«Քննիչը զանգել է ինձ ու տեղեկացրել՝ գործը կարճվել է. նախկինում նման բան լիներ՝ ընդդիմադիր Փաշինյանը կքննադատեր, հիմա անողներն իր թիմից են՝ լռում է». Մասիս Զեյնալյան

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբոր՝ Սասուն Ղուլունցի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործը դեռևս հոկտեմբերին ուղարկվել էր Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Գորիսի քննչական բաժին։ Օրերս Գորիսի քննչական բաժնից զանգահարել են Մասիս Զեյնալյանին և հայտնել, որ գործը կարճվել է։

168.amի հետ զրույցում Մասիս Զեյնալյանը մանրամասնեց, որ այլ ակնկալիքներ չուներ ՀՀ ներկայիս իրավական համակարգից, այդպես էլ պետք է լիներ ու պետք է գործը կարճվեր։

«Քննչականն այդ գործը խուլիգանական չի որակել, ու ամեն ինչ այդպես էլ ավարտվել է։ Քննիչը զանգել է ինձ ու տեղեկացրել՝ գործը կարճվել է։

Հիմա Տեղ համայնքից ֆեյսբուքյան հարթակում ինչ-որ բաներ են թույլ տվել իմ ընտանիքի նկատմամբ, չեմ լռելու, եթե հանկարծ օրենքը չգործեց, ապա ես հարցը կլուծեմ նույն ձևով։

Կարդացեք նաև

Բացի այդ, ավագանու նիստեր են եղել, բայց ինձ տեղյակ չեն պահել, ո՛չ զանգել, ո՛չ էլ էլեկտրոնային հասցեին են ուղարկել։ Ինձ բլոկել են, դրա համար չեմ տեղեկանում, թե ավագանու նիստերը երբ են լինելու, դիմել եմ մարզպետարան, մինչև հիմա երբ զանգահարում եմ մարզպետարան, ինձ միշտ պատասխանում են, թե մարզպետը ժողովի է»,- նշեց Մասիս Զեյնալյանը։

Նա վստահեցնում է՝ որևէ մեկը չի կարող ոտնահարել իր ինքնասիրությունն ու մնալ անպատասխան, ով ուզում է լինեն՝ իրենց ասածների պատասխանները պետք է տան։

«Սա՞ է Նիկոլ Փաշինյանի ասած ժողովրդավար երկիրը, եթե նախկինում նման բան լիներ՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կքննադատեր, բայց քանի որ հիմա անողներն իր թիմից են՝ լռում է։

Համայնքի ղեկավարի մորեղբոր տղան Սյունիքի մարզի դատախազն է, չեմ բացառել, որ գործը նման հանգուցալուծում կունենա։

Իսկի նախկինում նման բան չի եղել, որ իշխանություններն ինչ ցանկանան՝ անեն։ Համայնքի ղեկավարն ու իր բարեկամները քայլել են Նիկոլի հետ, դե, նույն մարդիկ ժամանակին սիրաշահում էին նախկին իշխանություններին»,- հավելեց Մ. Զեյնալյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ավագանու անդամի մանդատից զրկեն, Մասիս Զեյնալյանը պատասխանեց՝ չեն կարող։

«Հիմա իրենք բլոկել են ինձ, ես չեմ կարողանում հետևել ավագանու նիստերի ժամանակացույցին, ուստի պետք է ինձ հեռախոսազանգով կամ էլեկտրոնային փոստով ծանուցեն նիստերի ժամանակացույցերի վերաբերյալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս