Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանեց այլ փոխշահավետ գործարքով. Փաշինյանը կարող է Ադրբեջանի դատախազության նախաձեռնությանը դրական ազդակներ ուղարկել

Նոյեմբերի 13-ին խորհրդարանում, անդրադառնալով Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և Ալիևի հետ զրույցին, Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր.

«Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»:

Ընդ որում, Փաշինյանը նշված ռազմավարական գործարքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ, որը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա։

168.amգրել էր՝ այսօրվա Հայաստանի հետ դասական ռազմավարական գործարք հնարավոր չէ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն Ալիևին առաջարկել էր կնքել երկկողմ համաձայնագրեր հետաքննության մեխանիզմների ձևավորման, սպառազինության վերահսկման, ինչպես նաև չհարձակման պայմանագիր: Եվ այս բոլոր առաջարկներն Ադրբեջանը թողել էր անպատասխան, իսկ զորքի հայելային հետքաշման հայկական կողմի առաջարկը մերժել էր:

Եվ հիմա Ալիևը որոշել է ռազմավարական գործարք կնքելու Փաշինյանի առաջարկին պատասխանել մեկ այլ գործարք-առաջարկով: Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության», – նշվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Նշենք, որ դեռ հոկտեմբերին Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, «պետք է» դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին», այն համարելով երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը: Այսինքն, Ալիևը Փաշինյանի գործարքի առաջարկին պատասխանում է գործարքով, որը գուցե փոխշահավետ է երկուստեք:

168.amի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության հիմքում դրված է այդ երկրի քաղաքականությունը, որի համաձայն՝ նա պլանավորված փորձելու է ստանալ ժամանակին հրապարակած իր «սև ցուցակում» ներառված մարդկանց, որոնք մասնակցել են ղարաբաղյան շարժմանը, Արցախյան առաջին ազատամարտին, հաղթանակի ապահովմանն ու կերտմանը, պետություն են ստեղծել:

«Այսօրվա դրությամբ՝ հասկանալով, որ իրենք էթնիկ զտումներ են արել, ցեղասպանական գործողություններ իրականացրել, և այդ մարդկանց մի մասը գտնվում է ՀՀ տարածքում, իրենք հիմա կոչ են անում՝ եկեք համագործակցենք, և այդ մարդկանց տվեք մեզ, որ մենք մեր դատերն անենք: Այստեղ երկու նպատակ կա: Մի կողմից՝ իրենք շատ լավ հասկանում են, որ սա հնարավորություն է ավելի ձգձգելու պրոցեսը և ապագայում էլ օգտագործելու, թե Հայաստանն ինչ-որ մեկի հետ կապված չի համագործակցել, ուստի ի՞նչ խաղաղության պայմանագիր։ Այսինքն, առիթ է՝ մեղքը գցելու հայկական կողմի վրա: Եվ երկրորդ, եթե կստացվի, ապա ՀՀ գործող իշխանությունները կարող են շատ մարդկանց հանձնել Ադրբեջանին՝ իրենց համար գլխացավանքից ազատվելու համար, որ կարողանան այստեղ իրենց իշխանությունը հավերժացնել: Բնականաբար, այս հայտարարությունը միայն սա է հետապնդելու:

Իսկ միջազգային հանրությանն էլ կասեն, թե՝ տեսեք, մենք ինչ բարի կամք ենք դրսևորել՝ մենք ամեն ինչ ուզում ենք օրենքով անենք, հայկական կողմն է մեղավոր:

Պետք է նշել, որ Ադրբեջանի այս հայտարարության հիմքում չկա խաղաղության գնալու նպատակ, սա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կողմից հերթական ագրեսիայի դրսևորում, ճնշման գործիքների բանեցում, իսկ այսօրվա ՀՀ ղեկավարությունը, ցավոք սրտի, կարող է մի փոքր շահ գտնել սրա մեջ և այստեղից ինչ-որ անուններով մարդկանց փորձել Ադրբեջանին փոխանցել՝ իշխանությունը պահելու իմաստով: Իսկ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու»,- մանրամասնեց նա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ էլ՝ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ ունեցած տարբեր քաղաքական պայմանավորվածությունների  հետևանքով, ըստ էության, նպաստել է ադրբեջանական օրակարգի սպասարկմանը և շահերի ներկայացմանը՝ անկախ նրանից, թե դրա տակ խաղաղության դարաշրջա՞ն, «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ մեկ այլ բան կներկայացվի:

«Այսինքն, ակնհայտորեն ՀՀ իշխանությունն Ադրբեջանի քաղաքական պահանջները տարբեր ժամանակահատվածներում տարբեր ձևերով իրականացրել է:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանի դատախազության առաջարկին, ապա դա մի կողմից՝ կատարյալ զավեշտ է, ցնդաբանություն, ադրբեջանական շանտաժի էլեմենտներ պարունակող նախաձեռնություն, մյուս կողմից՝ ՀՀ գործող իշխանությունների դեպքում որևէ բան չես կարող բացառել, հաշվի առնելով այն պատրաստակամությունը, որ դրսևորում է ՀՀ իշխանությունն ադրբեջանական նախապայմանների իրացման մասով: Եվ որևէ մեկը մեր երկրում չի կարող բացառել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա՝ որոշ կոմպոնենտների մասով ՀՀ իշխանությունը կարող է ադրբեջանական նախաձեռնությանը որոշակի դրական ազդակներով արձագանքել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ 168.am-ն անդրադառնալով Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հետաքննության մեխանիզմների ձևավորման երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկին, որտեղ Փաշինյանը նշել էր, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ, և, որ սա աշխատող տարբերակ է, գրել էր, որ պատրաստ է Ալիևի ձեռքը «հանձնել» ռազմական արդարադատությունը, իսկ սպառազինության վերահսկման երկկողմ համաձայնագրի առաջարկը լեգիտիմ հիմք տվեց, որ Ադրբեջանը պահանջի ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումների կիրառում, որին, ըստ էության, Փաշինյանը դեմ չէ: Այնպես որ, իրապես, շատ հավանական է, որ, ինչպես արդեն նշեցինք, ադրբեջանական դատախազության առաջարկը փոխշահավետ գործարք է:

Տեսանյութեր

Լրահոս