
Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով Sport24-ին։
«Խաղացողի կամ ակումբի պաշտոնյայի կողմից ատելություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև անհատի կամ անձանց խմբի արժանապատվության նվաստացումը սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնական պատկանելության կամ որևէ սոցիալական խմբի պատկանելության հիման վրա, որոնք կատարվել են հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի (այդ թվում՝ համացանցի) միջոցով, պատժվում են մեղավոր խաղացողի կամ ակումբի պաշտոնյայի որակազրկմամբ մինչև 10 խաղով և տուգանքով՝ համաձայն սույն կանոնակարգի 1-ին հավելվածի 44-րդ կետի»,- նշված է Ռուսաստանի ֆուտբոլային միության կանոնակարգում։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ կայացած տնային խաղում (2։0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Սպերցյանի ծնոտին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում սենեգալցին մեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ։