իսկ ճանապարհին կհոգնեն ու կայանված մեքենայի մեջ կմտնեն, կքնեն ու կմահանան։ Եթե մտածեր՝ այդպիսի ողբերգություն կլինի, երբեք չէր գնա։