Ինչո՞ւ է Փաշինյանի «կառուցողականությանն» ալիևյան քարոզչությունը պատասխանում հարձակումներով
Փաշինյանի պատասխան հարցազրույցն Իլհամ Ալիևին լայնորեն քննարկվում է ոչ միայն Հայաստանում, այլև ադրբեջանական մամուլում։ Այս անգամ Փաշինյանի հարցազրույցը հայտնվել է Ադրբեջանի իշխանությունների գլխավոր քարոզչական ռեսուրսների թիրախում։ Մինչ Փաշինյանն իր հարցազրույցում ըստ էության փորձում է «կառուցողականություն» դրսևորել ալիևյան բոլոր քմահաճ պահանջների հարցում, դրանով իսկ հարուցելով հայաստանյան հանրության սուր քննադատությունը, Ադրբեջանում ևս այն լայն քննադատությունների առարկա է դարձել։ Սակայն այս դեպքում արդեն խնդիրը Նիկոլ Փաշինյանի այս կամ այն թեզը չէ, COP29-ից հետո գործ ունենք կարծես միտումնավոր հրահրվող ատելության մթնոլորտի, թշնամական բառապաշարի հետ հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ների գլխագրերում։ Սա, իհարկե, նորություն չէ, սակայն առանցքային հանգամանք է։ Ադրբեջանը, որն իբրև թե Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագիր է բանակցում, անընդհատ նորանոր պահանջներ դնում Հայաստանի առջև, ատելության արշավ է իրականացնում քարոզչական բոլոր հարթակներով։
Նույնիսկ փորձ է արվում իրավիճակը նմանեցնել 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակաշրջանին, փորձ է արվում զուգահեռներ տանել և պաշտոնական Երևանին ներկայացնել ապակառուցողական, թեև ՀՀ իշխանությունները գրեթե բոլոր պահանջների հարցում համաձայնության գալու պատրաստակամություն են հայտնում։ Սա արվում է միանգամից մի քանի առաջատար լրատվամիջոցներով։ Հայաստանյան հանրության ճնշող մեծամասնությունը տեսնում է, որ սա՝ ատելության խոսքի նման չափաբաժինը, ամենևին էլ խաղաղության հաստատմանը նախորդող ժամանակաշրջան չէ, թշնամական խոսքի անընդհատ գեներացման նպատակը չի կարող լինել խաղաղությունը։
168․am-ի հետ զրույցում, գնահատելով ռեգիոնալ իրավիճակը, ներկայումս ընթացող ակտիվ քարոզչությունը, եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ, ըստ էության, հակամարտությունը կարգավորված չէ, երբ բոլոր հարցերը կողմերի միջև կարգավորված չեն։ Ըստ նրա, կարծես շատ բարդ հարցեր մնացել են անցյալում, սակայն շատ հարցեր էլ մնացել են, և կոնֆլիկտը լիովին սպառված չէ։
«Սա էլ նշանակում է, որ կողմերը շարունակում են բանակցել, ինչի մաս են կազմում ոչ միայն ավանդական բանակցությունները, դիվանագիտությունը, զսպման գործիքները, անվտանգության բաղադրիչը, այլև քարոզչությունը, որի նպատակը որոշակի հարցեր լուծելն է կամ դրանց լուծման համար անհրաժեշտ ֆոն ապահովելը, հակառակորդին ճնշելը և այլն։ Իրականում սա ներկայիս աշխարհում ամենահզոր գործիքներից ու զենքերից մեկն է։ Ներկայումս այս գործիքն ակտիվ օգտագործվում է բոլոր հակամարտություններում, դա ներկայիս պատերազմների ու գործընթացների անբաժանելի մասն է, քանի որ հնարավորինս քիչ ռեսուրսների գործադրմամբ ահռելի խնդիրներ է լուծում հանրային ընկալումներում։ Ուստի հարավկովկասյան ռեգիոնում ևս ակտիվ գործի է դրվում քարոզչությունը։ Այսպիսի բան կա՝ քարոզչություն անհրաժեշտ չէ, երբ չկա հակամարտություն և երբ կա քարոզչություն, բարդ է տեսնել խաղաղության կամ հակամարտության կարգավորման հեռանկարները։ Հենց այդ պատճառով հակամարտությունների կարգավորման գործընթացների մաս են դարձնում հռետորաբանության վերահսկողությունը և ռազմատենչ, թշնամական հռետորաբանության բացառումը։
Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում գործ ունենք առանձնահատուկ իրավիճակի հետ, որտեղ ևս նախկին տասնամյակների ընդունված կարգը, բանակցային ձևաչափը փլվել է, և այս փուլում ոչինչ հստակ չէ, չկան կանոններ, բանակցությունները չունեն հստակ պարբերականություն, ծրագիր և այլն»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ Սյուզան Ստյուարտի, ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման մասին խոսակցությունը ևս փոխկապակցված է այս թեմային, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի դադարեցումից հետո նման երևույթներն ավելի անվերահսկելի դարձան։
«Միջնորդի, առավել ևս՝ միջազգային միջնորդական ձևաչափի առկայությունը հակամարտության դեպքում կարևոր գործոն է դառնում։ Թեև պետք է նաև նշել, որ ՄԽ-ն, ի վերջո, չդարձավ այն հարթակը, որտեղ կողմերը խաղաղ համաձայնության հասնեն, մշտապես կար դժգոհություն այդ հարթակից կամ կային տարաձայնություններ համանախագահ երկրների միջև։ Ամեն բան հասավ նրան, որ այս աշխարհակարգի պայմաններում համանախագահները հենց հրաժարվեցին միմյանց հետ աշխատելուց»,- ասաց փորձագետը։
Սյուզան Ստյուարտի կարծիքով, Արևմուտքը պետք է կարողանա ավելի մեծ ճկունություն ցուցաբերել Հարավային Կովկասում։
Նրա կարծիքով, խոսքը վերաբերում է թե Երևան-Բաքու գործընթացին, թե վրացական զարգացումներին։
«Արևմուտքը, ռուսական ազդեցությամբ պայմանավորված, այդ ռեգիոնում բարդ սցենարների է բախվել, և այստեղ ավելի ինտենսիվ աշխատանքի կարիք կա։ Սակայն բոլորն աշխատում են՝ ուշադրությունը բևեռելով մի քանի ռեգիոնի ուղղությամբ, խոսքն Ուկրաինայի ու Մերձավոր Արևելքի մասին է։ Թեև Հարավային Կովկասը փոքր ռեգիոն է, բայց այստեղ խնդիրները բարդ են ու երբեմն ոչ հեշտ հաղթահարելի։ Բացի այդ, շուտով նախագահությունը կսկսի Թրամփի վարչակազմը՝ փոփոխություններ բերելով Արևմուտքի ներսում, Ուկրաինայի հարցում և վստահաբար՝ այլ ռեգիոններում։ Այսինքն՝ մենք դեռ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում լինելու ենք անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում։ Սա նշանակում է որոշակի անորոշություն և անկայունություն նաև Երևանի ու Բաքվի համար, ինչպես նաև բանակցային գործընթացում, որն այսօր նույնիսկ չկա էլ»,- նկատեց նա։