Հիշողության հետքերով․ քուն, լսողություն, տեսողություն․ 3 գործոն, որոնք որոշում են մեր ուղեղի ապագան

Ե՞րբ է հիշողությունը վատանում, ի՞նչ պետք է անել՝ այն լավացնելու համար, ինչո՞ւ է զարգանում Ալցհեյմեր հիվանդությունը, այս և այլ հարցերի մասին 168TV«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանի հետ։

Մարդն ունի հիշողության զարգացման փուլեր կամ տեսակներ։ Որո՞նք են դրանք։

– Հիշողության հետ կապված խնդիրները բոլորիս հուզում են, քանի որ հիշողությունով է պայմանավորված այն փաստը, որ մենք սովորում ենք, ճանաչում, շփվում մարդկանց հետ, ու այն բոլոր հիվանդությունները, որոնք բերում են հիշողության հետ կապված խնդիրների, այսօր շատ ակտուալ են, ու բոլորը ցանկանում են դրանց մասին խոսել։

Կարդացեք նաև

Հիմնական հիվանդությունները, որոնք հանգեցնում են հիշողության հետ կապված խնդիրների՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են․ Ալցհեյմեր, դեմենցիայի տեսակներ։ Դրանք քրոնիկ հիվանդություններ են, որոնք բերում են վաղաժամ հաշմանդամության և, ցավոք, համարվում են անբուժելի։

Հիմնականում այս հիվանդություններն ախտահարում են բարձրագույն կեղևային ֆունկցիաները, մեր կոգնիտիվ-ճանաչողական ֆունկցիաները, որոնց մեջ մտնում են հիշողությունը, խոսքը, գիտակցությունը, լեզուն, մարդկանց ճանաչելու, բարդ խնդիրներ լուծելու ունակությունը, և երբ այս ֆունկցիաները տուժում են, մարդը կորցնում է իր ինքնությունը, եսը։

Բոլորը կարող են գալ ու բողոքել հիշողության հետ կապված խնդիրներից։ Միշտ չէ, որ հիշողության խանգարումն Ալցհեյմերի հիվանդություն է։ Երբեմն հարցնում են՝ ունենք մոռացկոտություն, դա լա՞վ է, թե՞ վատ։ Կան դեպքեր, որ լավ է, որովհետև մեր ուղեղը սելեկտիվ է և ընտրում է, թե որ ինֆորմացիան է անհրաժեշտ պահպանել մեր երկարատև հիշողության մեջ, իսկ որը՝ ջնջել։

Պատկերացնո՞ւմ եք, այսօր՝ 21-րդ դարում, բոլորս օգտվում ենք բաց աղբյուրներից, կարող ենք ամեն ինչ կարդալ, բայց այդ ամենը հնարավոր չէ լսել։ Մեր ուղեղն այնպես է դասավորված, որ թույլ չի տալիս, որ ոչ պետքական ինֆորմացիան մնա մեր հիշողության մեջ։

– Մարդիկ կան, ովքեր չեն հիշում իրենց հարազատների դեմքերը կամ վայրերը, որտեղ այցելել են փոքր տարիքում։ Սա ի՞նչ է։ Ուղեղը ֆիլտրե՞լ է։

– Իրականում, որպեսզի մենք հիշենք որևէ երևույթ, այն մեզ պետք է հուզի․ էմոցիա պետք է լինի։ Մենք հիշում ենք այն երևույթները, որտեղ կա էմոցիա, վախ, մեր անձի հետ կապված հետաքրքրաշարժ երևույթ։ Այլ դեպքերում հիշողությունը հիմնականում կարող է ջնջել։ Իրականում կան երևույթներ, որոնք կարող են ուժեղացնել հիշողությունը։

Նշեցիք, որ չի հիշում դեմքերը, բայց կարող է ինչ-որ երաժշտության կամ ծանոթ հոտի դեպքում այդ հիշողությունը վերադառնալ։

Դա կոչվում է էմոցիոնալ հիշողություն, որի կենտրոնները շատ ավելի խորն են գտնվում գլխուղեղում։

Ո՞ր տարիքից սկսած է մարդն ունակ հիշել ինչ-որ բան։

– Ասում են, որ ինքնակենսագրական հիշողությունը սկսվում է 3-4 տարեկան հասակում։

Գոյություն ունի նաև կեղծ հիշողություն։

– Այո, դա պարամնեզիաներին է պատկանում։ Սա այն երևույթն է, երբ գլխուղեղը ոչ թե կորցնում է  հիշողությունը, այլ ձևավորում է կեղծ, խեղաթյուրված հիշողություն։ Լսած կլինեք դեժավյուի, կոնֆաբուլյացիայի մասին։ Օրինակ, կոնֆաբուլյացիայի ժամանակ հիվանդները ստեղծում են  հիշողություն, լրացնում են հիշողության բացը և պատմում են մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։

Հիվանդին երբ հարցնեք, թե հիվանդանոցում ինչ են նախաճաշել, կասի, որ առավոտյան արթնացավ, գնաց աշխատանքի, հանդիպեց կոլեգաներին, սրճեցին, բայց իրականում նա գտնվում էր հիվանդանոցում։ Կոնֆաբուլյացիան կարող  է հանդիպել վիտամին B1-ի դեֆիցիտի դեպքում, ալկոհոլիկների մոտ, թերսնուցման, Ալցհեյմերի ժամանակ։

Շատ կարևոր է, որ կոնֆաբուլյացիան կարողանան տարբերել իրական ստից, որովհետև կարող  են հորինել ինչ-որ մի բան։

– Դեժավյուի էֆեկտից խոսեցիք բոլորի մոտ էլ պատահում է, որ ինչ-որ մի իրավիճակ է լինում, ու դու հանգուցալուծումը գիտես։ Կամ գիտես, թե դիմացի մարդն ի՞նչ է ասելու։ Սա ի՞նչ է։

Կա սոցիալական ինտելեկտ, որը նույնպես համարվում է կոգնիտիվ-ճանաչողական լուրջ հմտություն։ Մենք հասկանում ենք մեր դիմացինի հույզերը, կարողանում ենք կանխագուշակել, թե ինքն ի՞նչ գործողություններ կանի, ի՞նչ լոգիկա ունի։ Հետևաբար՝ դա ոչ թե դեժավյու է, այլ  բարձրագույն կեղևային ֆունկցիայից է։

Այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ թվում է՝ այդ իրավիճակն էլի եղել է։

– Դա պարամնեզիայի տեսակ է։  Գիտակցությունը կառուցում է  ինչ-որ մի նոր բան, որն իրականում չի եղել։

Ասացիք, որ հոտն ու հիշողությունն իրար հետ կապ ունեն։ Հոտը կարո՞ղ է լավացնել հիշողությունը։

– Հոտը ոչ թե լավացնում, այլ արթնացնում է հիշողություններ, քանի որ ավելի խորն է  պահպանվում գլխուղեղի կառույցներում, որոնք պատասխանատու են մեր էմոցիաների համար և նրանք կարող  են արթնացնել հիշողություն, որը լուրջ ջանքի դեպքում անգամ չէինք կարող հետ բերել։

Անգամ Ալցհեյմերով հիվանդները երբ զգում են իրենց ծանոթ հոտը կամ երիտասարդ ժամանակ իրենց սիրած երաժշտությունը, կարող են արձագանքել։

– Կա՞ն բույրեր, որոնք լավացնում են հիշողությունը։

– Կախված է նրանից, թե այդ բույրն ինչ էմոցիա է  ձեզ մոտ առաջացրել։ Գուցե սիրել եք այդ բույրը, ու մնացել է ձեր ենթագիտակցության մեջ։

Հաճախ նշում են, որ դեպրեսիան, սթրեսը նույնպես հիշողության վատացման պատճառ են հանդիսանում։  

– Այո, դեպրեսիան, սթրեսը կարող են բերել հիշողության խանգարումների, և  նշեմ, որ կա փսիխոգեն ամնեզիա, որը կարող  է առաջանալ ծանր սթրեսներից հետո, երբ անհատը չի կարողանում հիշել այդ երևույթի հետ կապված իրադարձությունները։ Կարող են իր հիշողությունից ամբողջությամբ հանել այդ դրվագը։ Քրոնիկ սթրեսը կարող  է բերել հիշողության հետ կապված խնդիրների։ Ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլորս ունենք լարվածություն, անքնություն, որը կարող  է բերել, այսպես կոչված, սուբյեկտիվ կոգնիտիվ խանգարումների։ Կարող են նշել, որ ցրված են, ունեն հիշողության խանգարում, բայց երբ կատարում ենք օբյեկտիվ հետազոտություն, հասկանում ենք, որ խնդիր դեռևս չկա։

Եթե սուր սթրես է, մարդիկ ավելի լավ են վերականգնում հիշողությունը, բայց, եթե դառնում է  քրոնիկ, ապա նշեմ, որ սթրեսը կապված է շատ նեյրոմեդիատորային համակարգերի հետ, ու, երբ սթրեսի ժամանակ կորտիզոլի մակարդակը բարձրանում է, բերում է  նեյրոմեդիատորային, հորմոնալ խանգարումների։ Եվ եթե երկար է տևում, կարող են դրան միանալ սոմատիկ հիվանդություններ՝ բացի հիշողության խանգարումը։

Մեր օրերում շատ են օգտագործում հակադեպրեսանտներ, սա կարո՞ղ  է հանգեցնել հիշողության վատացման։

– Բոլոր հակադեպրեսանտները համարվում են նեյրոմեդիատորների վրա ազդող նյութեր, ուստի պետք է դեղորայքը կիրառել ըստ ցուցման։ Ամեն ինչ պետք է օգտագործվի ժամանակին, տեղին և նշանակվի համապատասխան մասնագետի կողմից։

Հեռախոսներն ու սոցիալական ցանցերը որքանո՞վ են վատացնում հիշողությունը։

– Այսօր մարդիկ հրաժարվել են գրից, համարյա գրիչ չեն օգտագործում, փոխարենը՝ ձեռքը զբաղված է հեռախոսով, համակարգչով։ Ապացուցված է, երբ մարդ գրում է, ակտիվանում է նրա խոսքի կենտրոնը։

Կա այսպիսի գիտություն, կոչվում է կալիգրաֆիա, և համաձայն հետազոտության՝ այն մարդիկ, ովքեր անընդհատ գրում են, նրանց մոտ կոգնիտիվ խանգարումներ հազվադեպ են լինում։ Կան մարդիկ, ովքեր հիշողությունից չեն գանգատվում, բայց երբ ասում ես, որ իրենց անուն-ազգանունը գրեն, կարող  են դժվարանալ գրել, ու 1-2 տարի հետո կարող են առաջանալ խոսքի խանգարումներ։

Երեխաներն այսօր ունեն հիշողության խնդիր` անգիր, պատմել չեն կարողանում։ Սա հենց սոցիալական ցանցերի ազդեցության հետևանքո՞վ է։

– Ոչ միայն․ կա կարճատև և երկարատև հիշողություն։ Կարճատև հիշողությունը տևում է վայրկյաններից մինչև մի քանի րոպե։ Օրինակ, մեզ ասում են հեռախոսի համար, մինչև գրի առնելը դա կարճատև հիշողությունն է, հետո մոռանում ենք։ Իսկ երկարատև հիշողությունը կարող է պահպանվել տարիներ, անգամ ամբողջ կյանքի ընթացքում։ Կա սոմատիկ հիշողություն, որը հիմնված է մեր գիտելիքների, փորձի, փաստերի վրա։ Դա մեր մասնագիտական հիշողությունն է։

Կա պրոցեդուրալ հիշողություն, երբ լողում կամ ավտոմեքենա, հեծանիվ ենք վարում, դրա մասին չենք մտածում, ակամայից անում ենք։ Հետևաբար, երբ երեխան անգիրը չի հիշում, ուրեմն ինչ-որ փուլեր չի անցնում. Առաջինը՝ երեխաները հիմա լավ չեն քնում, իսկ այն շատ կարևոր է հիշողության համար։ Կա, այսպես կոչված, քնի դանդաղ փուլ, որտեղ կարճատև հիշողությունից երկարատև հիշողություն է  անցնում այն ինֆորմացիան,  որը ստացել ենք օրվա ընթացքում։

Դանդաղալիքային քնի ընթացքում է, որ մեր ուղեղը մաքրում է  այն բոլոր նյութափոխանակային արգասիքները, որոնք կուտակվել են մեր ուղեղում՝ նաև բետա-ամիլոիդը և տաու սպիտակուցը, որոնք կուտակվելով նյարդային բջիջում՝ առաջացնում են Ալցհեյմեր։ Հետևաբար՝ կարևոր է այն, թե ի՞նչ ինֆորմացիա ենք մենք ստանում։

Կոգնիտիվ ֆունկցիաները զարգացնելու համար պետք է ունենալ լավ կոգնիտիվ պաշար։ Դրան նպաստում է ընթերցանությունը, արտագրությունը, սպորտով զբաղվելը, հետաքրքիր, օգտակար հոբբիներ ունենալը։ Հեռախոսը ծուլացնում է, նայում ենք կարճ ռիլեր, որոնք տևում են 15-20 վրկ, որը մեզ ինֆորմացիա չի տալիս։ Եթե հարցնեն, թե որն էր ռիլի իմաստը, երբևէ չեն կարող բացատրել։ Եթե չեն կարողանում բացատրել, ուրեմն չեն հիշում։

– Ինչո՞ւ են ասում, որ տարիքի հետ հիշողությունը վատանում է չկա՞ն մարդիկ, որ 90 տարեկանում լավ էլ հիշողություն ունեն։

– Համաձայն եմ, անձնագրային տարիքը երբեք պետք չէ հավասարեցնել կոգնիտիվ ֆունկցիաների հետ։ Կարելի է  հանդիպել 70 տարեկանի, ով ամեն ինչ շատ լավ հիշում է, և 30 տարեկանի, ով հոգնած է, լավ չի հիշում, չի կարողանում աշխատել։

Հետևաբար, մեր ուղեղը կարող  է աշխատել և դա կախված չէ մեր անձնագրային տարիքից։

– Ո՞ր տարիքում է զարգանում Ալցհեյմերը, և ինչի՞ հետ է դա կապված։

– Ալցհեյմերը հաճախ հանդիպող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։ Հիմնականը բետա-ամիլոիդի և տաու սպիտակուցների կուտակումն է նեյրոնների բջիջներում, որը բերում է նեյրոնների մահվանը և նյարդային կապերի խաթարմանը։ Եվ ամենաառաջին սիմպտոմներից մեկը հիշողության հետ կապված խնդիրն է։ Առաջին փուլում հիվանդները կարող են մոռանալ վերջին ժամանակներում կատարված իրադարձությունները, մոռանան, թե առավոտյան ո՞ւմ հետ են զրուցել, առարկան որտե՞ղ են դրել։ Կարող են նաև մեկ հարցը մի քանի անգամ կրկնել։

Բայց հետաքրքիր է, որ նրանք շատ լավ հիշում են անցյալում կատարված իրադարձությունները. կարող են մանրակրկիտ պատմել իրենց ուսանողական, բանակային տարիներից, բայց չհիշեն, թե մեկ ժամ առաջ ի՞նչ հարց են տվել իրենց հարազատին։ Ալցհեյմերը կարող ենք բնորոշել այսպես․ հիվանդները շատ լավ հիշում են իրենց մանկության տունը, բայց չեն կարողանում հիշել այսօր իրենց խոհանոցի վայրը։ Հիշողությունից բացի, հիվանդության պրոգրեսիային զուգընթաց՝ տուժում են վարքագիծը, սոցիումում նրանց ադապտացվելու ունակությունը, հարցեր լուծելու կարողությունը։ Նրանք ավելի կախյալ են դառնում իրենց շրջապատից, ընտանիքից։

Մենք կարող ենք կատարել ՄՌՏ հետազոտություն և խնդիր չտեսնենք։ Կան հետազոտություններ, որոնք կարող են ստուգվել արյան, ողնուղեղային հեղուկի միջոցով, և վերը նշված  պաթոլոգիական սպիտակուցները  կարող են հայտնաբերվել ողնուղեղային հեղուկում։ Բայց դա միանշանակ չէ։ Մարդը կարող է ողնուղեղային հեղուկում ունենալ բիոմարկերներ, բայց չզարգանա Ալցհեյմեր։ Հետևաբար, երբ մենք տեսնում ենք հիվանդությունը, դնում ենք կլինիկական ախտորոշում։

Ո՞ր տարիքից է զարգանում հիվանդությունը։

– Հիվանդությունը չի սկսվում այն օրը, երբ հիվանդի մոտ առաջանում են հիշողության խանգարումներ։ Սկսվում է  շատ ավելի վաղ՝ 30, 40 տարեկանում, և հասնում է  ինչ-որ մի էտապի ու սկսում է  կլինիկորեն արտահայտվել։

Երիտասարդ տարիքում պետք է ուշադրություն դարձնեն ապրելակերպին, սնունդին։ Կարևոր է, որ և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր, և՛ սոցիալապես լինեն ակտիվ։ Կարևոր է, որ մարդը հոգ տանի իր մասին։ Խոսեցինք Ալցհեյմերի մասին, բայց անոթային խնդիրները, ինսուլտը, արյան շրջանառության քրոնիկ խանգարումը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, վիտամին B12-ի պակասը նույնպես կարող են բերել հիշողության խանգարման։ Այս ամենը պետք է բացառենք, նոր ասենք, որ հիվանդն ունի Ալցհեյմերի հիվանդություն։

– Հիշողությունը միշտ վառ պահելու, լավացնելու համար կա՞ հատուկ սնունդ, որ կարելի է օգտագործել, և արդյո՞ք ճիշտ է մագնեզիումի, երկաթի կիրառումը՝ լավ հիշողություն ունենալու համար։

– Կարծում եմ, որ հիշողությունը կարող ենք մարզել սովորելով, կարդալով, անընդհատ մեր ուղեղը սթրեսի ենթարկելով, նոր վայրերում լինելով, նոր մարդկանց հետ շփվելով։ Չեմ կարող ասել, որ ինչ-որ մի վիտամին լավացնում է մեր հիշողությունը։ Որպեսզի մեր հիշողությունը լավանա՝ պետք է ջանք գործադրենք, աշխատենք այդ ուղղությամբ։ Մեր այսօրվա կյանքում կան գործոններ, որոնք կարող են վատթարացնել մեր հիշողությունը, բայց երբ այդ գործոնները հեռացնենք՝ հիշողությունը կարող  է վերականգնվել։

Բա ինչո՞ւ են երեխաներին ասում՝ մեղր կեր, որ հիշողությունդ լավ լինի։

Մեղրը շատ լավ հակաօքսիդանտ է, պետք է ուտել, բայց չեմ կարող ասել, որ հիշողությունը լավանալու է։

Նշեմ, որ կան գործոններ, որոնք կարող են ազդել մեր ուղեղի առողջության վրա, բայց շատ հաճախ դրանք թերագնահատված են։ Բոլորը, որպես ռիսկի գործոն, խոսում են տարիքի, ժառանգականության մասին, բայց քիչ են մտածում այն մասին, որ քունը շատ օգտակար է, ինչպես նաև լսողությունը և տեսողությունը։ Քնի ժամանակ ակտիվանում է գլիմֆատիկ համակարգը, որը ուղեղը մաքրում է  նյութափոխանակության արգասիքներից, սպիտակուցներից։

Լսողությունը նույնպես շատ կարևոր գործոն է, որովհետև եթե նորմալ չենք լսում՝ ճիշտ ինֆորմացիա չենք կարող ստանալ։ Եվ, եթե չի ստացել ճիշտ ինֆորմացիա, չի կարող ճիշտ մշակել։ Լսողության խանգարման դեպքում մարդը կարող  է սոցիալապես մեկուսանալ, չցանկանալ խոսել, և սա նույնպես կարող  է բերել կոգնիտիվ ֆունկցիաների անկմանը։ Նույնը վերաբերում է տեսողությանը։

Տեսողությունը մեր հիմնական զգայական օրգանն է, որի միջոցով ստանում ենք մեր շրջապատից ամենամեծ ինֆորմացիան։ Հետևաբար, եթե կան տեսողության հիվանդություններ՝ շրջապատից ինֆորմացիա չեն ստանում, իսկ եթե չկա ինֆորմացիա, չենք կարող ակնկալել, որ կարող են պահպանված լինել կոգնիտիվ ֆունկցիաները։ Հետևաբար՝ շատ կարևոր են այս երեք գործոնները, որոնք անտեսված են. քունը, լսողությունը, տեսողությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31